23.11.2024
Մամուլ. Նախկին հեղափոխական Հայկ Մարությանի որոշումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վերջին պահին Ռուբեն Վարդանյանը խաղից դուրս թողեց նախկին նախարարներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխատանքից ազատված երկու սոցապնախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը պատրաստվում էին մասնակցել արտահերթ ընտրություններին «Առաքելություն» կուսակցությամբ, եւ աշխատանքից ազատվելու պատճառը բացառապես ընտրություններն էին։ Նրանք մինչեւ վերջին օրը հույս են ունեցել, որ մասնակցելու են ընտրություններին եւ անգամ նախօրեին դիմել էին Անձնագրային բաժին՝ տեղեկանք ստանալու համար, սակայն վերջին պահին տապալվել է այդ ծրագիրը։ Մեր տեղեկություններով, նրանց հետ գնալու էր եւ ֆինանսական ծախսերը հոգալու էր գործարար Ռուբեն Վարդանյանը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է դրանից եւ իրենց պաշտոնները թողած նախարարները մնացել են խաղից դուրս վիճակում։ Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման քննարկում եղել է` մասնակցել, թե չմասնակցել ընտրություններին, ասաց` հնարավոր է, որ իրենցից ոմանք դիմած լինեն նաև անձնագրային բաժին` տեղեկանք ստանալու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր՝ ընտրացուցակները հանրությանը բազում անակնկալներ բերեցին։ ԲՀԿ-ում, օրինակ, անակնկալի էին եկել նախորդ գիշերը, երբ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ ներկայացնելուց առաջ իր կազմած ցուցակի մասին տեղեկացրել էր թիմակիցներին։ Առաջին անակնկալը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին ցուցակում չընդգրկելու փաստն էր, ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին էր հայտնի դարձել։ Էնֆիաջյանի մասով ասացին, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաեւ նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։ Իսկ ձայն բերող, ոչ քաղաքական դեմքերին Ծառուկյանը գրել էր 40-րդ համարից հետո։ Տեղեկանալով այդ մասին՝ նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել, որ ԱԺ գնան ուրիշները։ Ծառուկյանը ստիպված է եղել գիշերը վերանայել ցուցակը՝ որոշ խմբագրումներ է արել։ Արդյունքում էջմիածինցի Հրանտ Դավթյանը հայտնվել է 10-րդ տեղում, որը Ծառուկյանը հատկացրել էր Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանին։ Մեզ պատմեցին, որ թիմը շեֆի առաջ է դրել Դոգի լայվը Վանեսյանի մասին, ինչից հետո նա ընկրկել է։ Չորրորդ հորիզոնական է բարձրացել Դավիթ Սիմոնյանը՝ սյունեցի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին։ Տիգրան Ներսիսյանի հորիզոնականն էլ են բարելավել․ նա 13-րդն է։ Անակնկալների շարքից է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսայի հայտնությունը 11-րդ տեղում։ ԲՀԿ-ի 20-րդ համարը Գրիշա Վիրաբյանի կինն է՝ Հասմիկ Վիրաբյանը, ով Գյումրիում է համակարգում նախընտրական աշխատանքները, իսկ Գրիշան՝ Արտաշատում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե ՔՊ-ն վերարտադրվի, պաշտոնները բաշխելիս կտրուկ փոփոխություններ կլինեն։ Օրինակ, չնայած Արարատ Միրզոյանը ցուցակում երկրորդն է, սակայն Փաշինյանը հակված չէ նրան նորից ԱԺ նախագահ դարձնել, կարծում է, որ նա պասիվ է եղել եւ վարչապետի ու թիմի շահերը չի պաշտպանել։  Միրզոյանը կարող է որեւէ երկրում դեսպան նշանակվել։ Նույն դժգոհությունները կան նաեւ Տիգրան Ավինյանից։ Վերջիններս ոչ միայն թիմի կողքին չեն եղել դժվար պահերին, այլեւ «խաղեր են տվել» ընդդիմության հետ։ ԱԺ նախագահի պաշտոնը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է բաժին հասնել Սուրեն Պապիկյանին, ով ոչնչով չի գերազանցում մյուսներին, բայց կարողացել է աշխատող, լուրջ մարդու իմիջ ձեւավորել, որը, ըստ ամենայնի, կփլվի նրա՝ ԱԺ նախագահ դառնալուց մի քանի օր անց։ Իսկ առաջիկա խորհրդարանը շատ ավելի բարդ կազմ է ունենալու, եւ Պապիկյանը դժվար թե այդ աշխատանքից գլուխ հանի։ Ինչ վերաբերում է ցուցակ մտած բիզնեսմեններին, ապա նրանց գործադիրում պաշտոններն են հետաքրքրում, եւ ընտրություններից հետո նրանք կհայտնվեն կառավարությունում, իսկ Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար՝ Երեւանի քաղաքապետի աթոռին: ՔՊ ցուցակի անակնկալներից են նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանը, դերասան Գնել Սանոսյանը, մի քանի կուսակցություններ փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, եւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող պատգամավորներից ցուցակ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը եւ այլք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան ընտրությունների շունչն առավել առարկայական է դառնում, այնքան իշխանություններն իրենց գործունեությունը փորձում են վարդագույն ներկայացնել: Նախկինում էլ այդպես է եղել, սակայն հիմա գնալով «կենացները քաղցրանում են»: Ընդհուպ, իշխանավորներն արդեն պատկերացնում են, որ ներդրումները հոսում են Հայաստան, տնտեսական մեծ աճեր են գրանցվում եւ այլն: Իրականում, տնտեսագետների գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ այս ամենը պարզ մանիպուլյացիա եւ կեղծիք է: Մասնավորաբար, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է, որ իշխանությունները շարունակում են կեղծել ու ստել: «Մինչ այս արդեն հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու նրանց ուղեղի հնարավորություններին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման հայտարարություններով իրենք ծաղրում են հասարակությանը, որովհետեւ այս կառավարության ներկայացուցիչներին կարելի է զուտ անմեղսունակ բնութագրել: Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանը տգետ եւ սուտասան լինելն է»,-ասում է Սարգսյանը եւ հավելու, որ իշխանությունները, մեծ հաշվով, անընդհատ ստում են: «Այդ սուտը հիմա նաեւ նախընտրական քարոզչության բաղադրիչ է պարունակում: Ցույց են տալիս, թե իբրեւ ամեն ինչ լավ է, հետայսու լավ է լինելու, որպեսզի մի քիչ ձայներ կորզեն»,- ամփոփում է «Աուդիտորների պալատի» նախագահը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրած ուժերի մեծաքանակությունը շատերին է զարմացրել, քանզի, ըստ փորձագետների, իրականում մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչևէ, ընտրական գործընթացը թևակոխեց նոր փուլ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան ընտրությունները մոտենում են, իշխանություններն այնքան ավելի են մտահոգվում սեփական վարկանիշի օրեցօր անկման համար։ Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունը, պարբերաբար սոցհարցումների շարք է իրականացնում, որպեսզի հասկանա, թե տեղի ունեցող ներքին և արտաքին գործընթացների ֆոնին վարկանիշի ինչ «ամպլիտուդ» ունեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս «ներքին օգտագործման» հերթական հարցումներն են իրականացրել, և պարզ է դարձել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետևողական անկում է ապրել, դրան հակառակ՝ էականորեն բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ, ըստ այդ հարցումների, ներկա դրությամբ ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողների հարաբերակցությունը գրեթե հավասար է՝ դաշինքի 2 տոկոս առավելությամբ: Սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը, մեր տեղեկություններով, հանձնարարել է ավելի մեծ թափով հակաքարոզչություն իրականացնել «Հայաստան» դաշինքի դեմ և հնարավոր ու անհնար ձևերով «կեղտ բռնել» նախընտրական գործընթացների առումով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր եւ մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիեւին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սեւ լճից։ Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչեւ ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։ Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին եւ թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հակառակորդը 15 օր է՝ շարունակում է մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանից ներս՝ մեր տարածքում, ու անգամ սահմանին զոհ ունեցանք, ՀՀ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հետ անհամաձայնություն ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդքան էլ լավ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որեւէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով։ Անգամ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ ԳՇ-ի եւ նախարարի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, բայց վարչապետը քայլ չի ձեռնարկել ՊՆ-ում սուբորդինացիան կարգավորելուհամար։ Ի դեպ, նախարարությունում տարածված մեկ այլ խոսակցության համաձայն էլ՝ նախարարության թիվ մեկ մարդը ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն է, ու նա է նախարարությունում շատ հարցերի լուծում տալիս կամ կառավարում: Ասել է թե՝ ՊՆ-ի ստվերային կառավարիչը Արշակ Կարապետյանն է, որը անկախ է ԳՇ պետից ու նախարարից։ Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը մինչ հեղափոխությունը Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնին էր, իսկ հեղափոխությունից հետո վարչապետի խորհրդական էր»։


«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։ 168.am–ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ Սիսիանի հատվածի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, սակայն Մեղրիում ամեն ինչ համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ ՀՀ զինծառայողների, նաև որոշ չափով՝ ՌԴ սահմանապահների։ «Սիսիանի հատվածի վերաբերյալ կուզեմ հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն Երևանին ավելի մոտ է, քան Մեղրիին։ Ես սա պատահական չեմ ասում, թող հանրությունն ուշադրություն դարձնի, երբ ասում են` Սյունիք, Մեղրին էլ հետը նկատի ունեն, բայց Մեղրին ավելի հեռու է Սիսիանի նշված տարածքից, քան Երևանը։ Այսինքն՝ Երևանում ավելի շատ տեղեկացված կարող են լինել, քան մեղրեցիները»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։  Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց: Օրինակ՝ վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, ուր իբր պատահական քաղաքացիները Սեւան քաղաքում կարծիք էին հայտնում: Մասնավորաբար, Սեւանի շուկայում մի մարդ այնպիսի պաթոսով, էնտուզիազմով ու կրքով էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նախկիններին, որ կասկածի տեղիք տվեց: Մենք փորձեցինք Սեւանում հարցուփորձ անել, եւ պարզվեց, որ այդ մարդը Աղվան Գրիգորյանն է, որը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենեւին էլ պատահական անցորդ չէր, այլ Սեւանի քաղաքային շուկայի տնօրենը: Ավելին, նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի հայրն է: Սեւանում մեր թղթակցին նաեւ ասել են, որ այս հարցման «անթերիությունը» ապահովել է հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում. ուսումնասիրվել է նախարարության 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածի գործունեությունը, երբ նախարարը Արսեն Թորոսյանն էր: Պարզվել է, որ նախարարության գործունեության նկատմամբ ներքին աուդիտ չի իրականացվել: Գործուղման ծախսերի հատուցումը կատարվել է աշխատակիցների գործուղումից վերադառնալուց հետո՝ կարգով սահմանվածից ուշ: Գործուղման վկայականները լրացվել են սխալներով ու ջնջումներով: Օրինակ՝ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, որը օրերս բարձր պարգեւ ստացավ, 2020-ի փետրվարի 7-9-ը գործուղվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան քաղաքներ, սակայն նախարարի հրամանը եղել է 2020-ի փետրվարի 10-ին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ թվով 5 աշխատակցի սահմանվածից 14 մլն 68 հազար դրամ ավելի պարգեւավճար է վճարվել: Նշենք, որ 22 աշխատակիցների գործերի ուսումնասիրության ընթացքում չի գտնվել որեւէ մեկը, որին հանձնարարված լիներ որեւէ հատուկ առաջադրանքի կատարում, որը պարգեւատրման հիմք կհանդիսանար, եւ որոշ աշխատակիցների պարգեւատրումը գերազանցել է սահմանված չափը: Օրինակ՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտ-հունիս ամիսներին պարգեւատրվել է 7 մլն 349 հազար 800 դրամով՝ 4 մլն 250 հազար դրամի փոխարեն: Սակայն Հաշվեքննիչ պալատը ի գիտություն չի ընդունել նախարարության պարզաբանումը եւ փաստել է, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 2019-2020 թվականների արձակուրդի օրերը չսպառած՝ տրամադրվել է 2021 թվականի արձակուրդային օրերից, եւ կատարվել միանվագ նպաստի վճարում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։  Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետեւ սրանք սովորական պայմաններում սովորական իշխանության ձեւավորման ընտրություններ չեն։ Սա մեծ հաշվով մեկ անձին վերաբերող համապետական միջոցառում է, որի ելքից է կախված լինելու մեր պետության լինելիությունը։ Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները որոշակի նմանություն ունեն 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների հետ, որոնք նույնպես նույն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էին։ Եվ եթե 3 տարի առաջ հասարակությունը կուրորեն ընտրում էր այդ անձին՝ մերժելով ամենայն բանականը, ապա այսօր, եթե մնացել է բանականության նշույլ իսկ, ապա պետք է մերժի այդ նույն անձին՝ 2018 թվականին նրան անհեռատեսորեն հանձնված մեր պետությունը փրկելու համար։ Ընդ որում, ինչպես երեք տարի առաջվա հանրային հիպերէյֆորիան անիմաստ էր դարձրել Նիկոլ Փաշինյանի անձից տարբերվող որեւէ մեկի մասնակցությունն ընտրություններին, ապա այդ նույն տրամաբանությամբ այսօր իմաստ ունի ցանկացած մեկի մասնակցությունն ու հաղթանակն ընտրություններում, եթե այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ։


Իրականում այս իրավիճակը վկայում է հայաստանյան քաղաքականության ողբերգականության մասին, երբ ընդամենը երեք տարի առաջ ամեն ինչ կառուցվել է մեկ անձի հանգույն, իսկ այսօր նրա իսկ ոչնչացրած պետության փրկությունը կախված է նրա իսկ հեռացումից։ Այդ իմաստով առաջիկա ընտրությունները կարող են վերջ դնել այս սատանայական շրջանին եւ հայկական քաղաքականությունը գոնե մասամբ դուրս բերել անձնային տիրույթից՝ հնարավորություն ստեղծելով քաղաքականությունն ու պետական կառավարումը կառուցել ոչ թե անհատների, այլ համակարգերի հիման վրա։ Նախընտրական ցուցակների բովանդակությունն իրականում կարեւոր է այդ համատեքստում, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ միայն անձնիշխանության գլխավոր կրողի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։ Այլ կերպ ասած, լավ կամ վատ, պրոֆեսիոնալ կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ ցուցակների խնդիրը կարեւոր է, բայց դա ապագայի հարց է, որն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ։ Իսկ ապագան եւ Նիկոլ Փաշինյանը հակամետ են ու փոխբացառող, որովհետեւ, ի հեճուկս սեփական կարգախոսի, նա մարմնավորում է ապագայի բացառումը։  Չնայած իմքայլականների կարգախոսում որեւէ կերպ չի նշվում, թե հատկապես ո՞ր երկրի համար «Ապագա կա», եւ հետագայում կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանն ապագա էր խոստանում, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Հայ հասարակությունն այսպիսով, անկախ ցուցակների բովանդակությունից, պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի»: