VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
"Հրապարակ" օրաթերթը գրում է. ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ իշխանական թիմում։ Ասում են՝ արդուկը միացնում ես, Ռուբինյանն է խոսում՝ ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը․ երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը «շեֆի» մոտ ցուցադրեր իր արժանիքները եւ բարձր ամբիոնից շշպռեր քաղաքական օպոնենտներին` ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաեւ այդ հարցում։
Ընդ որում, ՔՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին` նա 11-րդն էր։ Ուստի ՔՊ-ում կարծում են, որ նա այլեւս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան, օրինակ` Հայկ Կոնջորյանի, Լիլիթ Մակունցի: Ասում են` Փաշինյանն ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի․ կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Մայր Աթոռը երեկ կարգալույծ հռչակեց մատնիչ Տ․ Արամ քահանա Ասատրյանին: Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին միտումնավոր չի նշել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները` շրջանցելով այդ եւ դրանով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։ Տ․ Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգեւոր հովիվն էր։ Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերեւս իմանալով Եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել՝ ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է՝ իր տանը թոռներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է` ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։ Բանն այն է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որ համակարգի քաղաքականության մշակման պատասխանատուն է, ունի տեսական գիտելիքներ, եւ երբեմն պրակտիկ ոստիկաններին ուղղակի չի հասկանում, եւ տեսությունն ու պրակտիկան համակարգում բախվում են իրար: Նախարարը բանիմաց է, կարդացած, տեսությունը լավ գիտի, բայց ոստիկանները պրակտիկ կյանքում նրա պատկերացրած թեորիաները չեն կարողանում գործի դնել, աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլեւս անտանելի է, չեն կարողանում աշխատել. նրանք դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։
Ըստ նույն աղբյուրների՝ ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով՝ այլ քաղաքական իշխանության, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների, կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ «Մենք ամեն ինչ անում ենք՝ վերեւից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը», – նշում են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում։
Միեւնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ իրավիճակը համակարգում բարելավման միտումներ չունի։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոսով, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50 տոկոսով։ Սա, ըստ փորձագետների, լուրջ ազդակ է. իրավապահ համակարգը բախվում է կառավարման եւ արդյունավետության խորքային խնդիրների։ Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ըստ մեր տեղեկությունների, քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ «Շատերն այլեւս չեն կարողանում ինքնագոհ աշխատել, քանի որ զգում են՝ արդյունքը չի արդարացնում ջանքերը», – փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից Երեւանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառումը, որի կարեւորությունը, ըստ ամենայնի, հասկանում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ մի շարք այլ երկրների կրթության ու գիտության ոլորտների նախարարներ։ Պանելային քննարկումների ժամանակ, այնուամենայնիվ, միջազգային պատվիրակները, որոնք եկել են «ստուգելու» Հայաստանի՝ «գիտության նոր մայրաքաղաքի» կարգավիճակը, վայելել են Հայաստանը: Նրանց հրավիրելու, դիմավորելու, կեցության եւ ճանապարհածախսը հոգացել է ՀՀ Կառավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը պատոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզեց, որ գերշքեղ «Դվին» համալիրում կազմակերպված երկօրյա միջոցառման համար ծախսվել է մոտ 159.4 մլն դրամ, ինչը կազմում է գրեթե 421 հազար ԱՄՆ դոլար։ Մեկ ելույթի համար՝ պարզապես խոսքի ու բառերի դիմաց, հյուրերին վճարվել է 400-600 հազարական դրամ, Լոնդոնից 8 մասնակից է ելույթ ունեցել, որոնց վճարվել է 4.8 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթն ունեցել է առանց ԶԼՄ-ների, մինչդեռ հանրությունը ցանկանում է իմանալ՝ ինչ է ստացել Հայաստանը այս ֆորումից՝ բացի գունագեղ PowerPoint-ի սահիկաշարից ու պատրասված թեյ-սուրճի սեղաններից։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ու խոսակցությունների ժամանակ նաեւ ասել է, որ կարծես թե միայն ինքն է մինչեւ վերջ հավատում, որ Ակադեմիական քաղաք ծրագիրը կյանքի կկոչվի. մյուսները թերահավատ են: Այս խոսքերը Կառավարութան ներկայացուցիչների շրջանում տարակուսանք են առաջացրել: Նկատենք, որ վերջնական հստակություն դեռ չկա, բայց մի բան պարզ է. համագումարի ծախսերը շատ ավելի բարձր են, քան մեր ակնկալած գիտելիքի արդյունքը, իսկ Հայաստանի հարկատուները վճարել են ոչ թե կրթության, այլ մուտքի քարտերի ու հյուրասիրության համար։ «Ակադեմիական քաղաք» ֆորումը, փաստորեն, դարձել է օրակարգային մեգաֆորում, որտեղ ծախսերի «գունագեղությունը» ավելի ազդեցիկ է եղել, քան ծրագրի արդյունավետության մասին պատկերացումները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։
Թեմային շտապեց միանալ նաեւ ՔՊ-ական մյուս «տուրիստը»՝ գործուղումների ամենաշատ մեկնողներից Սարգիս Խանդանյանը, ով հումորով գրեց, որ այս անգամ չի հասցրել Շվեյցարիա գնալ, բայց «մյուս անգամ անպայման կմիանա»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական հաշվարկներով՝ պատգամավորի մեկ գործուղման վրա պետական բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելի։ Եվ երբ այդ գործուղումները վերածվում են լուսանկարների հավաքածուի ու վայելքների, հասարակությունը, բնականաբար, սկսում է հարցնել՝ արդյոք սա՞ է այն աշխատանքի արդյունքը, որի համար ժողովուրդն է վճարում պատգամավորին։ ՔՊ-ում, թերեւս, դեռ չեն որոշել՝ ինչպես են համատեղելու պետական գործուղումները եւ հանգիստը, բայց մի բան հստակ է. «վայելել» բառը նրանց բառապաշարում վաղուց փոխարինվել է «աշխատել» բառով, որպեսզի լուրջ ստացվի։ Իրականում նրանք պետության միջոցներով վայելում են կյանքը»։
"Հրապարակ" օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։ Ի դեպ, նոր տեղեկություն ենք ստացել, որ քննությանը մասնակցել է նաեւ մի քանի ընդդիմադիրների նախորդ երթին մասնակցած եւ երթից հետո կալանավորված տաշիրցիների գործով դատախազ Հայկ Ավետյանը։ Տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդում ամփոփվել են քննության արդյունքները, եւ քննությանը մասնակցած, դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել՝ չի ստացել 80 միավոր։ Այսինքն՝ ոչ մեկը չի անցել երկրորդ փուլ։ Իսկ առաջին փուլը սովորաբար ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան՝ երկրորդը։