Գլխավոր նպատակն իրական խաղաղության հաստատումն է. Արման Թաթոյան
Լուսանկարը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է իր ծրագրի հիմնական դրույթները՝ հայտարարելով երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Իր ելույթում նա ընդգծել է, որ գլխավոր նպատակն իրական խաղաղության հաստատումն է, որը հնարավոր է միայն սեփական ուժերով պաշտպանվելու ունակ պետության պայմաններում, այլ ոչ թե արտաքին ուժերի կամքից կախվածության դեպքում։
Գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ Թաթոյանը քննադատել է ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ երկրի նախկին ղեկավարներին։ Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունը սնվում է անցյալի սխալներով, իսկ հասարակությունն այլևս չի կապում երկրի ապագան նրանցից որևէ մեկի հետ։ Ի հակակշիռ «մեղք — համակերպվել — հանձնվել» բանաձևին՝ նախաձեռնության առաջնորդն առաջարկում է «սխալներ — դասեր — վերածնունդ» հայեցակարգը։ Նա նաև կոչ է արել հրաժարվել ծայրահեղությունների միջև ընտրություն կատարելու բազմամյա պրակտիկայից՝ շեշտելով անվտանգության և ժողովրդավարության, հզոր բանակի և ազատ տնտեսության միաժամանակյա զարգացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության թեմային՝ Արման Թաթոյանը նշել է, որ խնդիրը ոչ թե փաստաթղթի, այլ այն չպահպանելու մեջ է։ Նա կտրականապես դեմ է արտահայտվել Մայր օրենքը մեկ անձի կամ օտարերկրյա պետությունների պահանջներին հարմարեցնելուն։ Արտաքին քաղաքականության ոլորտում նախաձեռնությունը խոստանում է ընդլայնել ռազմական համագործակցությունը թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Առանցքային դեր է հատկացվում Սփյուռքին. նախատեսվում է կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն՝ Հայաստանը Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնի վերածելու համար։
Ըստ ներկայացված ծրագրի՝ ներքին քաղաքականությունը կենտրոնանալու է հավասար հնարավորությունների ստեղծման, այլ ոչ թե օլիգարխիայի դեմ ձևական պայքարի, ինչպես նաև կոռուպցիայի համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման վրա։ Քաղաքաշինության ոլորտում ներդրվելու է համալիր կառուցապատման սկզբունքը, որտեղ բնակելի շենքերի կառուցումը խստորեն փոխկապակցված կլինի ենթակառուցվածքների՝ դպրոցների, զբոսայգիների և ճանապարհների ստեղծման հետ։ Բացի այդ, Թաթոյանը խոստացել է փակել ապօրինի քարհանքերը, սկսել Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների իրական նախագծումն ու կառուցումը, ինչպես նաև վերադարձնել Հայոց պատմությունը դպրոցական ծրագիր։
Ելույթի ավարտին «Միասնության թևերի» առաջնորդն անդրադարձել է արցախահայության իրավունքներին՝ խոստանալով հետևողականորեն առաջ մղել նրանց արժանապատիվ կյանքի և անվտանգ վերադարձի հարցը։ Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Թաթոյանն ընդգծել է, որ ի տարբերություն այն թեկնածուների, որոնք անուղղակիորեն վայելում են աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Ադրբեջանի աջակցությունը, ինքն առաջադրվում է բացառապես որպես Հայաստանի թեկնածու և առաջնորդվելու է միմիայն ազգային շահերով։