23.11.2024
Ռուսերենը մեզ համար կարևոր է, ուսուցումը կխորացվի. ԿԳՆ-ից հորդորում են չքաղաքականացնել
prev Նախորդ նորություն

Ես տեղյակ չեմ եղել զուգահեռ ընթացող Պերմյակովի արտահանձնման գործընթացից. Հարությունյան

Հրաչյա Հարությունյանը Հայաստանում է, իր պատժի 2 տարի 8 ամիսը նա կկրի հայրենիքում, ընդ որում ՝ բաց ռեժիմով: Գուցե այն ամենն է, ինչի միջով նա անցել է 2013 թ. հուլիսի 13-ից սկսած Հարությունյանին դարձրել սակավախոս կամ այդպիսին նա միշտ է եղել, բայց ռուսական բանտում անցկացրած տարիների ու իր հետ պատահած ողբերգության մասին նա չի սիրում խոսել: Ապագայի մասին էլ խոսում է բավականին զուսպ, միայն երկու հարցում է հստակ՝ ազատության մեջ հայտնվելուն պես առողջական խնդիրներով է զբաղվելու ու այլևս երբեք չի մեկնի արտագնա աշխատանքի՝ միայն հայրենիքում մարդ կարող է պաշտպանված լինել:


VERELQ-ը զրուցեց Հրաչյա Հարությունյանի հետ, ում վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:


-Պարոն Հարությունյան, Ձեր առողջական վիճակի մասին բավականին հակասական տեղեկություններ են շրջանառվում, ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում:

-Նախկինի համեմատ հիմա համեմատած ավելի լավ եմ, բայց ունեմ բժշկական օգնության կարիք. ազատության մեջ հայտնվելուն պես պետք է բժիշկներին դիմեմ բուժումների համար: Սիրտս է, ողնաշարս է, թևի տակ ուռուցք ունեմ:

-Ինչպե՞ս հնարավոր եղավ Ձեր արտահանձնումը Հայաստան: Հավատո՞ւմ էիք, որ պատժի կրումը հնարավոր է Հայաստանում:

-Հավատս շատ մեծ էր ու ողջ ընթացքում, ինչ այնտեղ եմ անցկացրել հավատում էի, որ մի օր ինձ կտեղափոխեն Հայաստան: Առավել ևս, որ զգում էի՝ ամբողջ ազգս կանգնած է թիկունքիս, ու այդպես էլ եղավ:

-Երբ հայտնի դարձավ Ձեր արտահանձնման մասին, անմիջապես հստակեցվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում Պերմյակովին և շահարկվեց այն, որ գործ ունենք փոխանակման հետ: Ձեր կարծիքով դա այդպե՞ս է, Դուք այսօր Հայաստանում եք, որովհետև Պերմյակովը վերադարձավ հայրենիք և կարելի՞ է արդյոք համեմատել այն, ինչի մեջ մեղադրում են Ձեզ և այն, ինչ արել է Պերմյակովը:

-Ես ընդհանրապես տեղեկություններ չեմ ունեցել այդ մասին, անգամ տեղեկացված չեմ եղել, որ նման գործընթաց է ընթանում: Բայց միանշանակ է, որ իմ դեպքը դժբախտ պատահար է՝ մեքենայի արգելակները չեն պահել, իսկ Պերմյակովը մարդասպան է՝ զենքով մտել, մի ամբողջ ընտանիք է ոչնչացրել: Իմ գործն ու նրա գործը շատ տարբեր բաներ են և անգամ համեմատելու եզրեր չկան: Բայց, կրկնում եմ, ես ոչ մի տեղեկություն չեմ ունեցել նման գործընթացի մասին:

-Հաշվի առնելով պատահարի հասարակական հնչեղությունը և այն դրվագները, որ եղան գործընթացի հենց սկզբում, Ձեր նկատմամբ ճնշում հետագայում զգացե՞լ եք:

-Բնականաբար…. այդքան մարդ էր մահացել: Մենք երկրորդական մարդիկ ենք…

-Հնարավոր համարում եք երբևէ նորից մեկնել արտագնա աշխատանքի, նույն Ռուսաստան՝ հաշվի առնելով վերջին տարիների մղձավանջը:

-Ոչ: Ոչ կգնամ, ոչ էլ միտք ունեմ երբևէ վերադառնալ Ռուսաստան: Այսքանից հետո դա ուղղակի հնարավոր չի…

-Սեփական փորձից ելնելով կարող եք ասել՝ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում, հայտնվելով նման բարդ իրավիճակում, արդյոք պաշտպանվա՞ծ է:

-Որքան էլ պաշտպանված լինի, բայց դա երբեք համեմատելու չէ այն պաշտպանության հետ, որ մարդ իր հայրենիքում ունի: Ոչ մի երկրում մարդ իրեն պաշտպանված չի զգա, որովհետև դա իր հայրենիքը չի:

Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանի ազատազրկման կիսաբաց ռեժիմը փոխարինվել է բաց ռեժիմով, ինչը նշանակում է, որ մինչև պատժի կրման ավարտը նա կկարողանա առավոտյան 08:00-ին դուրս գալ ՔԿՀ-ից և հսկվող գոտի վերադառնալ երեկոյան 20:00-ին: ՀՀ օրենսդրությամբ անզգույշ հանցագործության համար դատապարտված անձինք պատիժը կրում են բաց ռեժիմային գոտում:


Լիա Խոջոյան