23.11.2024
Մամուլ. Ընդդիմադիր եռյակը է ձևավորվել է. «լեզու են գտե՞լ»
prev Նախորդ նորություն

Իրավական պետություն Հայաստա՞ն. դատարանը վճռում է, ԴԱՀԿ-ն թերանում, Հովեյանն էլ վայելում

Հայաստանը, թերևս, այն եզակի երկրներից է (խոսքը, հիշեցնենք, ժողովրդավարական երկրի մասին է), որտեղ դատական բոլոր ատյաններում կայացվում է որոշում, այն հիմնավոր կերպով ներկայացվում է որոշումը կատարող պետական օղակներին, սակայն վերջիններս հայտարարում են, որ նման նախադեպ դեռ չի եղել ու որոշումը թողնում օդից կախված վիճակում:

2017 թվականին VERELQ-ին էին դիմել «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի» աշխատակիցները: Այդ ժամանակահատվածում մի շարք ՊՈԱԿ-ներ ու հիմնարկներ օպտիմալացվում էին, սակայն մեզ դիմած աշխատակիցները պնդում էին, որ օպտիմալացման անվան տակ ուրիշ, մութ գործարքներ են իրականացվում:


Նախապատմությունը հետևյալն է8. 2011 թվականին «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» օպտիմալացման արդյունքում միացավ Ժողովրդական արվեստի պետական թանգարանի հետ: Իսկ 2017-ի հուլիսի 21-ին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես էր եկել առաջարկով՝ կառուցվածքային փոփոխություններ կատարել կենտրոնում, որոնք, մասնավորապես, պետք է տարածվեին միայն Արշակունյաց 28/7-ում տեղակայված ժողկենտրոնի վրա: Պարզ դարձավ, որ թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի որոշմամբ Ժողստեղծագործության կենտրոնը՝ իր 20-22 աշխատակիցներով, ամբողջությամբ լուծարվում է և մնում է միայն թանգարանը իր 30-40 հաստիքներով: Եվ փաստացի 2017 թվականի նոյեմբերից լուծարվեցին աշխատակիցների պայմանագրերը:

Այս էլ երեք տարի է նախկին աշխատակիցները պայքարում են արդարությունը վերականգնելու համար՝ անցնելով բոլոր հնարավոր ատյաններով: VERELQ-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ի աշխատակից Սվետլանա Աղաբալյանը նշեց, որ դատարանի բոլոր երեք ատյանները շատ անաչառ հետաքննել են այս գործը, պատասխանող կողմից բացատրություններ է պահանջվել, թե ինչի՞ հիման վրա է լուծարման որոշումը կայացվել ու քանի որ երեք ատյանում էլ ոչ մի հիմք չեն ստացել՝ որոշում է կայացվել իրենց օգտին.

«Ըստ այդմ, դատարանը վճռել է անվավեր ճանաչել մեզ աշխատանքից ազատելու որոշումը: Ի դեպ, ի սկզբանե դա ներկայացվում էր,որպես օպտիմալացման շրջանակում կատարվող գործընթաց, սակայն դա օպտիմալացում չէր, քանի որ թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը ինքնագլուխ այդ հաստիքներից որոշ մասը ուղարկել է Երևանին հարակից շրջաններ խմբակների ղեկավարման անվան տակ, մնացածն էլ, թե ինչ է արել՝ չգիտենք: Այսինքն, առանց ունենալու կառավարության որոշում ու Մշակույթի նախարարի հրամանը, որն ընդամենն առաջարկում էր իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, Հովեյանը ամբողջ հիմնարկի հաստիքները կրճատել է՝ կոնկրետ մեր հաստիքները, մինչդեռ մենք գերակա հիմնարկն էինք, ու ուղարկել է շրջաններ: Դատարանն էլ որոշեց, որ այդ ամենը ապօրինի է, պետք է ճանաչվի անվավեր, մեր հաստիքներն էլ վերադարձվի մեզ ու վճարվի մեր այս ժամանակահատվածի պարապուրդը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Այլ կերպ ասած, Հովեյանը պետք է ոչ միայն մարդկանց վերադարձնի իրենց հաստիքները, այլև վճարի 2017 թվականի նոյեմբերից հետո նրանց պարապուրդի դիմաց: Դատարանն այս վճիռը կայացրել է մեկ տարի առաջ, բայց մեկ տարի է սայլը տեղից չի շարժվում. Հովեյանը ոչինչ մտադիր չէ փոխել, քանի որ շատ լավ թիկունք ունի՝ ի դեմս պետական մարմինների անգործության:

Ավելին՝ ստացվում է, որ մինչ օրս այդ հաստիքները կան, պետության կողմից դուրս է գրվել աշխատավարձ, բայց թե ո՞ւր են գնացել այդ գումարները՝ պարզ չի: 32 հաստիքից, նշեց տիկին Աղաբալյանը, 15 հաստիքի խմբակներ են բացվել հարակից շրջաններում, մինչդեռ այդ խմբակները նախկինում էլ եղել են, բայց ներկայացվում է այլ կերպ: Իսկ մնացած 17 հաստիքների ճակատագիրը պատված է ապօրինության մշուշով:

Ի՞նչ է լինելու. Սվետլանա Աղաբալյանը նշում է՝ չեն պատկերացնում, որովհետև թվում է, թե պարզից էլ պարզ է ինչ պետք է լիներ, բայց պետական բոլոր մակարդակներում իրենց հարցը բախվում է քար լռության ու անտարբերության.

«Բնականաբար, որպես գիտակից քաղաքացի մենք ակնկալում էինք, որ դատարանի վճռից հետո հաջորդ քայլը ԴԱՀԿ-ինն է, որը, որպես դատարանի վճիռը կատարող հիմնարկ, կիրագործի իր գործառույթները: Բայց, փաստացի, ԴԱՀԿ-ն անզոր գտնվեց Հովեյանի առջև, քանի որ մի քանի նամակ ուղղելուց ու ոչինչ չստանալուց հետո մեզ հայտարարվեց, որ նման նախադեպ նախկինում չեն ունեցել ու չգիտեն, թե ինչպես գործադրեն իրենց գործիքակազմը: Պատկերացնո՞ւմ եք: Արդյունքում մեր հարցը ուղարկվել է Գլխավոր դատախազություն, այնտեղից Ոստիկանություն, հետո Քննչական կոմիտե: Երկու օր առաջ էլ մեր համառության արդյունքում ԴԱՀԿ-ից տեղեկացրեցին, թե կալանք է դրվել ՊՈԱԿ-ի հիմնադրամների վրա, բայց մեր տեղեկություններով՝ իրենք մինչև հիմա աշխատավարձ ստանում են… մի խոսքով, անհասկանալի իրավիճակ»:

Հարցին՝ իսկ ի՞նչ է անում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մեր զրուցակիցն ասաց՝ բացարձակապես ոչ մի բան: Բազմիցս դիմել են, բայց նախարարությունը լրիվ «ձեռքերը լվացել է» այս գործից ու որևէ կերպ ո՛չ արձագանքում է, ո՛չ զբաղվում իրենցով: 

Ի դեպ, Հովեյանի արձագանքը այս տարիներին եղել է մեկը՝ հաստիք չունեմ, բայց դատարանը, ըստ Աղաբալյանի, հիմք չընդունեց այդ բացատրությունը: Ու քանի որ որևէ մարմին իր տեղում չէ, աշխատակիցները տանը նստած են, օրինական որոշումները ձեռքներին, մինչդեռ իրենց հաստիքներն ու աշխատավարձերը չգիտես ով է տնօրինում.

«Խնդիրը նրանում է, որ եթե նա իսկապես հաստիք չունի, ինչպես պատճառաբանում է, ապա մեր թանգարանին հատկացվող սուբսիդիաները պետք է վերադառնան բյութե, մինչդեռ նման բան չկա: Ստացվում է, որ նա ոչ թե տեղ չունի, այլ ցանկություն չունի այդ տեղը ազատել մեզ վերադարձնել, քանի որ այդ դեպքում ինքը, թերևս, շատ բաներից կզրկվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք չգիտեն հիմա ինչի սպասեն և ինչ է լինելու:
Այսպիսով, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իրավական համարվող պետությունում դատարանի որոշումները կարող են չկատարվել, մնալ օդում կախված, պատկան մարմիններն էլ փոխանակ իրենց գործառույթներն իրականացնեն՝ հիմնվում են անհիմն պատճառաբանությունների վրա: Դա էլ հնարավորություն է տալիս, օրինակ, նույն ԴԱՀԿ-ին, որ բյուջեից գումարներ է ստանում, մատնվել անգործության: Ու թե ինչ է լինելու հետո ոչ ոք պատկերացում չունի:

Լիա Խոջոյան