30.10.2025
Եկեղեցին՝ քաղաքական մանիպուլյացիաների թիրախ
prev Նախորդ նորություն

ՆԳ նախարարին փոխարինող են փնտրում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրաապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը` Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերեւս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՔՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմանները հենց այդ երկու հարցերն են եղել: Նախ՝ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերել են ՔՊ-ի նախընտրական շտաբին. նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչության պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը, եւ հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները: Ապա քննարկվել է երկրորդ հարցը. ՔՊ-ականների եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր թեմա դարձած Կաթողիկոսի հեռացման հարցի քննարկան ժամանակ Փաշինյանը նշել է, որ լավ ազդակներ է ստանում հանրությունից, ու առաջիկայում այդ հարցում մեծ կոնսոլիդացիա է լինելու: Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ էջմիածինցիները եւս իրենց են աջակցելու այս հարցում, եւ իրենք առանց շտապելու, ճնշումները մեծացնելու միջոցով, կհեռացնեն Կաթողիկոսին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որը հայտնի է «Կլոր բերդ» անունով։ Այս բանտում է պատիժը կրել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դավիթ Համբարձումյանը մեկշաբաթյա «կարանտինը» կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն՝ դժվար է ասել։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է: Նա մեղադրվում է 2018 թվականի իշխանափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Վճիռը հրապարակվելու ժամանակ նա Ռուսաստանում էր, ոմանք կարծում էին՝ այլեւս Հայաստան չի վերադառնա, ինչպես քրեական հետապնդման ենթարկվող շատ նախկիններ, սակայն նա վերադարձավ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումից հետո առյուծ կտրած ՔՊ-ականները, որոնք, բերանները բացած, անպարկեշտ ու վիրավորական հայտարարություններ էին շաղ տալիս Կարապետյանի հասցեին, դատարանում կատու են դարձել` «զադնի դրել» իրենց խրոխտ մտքերից եւ իշխանությանը բնորոշ «կռուտիտի» մաստեր-կլասներ են ցուցադրել, թե Կարապետյանին չէին հասցեագրված իրենց խոսքերը, վերացական էին եւ այլն, եւ այլն։


Ամիսներ առաջ Հայ առաքելական եկեղեցուն աջակցող փոքրիկ հարցազրույցից հետո Կարապետյանին Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգով ձերբակալելուց ժամեր անց ՔՊ-ականները` ոհմակի օրենքով, սկսեցին հոշոտել նոր «զոհին», որովհետեւ իրենց առաջնորդը նրան «ստահակ» էր անվանել եւ կալանավորելու հրահանգ իջեցրել: Նրանց թվաց, թե առաջնորդին կրկնելն ու գերազանցելն իրենց սուրբ պարտքն է, եւ աչքները մթագնած՝ հարձակվեցին Կարապետյանի վրա: Բայց գործարարի փաստաբանական թիմը հատ-հատ արձանագրեց այդ վայրահաչոցները եւ դատական հայցեր ներկայացրեց չափն անցած իշխանավորների ու նրանց սազանդարների դեմ: Հայցեր ներկայացվեցին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, այժմ սոցապնախարար, իսկ հայտարարություն անելու պահին պատգամավոր Արսեն Թորոսյանի, Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, մի շարք փորձագետ կոչվածների դեմ։


Գործարարը Կոնջորյանից ու Թորոսյանից պահանջել է հերքել զրպարտչական, վիրավորական հայտարարությունները եւ վճարել փոխհատուցում` 9 մլն դրամի չափով։ Հայկ Կոնջորյանից մասնավորապես պահանջել է հրապարակայնորեն հերքել 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից արտահայտած հետեւյալ մտքերը. «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով... Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք եւ դրա դիմաց թուլափայ ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։


4 ամիս անց՝ դատարանում Հայկ Կոնջորյանն իր այս հայտարարությունները որակել է որպես վերացական՝ անհասցե հայտարարություններ։ Նա չքմեղացել է, թե  իր ասածը Սամվել Կարապետյանի մասին չէր, այլ՝ վերացական մարդկանց։ Իսկ Արսեն Թորոսյանն ասել է, որ ընդհանրապես վիրավորելու կամ զրպարտելու նպատակ չի էլ ունեցել, ասել է, որ իր մտքերն ընդամենը գնահատողական դատողություններ են, իր կարծիքը, ուրիշ ոչինչ։ Հիշեցնենք, որ բարերարի հայցն ԱԺ ամբիոնից Արսեն Թորոսյանի ասած հետեւյալ մտքին էր վերաբերում. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ-կվարտիրայում։ Առաջինի անունն Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը` Սամվել Կարապետյանին»։


Այս վիրավորական արտահայտությունների համար գործարարը ոչ միայն փոխհատուցում է պահանջել, այլեւ որ Թորոսյանը հրապարակային ներողություն խնդրի։ Զրպարտության մասով էլ պահանջել է պարտավորեցնել, որ հրապարակայնորեն հերքի նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում հնչեցրած տվյալները, թե իբր ФСБ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն՝ խմբ.) կողմից է Սամվել Կարապետյանին հրահանգվել լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցնել հայտնի արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրել, ՀՀ ղեկավարությանը վնասել (թույնել)։
Թորոսյանը դատարանում «կռուտիտ» է եղել, թե Կարապետյանի մասին հնչեցրած զազրախոսությունները ոչ թե փաստեր են, այլ ընդամենը իր կարծիքը, գնահատականները։


Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես նահանջել է, որեւէ փաստ չի ներկայացրել՝ իր մեղադրանքները հիմնավորելու համար: Ասել է, որ «Հայաստանի ներքին օրակարգերին խառնվել», «ծայրագավառ դարձնելու փորձ», «Հայաստանի պետականության դեմ մարտնչող», «ինքնիշխանության դեմ պայքարող» եզրույթներն ընդհանրական, վերացական արտահայտություններ են։ Իշխանական խմբակը, փաստորեն, օգտագործելով ԱԺ ամբիոնը, հանիրավի, առանց որեւէ փաստի մրոտել է բարերարին՝ վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ թույլ տալով եւ անամոթաբար կեղծիք տարածելով, բայց երբ հերթը հասել է պատասխան տալուն, դատարանում «տեր չեն կանգնել» իրենց ասածներին: Նրանք նույնպիսի փնթի եւ անպատասխանատու վարքագծ են դրսեւորում նաեւ պետությունը կառավարելիս։ 


Ի դեպ, նույն ոճով ու արտահայտություններով իշխանության կուսակցական կայքում էլ են բազմաթիվ հոդվածներ տպագրվել: Ընդ որում, դատական հայցերը ներկայացնելուց հետո էլ գրում են, թե քանի որ Սամվել Կարապետյանն իրենց անվանել է փոքրիկ խմբակ, իրենք էլ դրանից վրդովվել են եւ նման պատասխաններ տվել նրան, հոդվածներ հրապարակել։


Իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ իրենց քննադատողներին բերդ ուղարկող իշխանությունը հիմա նախատում է Կարապետյանին, թե հասարակական-քաղաքական գործիչը պետք է  հանդուրժողականություն դրսեւորի իր հասցեին հնչած կարծիքների նկատմամբ եւ քաղհայցի կարգով դատարան չդիմի: Իսկ իրենք քրեական մեղադրանքներով մարդկանց ամիսներով փակում են բանտում եւ մի անմեղ արտահայտության համար շուրջ հինգ ամիս կալանքի տակ են պահում Սամվել Կարապետյանին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել: Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում: Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիեւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:


Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, եւ որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որեւէ ակտիվություն չունենք: Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որեւէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ` պատվաստումը կամավոր է, եւ երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որեւէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի գործը, արդեն «հասնում» են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն եւ պահանջել մի շարք փաստաթղթեր։ «Ժողովուրդ» օրաթերթին այժմ հայտնի են դառնում նոր մանրամասներ։ Պարզվում է՝ խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի առաջարկով։




Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը «Ամերիաբանկում» մեկ տարի ժամկետով։ «Կողմնակի եկամուտ» ձեւակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ: Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը:


Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձերբակալել է ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին եւ պրոռեկտորին։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար։ Սակայն մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել, թե բուհի համար 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու վերաբերյալ մարտ ամսին կայացված որոշումը արդյոք կապվա՞ծ է ռեկտորին առաջադրված մեղադրանքների հետ, թե՞ ոչ:


Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է, որ նույն ՔՊ իշխանությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ, ահա, նախարարի ստորագրությունը առայժմ որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել, եւ անհասկանալի է մնում հարցը. երկու ընկերուհիներով` ռեկտորը եւ նախարարը, իրականում ինչո՞ւ են բուհի միջոցները բանկ դրել ու եկամուտ գեներացրել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցների միջնամասի կառուցապատող՝ 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում: Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում է տարել: «Ավո ՖՄՀ»-ի սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում, թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա:


Նրա հետ դատական վեճ ունեցող «Օլիմպ» խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։ Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը, որ իր պաշտպանյալն այժմ հիվանդանոցում է, սակայն մանրամասներ չհայտնեց․ «Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։


 


 

Իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու
Հաջորդ նորություն next