Ի՞նչ է ասում վարչապետ Փաշինյանը վաղ առավոտյան, խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարգալույծ քահանայի մասին: Չվերարտադրեմ բառացի: Ըստ էության, Փաշինյանն ասում է, որ ՀԱԵ ղեկավարությունը չի կարող կարգալույծ համարել նախկին Տեր Արամին, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ խախտել է կարգը եւ կուսակրոն չէ: Փորձեցի մեկ-երկու նախադասությամբ ներկայացնել Փաշինյանի առավոտյան տարածած մտքի իմաստը:
Ավելի համառոտագրելով, կարող ենք արձանագրել, որ՝ Փաշինյանն ասում է, քանի որ Գարեգին Երկրորդը չի տալիս հրաժարական, ապա ինքն էլ չի ճանաչում նրա որոշումները, այդ թվում հոգեւորականին կարգալույծ անելու վերաբերյալ:
Այս դիրքորոշումը թերեւս բոլորովին զարմանալի չէ: Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրել է ՀԱԵ դեմ իր արշավական տրամադրությունը եւ դրանով հետեւողական գնալու է առաջ: Նրա առավոտյան «մեսիջի» հարցում էականը թերեւս հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը խրախուսելու է այյդ տրամաբանությամբ հոգեւորականության «արտագաղթ»՝ Մայր Աթոռից դեպի Հովհաննավանքի «հակաթոռ»:
Ընդ որում, ես ամենեւին չեմ զարմանա, եւ անգամ համարում եմ հնարավոր, որ այդ «արտագաղթը» կազմակերպելու հարցում օգտագործվեն նաեւ տարբեր հոգեւորականների հանդեպ «կոմպրոմատային» ներգործության տարբերակներ: Խոսքը հանրայնացնելու մասին չէ, այլ չհանրայնացնելու պայմանով այս կամ այն հոգեւորականին Մայր Աթոռի տնօրինությունից դուրս բերելու մասին:
Ես բազմիցս նշել եմ, որ բացարռակապես պետք չէ թերագնահատել այն մարտահրավերը, որ ՀԱԵ դեմ նետված է Նիկոլ Փաշինյանի դեմքով: Կրկնեմ՝ դեմքով, այլ ոչ թե ձեռքով: Այստեղ կարող են շատերը լինել ինձ հետ անհամաձայն, բայց Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում կատարածու գործիչ է: Բայց, ես համաձայն չեմ նաեւ, որ նա կատարում է լոկ Ալիեւի կամ Էրդողանի թելադրանքը:
Մի քանի օր առաջ ես ներկայացրի տեղեկությունը բացառիկ իրադարձության վերաբերյալ, երբ Վատիկանում՝ 500 տարվա ընդմիջումից հետո հնչել է Անգլիական եկեղեցու գլուխ համարվող Բրիտանիայի Միապետ Չարլզ Երրորդի եւ Հռոմի Լեոն 14-րդ Պապի համատեղ աղոթքը: Այս «միությունը» գործնականում համաշխարհային դավանա-քաղաքական քարտեզի, եւ մասնավորապես՝ քրիստոնեական ճարտարապետության վերաբաժանման լրջագույն գործընթացի մասին ակտ է, որի ամբողջ մասշտաբն ու ծավալն իհարկե դեռ գուցե անգամ ուրվագծված էլ չէ:
Նիկոլ Փաշինյանը այդ հարցում ունի երեք տարբերակ՝ կայացնել ՀԱԵ հարցում արտաքին միջավայրային ճնշումների նկատմամբ դիմադրության որոշում, կայացնել չդիմադրելու՝ հանձնվելու եւ օժանդակելու, կամ առնվազն համահունչ խաղալու որոշում, եւ կայացնել մանեւրելու որոշում:
Անկեղծորեն ասեմ, որ ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ, թե վերջին երկու տարբերակից որն է ընտրել Փաշինյանը: Պարզ է, որ ընտրված չէ առաջին՝ դիմադրելու տարբերակը:
Եթե նա լուծի իր իշխանության պահպանման ընտրական հարցը, կթուլացնի՞ ՀԱԵ նկատմամբ իր արշավի ինտենսիվությունն ու ծավալը: Դրանից պարզ կլինի, նա ընտրել էր մանեւրի եւ այդպիսով պարզապես իշխանության վերարտադրության հարցում արտաքին ուժեղ օժանդակություն ապահովելու՞, թե այդուհանդերձ օժանդակելու եւ ՀԱԵ սուբյեկտությունը փաստացի ապամոնտաժելու տարբերակը:
Ինքս, այս ամենը դիտարկելով եմ համարում, որ ՀԱԵ ղեկավարության գործողությունները այս շրջափուլում պետք է լինեն շատ շրջահայաց, առավել եւս չպետք է թելադրվեն հիմնականում նախընտրական քաղաքական գայթակղություններով ձեւավորվող մթնոլորտային տրամադրություններով:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան