ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ», որը նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում: Խոսքը հատկապես ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների հայերենին զուգահեռ դասավանդոման մասին է:
ԿԳՆ-ից, սակայն, հորդորում են հարցը չքաղաքականացնել և նշում, որ նույն փոփոխությունները վերաբերում են նաև այլ լեզուների:
VERELQ-ի հետ զրույցում ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը պարզաբանեց, թե ինչ են իրականում իրենից ենթադրում հայեցակարգային այս փոփոխությունները:
-Նախևառաջ ուզում եմ հատուկ նշել, որ այս հարցը պետք չէ քաղաքականացնել, քանզի հայեցակարգերը որևէ լեզվի որևէ կարգավիճակ ՀՀ-ում չեն տալիս: Այստեղ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ: Եվ ընդհանրապես՝ խոսքը միայն ռուսերենի մասին չէ և այս պահին ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել նաև առհասարակ օտար լեզուների դասավանդման հայեցակարգ ևս և այս երկու հայեցակարգերն էլ բացարձակապես կապ չունեն օտարալեզու դպրոցների հետ: Այս հայեցակարգերը բացարձակ չեն սահմանում, որ դպրոցները պետք է դառնան օտարալեզու, ընդամենը դրանցով կարգավորվելու է ռուսաց լեզվի և առհասարակ օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը: Լեզվի իմացությունն այսօր աշխարհում երիտասարդների համար մրցակցային առավելություն է՝ թե՛ հետագայում կրթությունը շարունակելու, թե՛ աշխատանքային պահանջներին արձագանքելու համար, հետևաբար կարիք կա, որպեսզի Հայաստանում օրենսդրորեն բարձրացնենք օտար լեզուների բարձրացման մակարդակը: Սա նշանակում է, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո գոնե որևէ օտար լեզվի պետք է կարողանա տիրապետել:
-Հայեցակարգում նշվում է, որ ավագ դպրոցներու որոշ առարկաներ դասավանդվելու են ռուսերեն, ինչի՞ մասին է խոսքը:
-Խոսքը չի վերաբերում նրան, որ որևէ առարկա պետք է պարտադիր դասավանդվի այդ լեզվով, այլ խոսքը նրա մասին է, որ երիտասարդների մոտ երբեմն բանավոր խոսքի դժվարություններ կան, այսինքն կլինեն որոշակի ժամեր, որ առարկաների որոշակի թեմաներ կուսուցանվեն այլ լեզուներով՝ դա կլինի ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլն: Պարզապես խոսակցականը, բանավոր խոսքը զարգացնելու համար:
-Ըստ վիճակագրության՝ Հայաստանի բնակչության 2,1 մլնը խոսում է ռուսերեն: Հայեցակարգային այս փոփոխությունները միտվա՞ծ են ռուսերենին գերակայություն տալուն:
-Գործողությունների առումով մենք տարբերակում չենք դնում լեզուների մեջ, պարզապես ձգտում ենք, որ մեր երիտասարդները, դպրոցը ավարտելուց հետո, իրենց ցանկությամբ որևէ լեզվի տիրապետեն՝ դա կլինի ռուսերեն, թե անգլերեն: Այնպես չի, որ այս հայեցակարգով ռուսերենին հատուկ գերակայություն ենք տալիս: Բայց նաև ասում ենք, որ ռուսերենը մեզ համար կարևոր լեզու է՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրողությունը, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և դիվանագիտական կապերը: Այո, ռուսերենը մեզ համար կարևոր լեզու է և գտնում ենք, որ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման գործընթացներում շատ կարևոր է և պետք է, որ մեր երիտասարդությունը ազատ տիրապետի նաև ռուսերենին:
-Բանակցություններ տարվո՞ւմ են այն պետությունների հետ, որոնց լեզուների խորացումը այս հայեցակարգերը նախատեսում են, արդյոք տրամադրվելու են դասագրքեր, մեթոդաբանությունն է համապատասխանեցվելու և այլն:
-Մենք համագործակցում ենք տարբեր պետությունների հետ, օրինակ, գերմաներենի, ֆրանսերենի հետ կապված ֆրանկոֆոն պետությունների հետ, ինչպես նաև ռուսերենի հետ կապված համագործակցություն կա: Հայեցակարգում, այո, մենք խնդիր ենք դրել ծրագրերի և դասագրքերի բովանդակային վերանայման, քանի որ գտնում ենք, որ այդ դասագրքերը չեն բավարարում այն պահանջներին, որոնց պետք է տիրապետի երեխան դպրոցն ավարտելուց հետո:
-Պարոն Արշակյան, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:
-Մենք հրապարակել ենք հայեցակարգը, որտեղ նշված է ամփոփ նկարագիրը, խնդիրները և լուծման ճանապարհները: Հայեցակարգը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում, որից հետո տարբեր գերատեսչություններում ևս կքննարկվի, որից հետո էլ կուղարկվի կառավարություն: Դրանից հետո միայն կկազմվի կոնկրետ ժամանակացույց, այսինքն խոսքը առաջիկա տարիների մասին է:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ»-ում ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունում ռուսերենի դասավանդման զարգացումը պետք է ուղղված լինի միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը խթանելուն: Այն կարևոր է՝ հաղորդակցության հիմք ստեղծելուն, կարողանալով որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հաղորդակցվել ռուսերենով, ստանալ գիտելիքներ տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին»: Ինչպես նաև՝ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է»:
Լիա Խոջոյան