ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով օպտիմալացման շրջանակում փակվող ՊՈԱԿ-ների ու հիմնարկների շքերթը շարունակվում է: VERELQ-ի խմբագրություն ահազանգած «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի» աշխատակիցները, սակայն, պնդում են, որ օպտիմալացման անվան տակ ուրիշ, մութ գործարքներ են իրականացվում՝ Մշակույթի նախարարի հովանու ներքո:
2011 թվականին «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» օպտիմալացման արդյունքում միացավ Ժողովրդական արվեստի պետական թանգարանի հետ: Իսկ 2017-ի հուլիսի 21-ին նախարար Արմեն Ամիրյանը հանդես է եկել առաջարկով՝ կառուցվածքային փոփոխություններ կատարել կենտրոնում, մի քանի օրից հետևած հաջորդ առաջարկով հստակեցնելով, որ այդ փոփոխությունները պետք է տարածվեն միայն Արշակունյաց 28/7-ում տեղակայված ժողկենտրոնի վրա: Ըստ այդմ, նշված հասցեում տեղակայված Ժողկենտրոնը ներկայացնող երկու բաժինը պետք է փոխարինվի ժողովրդական մշակույթի պահպանման և հանրահռչակման բաժնով:
VERELQ-ին ահազանգած կենտրոնի գիտաշխատող Հռիփսիմե Սարգսյանը նշեց, որ այդ գրություններից իրենք հասկացել են, որ խոսքը կառուցվածքային փոփոխությունների մասին է, մինչդեռ թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանի գրություններից պարզվում է, որ Ժողստեղծագործության կենտրոնը՝ իր 20-22 աշխատակիցներով, ամբողջությամբ լուծարվում է և մնում է միայն թանգարանը իր 30-40 հաստիքներով: Աշխատակիցներին էլ տեղեկացրել են, որ հոկտեմբերի 16-ից իրենց հետ լուծարում են անժամկետ աշխատանքային պայմանագրերը.
«Պարոն նախարարը մեզ հետ հանդիպել է միայն անցած տարի, երբ փոխնախարարի հետ այցելել էին, ծանոթացել էին շենքային պայմաններին: Այո, շենքի վիճակը անմխիթար է, որովհետև տարիներ շարունակ վերանորոգում չի իրականացվել, բայց մեր աշխատանքի հետ կապված խնդիրներ չի եղել, քանի որ մենք կատարել ենք թե՛ նախարարի, թե՛ տնօրենի հանձնարարականներն անթերի և երբեք մեզանից որևէ մեկը ոչ նկատողություն և ոչ էլ դիտողություն չի ստացել: Եվ մեզ համար շատ անակնկալ էր այն փաստը, որ մեր ամբողջ կոլեկտիվը կանգնում է լուծարման խնդրի առաջ»,- ասաց տիկին Սարգսյանը:
Հիմնարկը, նրա խոսքով, տարիներ շարունակ իրականացրել է մշակույթի հանրահռչակման գործառույթները սուղ միջոցներով, անգամ մարզային այցելությունների համար գործուղման գումարներ չեն ստացել, թեև իրենց գործառույթներն են արվեստի բոլոր ժանրերը՝ բանահյուսություն, երգ, պար, տոներ և այլն: Սակայն ժամանակի ընթացքում ու հատկապես Հովեյանի նշանակվելու հետո կապը մարզերի հետ՝ այդ խնդիրների պատճառով, պրակտիկորեն կտրվել է: Իսկ այսօր էլ 20-22 հոգի կանգնած են աշխատանքը կորցնելու շեմին:
Հարցին՝ փորձե՞լ են հանդիպել նախարարի կամ Հովեյանի հետ, հասկանալ իրավիճակը, մեր զրուցակիցը նշեց, որ դիմել են և՛ մեկին, և՛ մյուսին: Ընդ որում Արմեն Ամիրյանին ուղղված գրությունները առհասարակ մնացել են անպատասխան, իսկ նախարարն էլ հրաժարվել է ընդունել ժողստեղծագործության կենտրոնի երկարամյա աշխատակիցներին: Անցյալ շաբաթ ողջ կոլեկտիվն այցելել է տնօրեն Հովեյանին, սակայն վերջինս մերժել է իրենց ընդունել, դուրս է հանել բավականին կոպիտ ձևով՝ բղավելով և ձեռքը սեղանին խբելով, առանց որևէ մեկին լսելու՝ պատճառաբանելով, թե երկու անգամ կանչել է, սակայն իրենք չեն ներկայացել: Հռիփսիմե Սարգսյանի խոսքով, սակայն, նման բան չի եղել և այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում.
«Ամբողջ աբսուրդն ու իրավիճակի կուրյոզը նրանում է, որ պարոն նախարարը «Արար» ծրագիր է առաջարկում, որը բավականին լայն գովազդվեց և մեր հավատը չի գալիս, որ այդ ծրագիրը իրականացվելու է մեր հիմնարկի լուծարմանը զուգահեռ: Այսինքն, առաջարկվող փոփոխության հետևանքով հոկտեմբերի 16-28-ը հաստիքները փոխանցելու են մարզային ժողովրդական վարպետներին՝ «Արար» ծրագրին, իսկ մեր երկարամյա փորձը, պոտենցիալ հնարավորությունները ուղղակի անտեսում են: Հասկանալի է, չէ, որ այդ ծրագիրն ավելի արդյունավետ չի աշխատելու, քան մեր հիմնարկը և կամ՝ երբ ծրագիրն ավարտվեց, ո՞վ է զբաղվելու մշակույթը մարզերում հանրահռչակելու գործով, ո՞ւմ է դա հետաքրքիր լինելու, եթե մենք այլևս չլինենք»,- ասաց նա:
Խնդիրը, թե ինչու է նախարարությունը գնում այդ քայլին, ըստ աշխատակիցների շենքային տարածքն է: Տարածքը 3000 քմ է, գտնվում է Կոմիտասի այգում և մի քանի անգամ իրենք տեսել են, թե ինչպես է նույն Արմեն Ամիրյանն այդ տարածքում զբոսնում: Այնպես որ, իրենք ենթադրում են, որ լուծարելով հիմնարկը՝ կտրելով գլուխը, այսպիսով փորձում են ազատվել նաև գլխացավանքից.
«Կարող եմ միայն մեկ բան ասել՝ մենք պայքարելու ենք, դատարան էլ կհասնենք, որովհետև եթե հիմնարկը լուծարում են, ուրեմն թող ամբողջ ֆինանսավորումը, որ կառավարության կողմից ուղղվել է այդ ծրագրին, հետ վերցնեն: Եթե մենք չենք կարողանալու վերականգնել մեր հիմնարկը, ֆինանսավորումը պետք է վերադարձվի, իսկ եթե ոչ՝ պայքարելու ենք մինչև վերջ»,- հավելեց նա: