VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգեւորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երեւանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, եւ իշխանական թիմի ու նրա միջեւ խոր թշնամական հարաբերություններ են։ Եթե իշխանությունների վիճակն այսքան օրհասական չլիներ, նրանք առաջինը կնախաձեռնեին Երեւանի քաղաքապետի եւ Երեւանի ավագանու նոր ընտրություններ, սակայն այս փուլում դա հնարավոր չէ։ Արտահերթից առաջ մի փորձ արվել է նրան հեռացնելու՝ Փաշինյանն առաջարկել է դիմում գրել-գնալ, Մարությանը դիմադրել է։ Հիմա եկել է թիմի համար աշխատելու փուլը, քաղաքապետը որոշել է ընտրություններից ձեռքերը լվանալ՝ ոչնչով չմասնակցել քարոզարշավին, չաշխատել իշխանության համար։ Մենք տեղեկացանք, որ հունիսի 7-ին՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը, նա աշխատանքային այց է ծրագրել Դոնի Ռոստով։ Գործուղման կարգադրությունը դեռ հրապարակված չէ, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցը կլինի եռօրյա կամ քառօրյա․ հիշեցնենք, որ քարոզարշավն ընդամենը 12 օր է տեւելու։ Մարությանի հետ Դոնի Ռոստով կգործուղվեն նաեւ փոխքաղաքապետերից մեկը եւ աշխատակազմից ներկայացուցիչներ։ Իսկ ավագանու անդամներ կարծես թե ընդգրկված չեն պատվիրակության կազմում։ 4 օր գործուղում, մնացած 6-7 օրն էլ մի բան կմտածի, մինչեւ կավարտվեն ընտրությունները։ Սակայն, բոլոր դեպքերում, Հայկ Մարությանի պաշտոնավարմանը երկար չի մնացել՝ նա հեռանալու է, եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, եւ հեռանալու է, եթե չվերարտադրվի»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ԲՀԿ-ն լքած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որոշ տեղեկություններով, ամեն ինչ անում է իշխանական ճամբարում հանգրվանելու եւ ընտրացուցակ մտնելու համար։ Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին․ մեր հարցին Բագրատյանը երեկ ուշագրավ պատասխան տվեց. «Ես մասնակցության հայտ ներկայացրել եմ, բայց դեռեւս որոշում չի կայացվել, երբ կկայացվի, բոլորս էլ կտեսնենք՝ որ ցուցակում եմ»։ Ո՞ւմ եք ներկայացրել Ձեր հայտը՝ իշխանությա՞նը։ «Չեմ մեկնաբանում»։ Պատերազմից հետո այդ թիմից շատերը հեռացան, Դուք ինքներդ խնդրել եք, որ ընդգրկվե՞ք նրանց շարքերում։ «Չեմ մեկնաբանում»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքը բոլոր ճակատներում է պատրաստվում ճակատամարտի։ Նախաքարոզչական, ապա քարոզչական կազմակերպված աշխատանքներ ծրագրելուց զատ, լրջագույն աշխատանքներ են տանում նաեւ ընտրական եւ հետընտրական գործընթացները վերահսկելու, խախտումները հավաքագրելու, ժամանակին բողոքարկելու ուղղությամբ։ Մենք տեղեկացանք, որ դաշինքը մի խումբ փաստաբանների հետ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ նրանք աշխատելու են նախընտրական ու հետընտրական ողջ ընթացքում՝ հավաքագրելու են ընտրական խախտումները, իրավական աջակցություն են ցույց տալու ընտրողներին ու շտաբների աշխատողներին, ապա մասնակցելու են բողոքարկման գործընթացին։ Գաղափարը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, հավանաբար, որոշել են դաս քաղել 2018-ի ընտրություններից, երբ ընդամենը մեկ տոկոս պակասեց խորհրդարան անցնելուն։ Կուսակցությունում թեեւ կասկածներ չունեին եւ անգամ փաստեր ունեին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն Սերժ Սարգսյանը որոշեց դրանք չբողոքարկել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպումներ են ունենում հայաստանյան ռեկտորների հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանն ու Թորոսյանը ռեկտորների հետ առանձին-առանձին են հանդիպում ու խնդրում են հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ իրենց հետ լինել, աշխատել իրենց ձայներ բերելու ուղղությամբ կամ գոնե չեզոքություն դրսևորել ու որևէ քաղաքական ուժերի չսատարել: Ըստ մեր տեղեկությունների, եղել են ռեկտորներ, որ մերժել են անգամ Ավինյանի և Թորոյանի հանդիպման հրավերը ու հայտարարել, որևէ ցանկություն չունեն նրանց հետ զրուցելու: Իսկ ռեկտորների մի հատվածն էլ բացառել է, որ իրենց հետ կաշախտեն, ինչ-որ կոմպրոմիսների կգնան: Ռեկտորները նշել են, որ իրենք բազմիցս խոսել են իշխանությունների հրաժարականի մասին ու այժմ էլ այդ կարծիքին են: Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության երկու կարկառուն դեմքեր զբաղված են տարբեր պաշտոնյաններին համոզելու, նրանց վրա ճնշում գործադրելու, որպեսզի իրենց կուսակցության համար նրանք ձայներ ապահովեն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը՝ նախընտրական ցուցակները, պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ դիմումներ, բնակության վայրի տեղեկանքներ եւ տեղեկանք հայոց լեզվին տիրապետելու մասին։ Երեկ բոլոր կուսակցությունների շտաբներում վերջին աշխատանքներն էին տարվում՝ փաստաթղթերն ամբողջացնելու համար։ Վաղվանից սկսվում է գրանցման փուլը՝ երբ ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը եւ գրանցում հայտատուին, եթե հայտը բավարարում է օրենքի պահանջներին։ Երեկ վերջին նախընտրական դաշինքներն էին ձեւավորվում։ «Հիլթոն» հյուրանոցում ստորագրվեց «Միացյալ Հայաստան» դաշինքի հուշագիրը՝ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի, «Հայրենատէր» կուսակցության գլխավոր քարտուղար Հայկ Պողոսյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանի միջեւ»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «8 տարի առաջ՝ 2013-ի ամռանը, Նիկոլը, ով այն ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն էր, ու Ալեն Սիմոնյանը, ով «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, փրփուրը բերաններին պայքարում էին օլիգարխ Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ, որպեսզի փրկեն «Փակ շուկան»: Այն ժամանակ նրանց մասնակցությամբ ստեղծվեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժումը, որի հայտարարություններում նշվում էր, որ «օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը»։ Նիկոլն ու Ալենը ՀՀ իրավապահ մարմիններին մեղադրում էին անգործության մեջ, իսկ Լֆիկի վերաբերյալ նշում, թե «իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխ է»: Նրանք պահանջում էին վերջինիս ենթարկել պատասխանատվության, «հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը»: Ավելին, Նիկոլն ու Ալենը պահանջում էին «դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը» և անգամ Լֆիկին գրկել սեփականության իրավունքից (կարդա «Հայկական ժամանակ» 28 օգոստոսի 2013 թ.): Բայց, արի ու տես, որ օլիգարխի կամայականության դեմ բոցաշունչ պայքարողները, այդ պայքարի օրերից ընդամենը 4,5 տարի հետո իշխանության գալով, իրենց իսկ պահանջներից ոչ մի բան չկատարեցին: «Փակ շուկան» մնաց Լֆիկ Սամոյի տիրապետության տակ: Նա, բնականաբար, ոչ մի պատասխանատվության դրա համար չենթարկվեց, հուշարձանը նախկին վիճակի չբերվեց: Պարզապես փոխվեցին այն տերերը, ում ծառայում է օլիգարխը: Ալեքսանյանը սկսեց ակտիվորեն վճարումներ կատարել Աննայի ֆոնդերին, ՔՊ-ին և էլ ուր ասես, հաճոյանալով Նիկոլի գլխին անձրևանոց պահել և վայելել այն ամենը, ինչ, ըստ Նիկոլի, նա ապօրինի ձեռք էր բերել: Ստացվում է, որ Նիկոլն ու Ալենը ինչ ասել են ընդդիմության կարգավիճակով, նպատակ են հետապնդել զուտ իշխանական աթոռին տիրանալու: Նրանց ոչ մի ասած կապ չի ունեցել ժողովրդի վիճակի մասին մտահոգվելու կամ երկիրը բարելավելու հետ: Սրանց պետք էր իշխանություն և փող, և իշխանությանը ապօրինի տիրանալուց հետո սրանք «վերապրոֆիլավորեցին» հին օլիգարխներին և ծնեցին նորերին: Իսկ Նիկոլին ու Ալենին հավատացող ու նրանց հետևից գնացող «հարֆները» այդպես էլ մնացին դատարկ գրպաններով և ծակ շալվարներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ իսկական ցնծություն էր. նա, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.6 տոկոսով: Ավելին՝ նախարարը հպարտացել էր՝ նշելով, որ գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում: Թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում նախարարը, հայտնի չէ: Բայց նախարարը հավանաբար մոռացել էր նշել կամ էլ չէր տեսել, որ նույն Վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 13 տոկոսով նվազել են: ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի խոսքով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով։ «էլեկտրաէներգիայի սպառման անկումը ենթադրում է, որ նման տնտեսական աճ, ինչպես ասում է պարոն Քերոբյանը, մենք չունենք, որովհետև եթե կա արտադրության, արդյունաբերության աճ, զարգացում կամ որևիցե նոր աշխատատեղերի բացում, դրանք օգտագործում են էլեկտրաէներգիա, դրան պետք է զուգահեռ տեղի ունենա էլեկտրաէներգիայի սպառման ավելացում, իսկ մենք «ունենք անկում»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաև միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով: Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա կաթողիկոսի առաջին այցն է Արցախ: Առհասարակ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից շատ հազվադեպ են իշխանության ներկայացուցիչներ մեկնել Արցախ, իսկ կաթողիկոսի այցն աննախադեպ է այս համատեքստում: Այս անգամ այցն իրականացվում է հոգևոր դասի առաջնորդի մակարդակով: Եվ այստեղ նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախ անգամ չեն այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են թեման, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց այն պահից, երբ Փաշինյանն արտաբերեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Օրեր առաջ նման միտք արտահայտեց նաեւ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, խոսեց նաեւ Փաշինյանի վերոնշյալ արտահայտության մասին: Իրականում հասկանալի է, որ մի հայտարարությունը չէր կարող մարտական դիրքի բերել հրացանները։ Ադրբեջանը հարձակվելու մտադրություն միշտ է ունեցել, քանի որ ռազմական բալանսը խախտվել էր դեռեւս 2003-2004թթ-ից, երբ Ադրբեջան սկսեցին հոսել միլիարդավոր նավթադոլարներ, ու այդ երկիրը սկսեց բացահայտ խոսել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Իսկ 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարվեց, թե մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հիշեցրել է, որ դեռեւս 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարում էր բանակցությունների ավարտն ու պատերազմի տրամաբանական սկիզբը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մշտապես բարձրացնում են հարցը. իսկ ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պատերազմին։ Ոչ մի թիզ հող, Բաքվում թեյ խմելու պատրաստակամության եւ նմանատիպ այլ արտահայտություններն ու ձեւակերպումները եղել է հայ քաղաքական գործիչների կամ նրանց թիմակիցների սիրելի գործելաոճը` հայրենասեր ու հայրենատեր երեւալու համար: Այդ միտքը ներարկվել է հասարակության մեջ միշտ։ Իսկ իրականում բարձրաստիճան շատ զինվորականներ դեռ տարիներ առաջ շշուկով խոսում էին, որ այսպես երկար դիմանալ չենք կարող։ Թեեւ նախկին իշխանությունները հայտարարում են, թե իրենք երկիր պահել են ամեն գնով, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հիշեցնում է, որ բանակից անհայտ պատճառներով ազատվել են հազարներով մարդիկ, դրա պատճառով միջդիրքային հեռավորությունները գնալով նոսրանում էին։ Դե իսկ տնտեսությունը չէր հասցնում այն ծավալների զենք-զինամթերք գնել, ինչ չափով ազերիների ձախակողմյան նավթադոլարներն էին գեներացնում։ Ավելին, միլիարդները նաեւ միջազգային հարթակներում էին սկսել հարցեր լուծել: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմում մենք պարտվել էինք դեռ վաղուց։ Ուղղակի գործող իշխանության օրոք սկսվեց, եւ վատ կառավարումն էլ իր դերն ունեցավ պարտության հարցում»։