Իրավիճակը Սյունիքում շարունակում է գերլարված մնալ: Դրան զուգահեռ անհանգստացնող լուրեր են ստացվում նաև Գեղարքունիքից՝ տեսանյութ է հրապարակվել Վերին Շորժայից, որի սարերում այս պահին մեծ թվով ադրբեջանցիներ են:
Գնահատականը տեղի ունեցող զարգացումներին մեկն է՝ դրանց հանգուցալուծումը խիստ անկանխատեսելի է ու մտահոգիչ: Իշխանությունն էլ, որ առաջին օրը հերքում էր, թե ադրբեջանցիները անարգել են Հայաստանի սահմանները, այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շուրթերով հայտարարեցին. "Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին ու մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը":
Փորձագիտական շրջանակները ևս լավ կանխատեսումներ չունեն: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում։
«Ժամանակը մեր դեմ է աշխատում, և որքան ուշանում են լուծումները, այնքան հավանականությունը, որ Ադրբեջանը կվերադառնա իր նախկին դիրքեր, կտրուկ նվազում են»,- գրել է նա։
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն էլ բարձրաձայնում է ռազմական բախման հավանականության մասին, որը բարձր է.
«Եթե ադրբեջանական ստորաբաժանումներն ետ չքաշվեն իրենց ելման դիրքերն, ապա կտրուկ կմեծանա ռազմական բախման հավանականությունը: Իսկ դա նշանակում է, որ ռուսական զինուժը կամ պետք է աջակցի հայկական բանակին, կամ մի կողմ քաշվի»,- գրել է նա։
Երկու դեպքում էլ, վստահ է Մելիքյանը, որակապես նոր ռազմաքաղաքական իրավիճակ է ձևավորվելու, ընդ որում ոչ միայն հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծի երկայնքով, այլև, առհասարակ, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում:
«Ռուսները, հավանաբար, կնախընտրեն հարցը խաղաղությամբ լուծել՝ համոզել թուրքերին, որ ետ քաշվեն: Իրավիճակը, սակայն, այնպիսին է, որ դա նրանց դժվար թե հաջողվի: Արդեն տեսանելի է, որ ժամանակ են ձգում»,- հավելում է Արման Մելիքյանը։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ մատնանշում է, որ իրավիճակի զարգացման բազմաթիվ սցենարներ կան` թեթև ռազմական բախումից մինչև լայնամասշտապ բլից կրիգ` հայկական կողմի իմիտացիոն դիմադրությամբ։
«Այս մասով խնդիրը ՌԴ-ի և Իրանի հետ է կապված։ Իրենց համար է Սյունիքը առանցքային»,- գրել է նա՝ չբացառելով, որ գուցե այս սահմանային լարումները հենց հայկական կողմի խնդրանքով էին։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն էլ հորդորում է՝ սահմանադրական իմպրովիզացիաների ժամանակը չէ։ Արձանագրված է ագրեսիայի ակնհայտ փաստ, իսկ այդպիսի իրավիճակում Սահմանադրությունը զինված ուժերի մասին որոշում ընդունելը վերապահում է Կառավարությանը.
«Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա այս կառույցը որևէ աղերս չունի վերը նկարագրված իրավիճակի հետ, դրանում այդպիսի հարցերի քննարկումը չի բխում վերջինիս կարգավիճակից։ Հիշյալ 155-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն. «Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը։ Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը»։ Այլ կերպ ասած, վերջինիս առաքելությունը ոչ թե ռազմական գործողությունների առնչությամբ որոշումներ կայացնելն է, այլ այնպիսի գլոբալ քաղաքական ուղղությունների սահմանումը, որոնք կանխորոշում են պաշտպանության նախարարի կողմից զինված ուժերի ղեկավարումը, բայց ոչ հրամանատարական գործառույթներ իրականացնելը, քանզի գլխավոր հրամանատարը թե խաղաղ ժամանակներում և թե ռազմական դրության դեպքում մեկն է՝ գլխավոր շտաբի պետը»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ Դանիելյանը նշում է, որ այս ամենը չի ասում նրա համար, որ առիթն օգտագործեն ու քաղաքական հաշվարկներով հերթական ռազմական դրությունը հայտարարեն, քանի որ "մեր զինուժը հաղթանակներ է գրանցել առանց որևէ ռազմական դրության"։
«Չանդրադառնամ այն անհեթեթ անլրջություններին, թե անվտանգության գոտի հանդիսացող և Արցախի մաս կազմող պատմական տարածքները թշնամուն զիջելով, կսկսվի խաղաղության դարաշրջանը... տեսնում ենք ....»,- հավելել է նա։