VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին եւ այնտեղից հետեւել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։ Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երեւան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։ Մենք տեղեկացանք նաեւ, որ իշխանությունը փորձում է կանխել դա, եւ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռեւերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, եւ ինքը գոհ է այդ աշխատանքից, հրաժարականը կանխելուն էր ուղղված։ Արա Այվազյանն այժմ ճանապարհին է՝ ժամեր անց կժամանի Հայաստան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵՄ անդամ պետությունների դեսպանները երեկ այցելել են Սյունիքի մարզ՝ մոտիկից ծանոթանալու Սեւ լճի տարածքում տիրող իրավիճակին, սակայն, որոշ տեղեկություններով, դեսպանները լճին շատ չեն մոտեցել՝ հարակից բարձունքից վերադարձել են։ Մեզ ասացին, որ չնայած նրանց ուղեկցել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, բայց դեսպանների այցն անհանգստություն է պատճառել թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին։ Ավելին՝ մենք անգամ տեղեկություններ ունեինք, որ ռուսական կողմը կտրականապես դեմ է եղել՝ կասկածներ ունենալով, որ ռուսական կողմին սրանով փորձում են դուրս մղել գործընթացից, եւ ՀՀ զինվորական ղեկավարության միջոցով փորձել է կանխել դեսպանների մուտքը տարածք։ Տեղեկացանք նաեւ, որ չնայած ԱԳՆ-ն թույլ է տվել, որ լրատվամիջոցները լուսաբանեն դեսպանների այցը լճի տարածք, հավատարմագրել մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի, սակայն վերջին պահին պաշտպանության նախարարությունն արգելել է։ Մինչդեռ ՊՆ-ն մի քանի օր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր բարձրանում Սեւ լիճ, այդ «փիառ-այցը» լուսաբանելու համար թույլ էր տվել, որ Հանրային հեռուստաընկերության եւ տեղի թերթերից մեկի լրագրողները բարձրանան՝ արգելելով միայն ոչ յուրային լրատվամիջոցների մուտքն այդ տարածք»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից ընտրությունների պատրաստվող երկիրը կորցրել է հետաքրքրությունը քաղաքական այդ իրադարձության հանդեպ: Պատճառը Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքներ ու Գեղարքունիքի մարզ ադրբեջանական բանակի ներխուժումն ու դրան հաջորդած իրադարձություններն են: ՀՀ ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական զինված ուժերի համար կոնկրետ այդ տարածքը մաքրելը ժամերի հարց է, կան մշակած պլաններ այլ դեպքերի համար եւս, ընդհանրապես, մեր զինվորականները կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում տարիներ են պետք, որ այդ երկիրը հիմնավորվի, բնակեցվի ու այստեղ ծառայելը, առավել եւս՝ խնդիր կատարելը լինի հնարավոր: Մեր այն հարցին, թե կարող է մեր բանակը խնդիր կատարել արդյոք, մեր զրուցակիցը պնդեց, որ միանշանակ, միայն թե զենքով ապահովեն, ու նորից 5-6 երկրի դեմ չկռվեն. Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնեն` նորից են հաղթելու: Իսկ, ահա, կառավարական մեր աղբյուրները պնդում են` լուրջ կասկածներ եւ հիմնավոր տվյալներ ունեն՝ առ այն, որ Ադրբեջանն այս գործողությանը գնացել է երրորդ ուժի դրդմամբ, իսկ նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելն է, որպեսզի նա պարտութուն կրի ընտրություններում։ Այսինքն՝ իշխանությունը սահմանային առաջխաղացումն ու միջադեպերը պայմանավորում է ներքին խնդիրներով։ Ավելին՝ «Իմ քայլ»-ում մտավախություններ ունեն, որ Փաշինյանի ընդդիմախոսները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել, քանզի, ըստ հարցումների, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին պատրաստ էին ձայն տալ ընտրություններին մասնակցել ցանկացողների շուրջ 60 տոկոսը, իսկ վերջին դեպքերից հետո այդ թիվն անշուշտ կնվազի: Սակայն ամեն բան դեռ առջեւում է, արտահերթ ընտրություններին դեռ մեկ ամիս կա, եւ կասկածից վեր է, որ նույն Փաշինյանն ամեն բան անելու է՝ հռետորաբանությունն առավել խստացնելով նախկինների հանդեպ, որպեսզի իր վարկանիշը վերականգնի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչու առաջինը Սեւ լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սյունիքի վերին հատվածով՝ Սեւ լճի մերձակայքում։ Ադրբեջանական կողմը, ըստ էության, սկսել է այդ միջանցքի կառուցման գործը եւ մինչեւ Սեւ լիճ արդեն գրունտային ճանապարհ է անցկացրել, որը, հույս ունի, որ շարունակություն կունենա։ Մեր կողմից սահմանը պաշտպանողները պատմում են, որ իրենցից տառացիորեն մի քանի մետրի վրա գտնվող ադրբեջանցիների հետ փորձում են երբեմն կոնտակտի մեջ մտնել եւ երբ ասում են՝ ինչու եք եկել, հեռացեք մեր հողից, նրանք պատասխանում են՝ մենք ոչինչ չենք որոշում, մենք հրաման կատարողներ ենք, դուք ձեր ղեկավարներին ասեք․ մեր՝ այստեղ գտնվելը ձեր եւ մեր ղեկավարների պայմանավորվածության արդյունք է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ArmLur.am-ը հրապարակեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաեւ հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։ Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաեւ Արցախի մասով եւ կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն է ունենալու այս փաստաթուղթն Արցախի մասով, եւ ի՞նչ ռիսկեր է պարունակում։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ տեսել այդ փաստաթղթի բնօրինակը, չգիտեմ՝ ինչ կետեր կան։ Բայց հարցն այն է, որ Արցախը երբեք չի եղել, եւ չպետք է դիտարկել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը բռնազավթել է Արցախի շրջանի մոտ 80 տոկոսը, եւ տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող տարածվել Արցախի վրա»,- նշեց նա։ Բաբայանի խոսքով՝ առանց սահմանների եւ այլ խնդիրները լուծելու, երկրները կարող են ճանաչել իրար։ «Մենք դա չենք համարում սահման, այլ շփման գիծ։ Ցանկացած արցախցի այդպես է մտածում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իրենց տեսլականն ունենան եւ միասնական մոտեցում»,- հավելեց նա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սեւ լիճ հատվածում հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ մայիսի 13-ից քրեական գործ է հարուցվել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ այժմ որեւէ աշխատանք չի իրականացվել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ պարբերաբար հետաքրքրվում են, թե ինչ գործընթացներ են կատարվել այս գործով, կամ ինչու չեն անում անհրաժեշտ քննչական աշխատանքներ, սակայն այդպես էլ որեւէ պատասխան չեն ստացել։ Փաստ է, որ մինչեւ այժմ այդ քրեական գործով էական քայլ չի արվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ 772 մլն 800 դրամ։ Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 403 մլն 100 դոլար, այսինքն՝ մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 մլրդ 369 մլն 700 հազար դոլարով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճեց։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկավ։ 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացավ։ Ի դեպ, այս տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ այս տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8 մլրդ 900 մլն դոլար»։