23.11.2024
Ես տեղյակ չեմ եղել զուգահեռ ընթացող Պերմյակովի արտահանձնման գործընթացից. Հարությունյան
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն էլ գիտեր, որ Ադրբեջանը կհարձակվի, բայց անկախանալուց չհրաժարվեցինք. Սարգսյանը դիտորդ է

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Էրբիլում և որպես դիտորդ մասնակցում Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեին: VERELQ-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ ու առհասարակ այնպիսի տպավորություն է, թե սա շատ մեծ տոն է իրենց համար:

«Երրորդ օրն է, ինչ ես այստեղ եմ և կարող եմ ասել, որ գործ ունենք գրեթե կայացած պետության հետ, որն ունի իր սեփական, արդյունավետ գործող իշխանությունը, ունի ժողովուրդ, որն իրոք ձգտում է այդ անկախությանը և ունի իր բանակը, որը շատ կազմակերպված է ու միակն է, որ կարողացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարելով մաքրել իր տարածքը գրոհայիններից: Եվ որ ամենակարևորն է՝ ամեն ինչ շատ խաղաղ է ընթանում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով, մարդիկ շտապում են ընտրատեղամասեր, կուտակումներ են տեղի ունենում, քանի որ ամենքը պարտադիր ուզում է մասնակցել հանրաքվեին: Հարյուրավոր մարդիկ, չնայած շոգ եղանակին, հերթերում կանգնած են, որպեսզի անպայման մասնակցեն քվեարկությանը, բայց որևէ հրմշտոց կամ լարվածություն չկա՝ անկախանալու ժողովրդի ցանկությունը շատ մեծ է:

«Երբ ինձ որպես դիտորդ հրավիրեցին մասնակցելու առաջինը, ինչ կարևորեցի, դա Արցախի հիմնախնդրի հետ կապված առնչվող խնդիրներն են, որոնք անպայման կունենան նաև զուգահեռ մոտեցումներ: Եվ ես ուշադիր հետևում եմ այդ ամենին՝ հասկանալու, թե ինչպիսի հնարավորություններ կլինեն օգտվելու նաև այս անցկացվող հանրաքվեի արդյունքներից»,- նշեց նա:

Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին այսօր հայտարարել է, թե Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումից հետո իրաքյան բանակի հետ ռազմական գորոծողությունների մեկնարկ չեն սպասում: Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս նման վտանգ չեն տեսնում: Նրա խոսքով, միակ մտահոգությունը, որ ունեն ինքնավարությունում, կապված է Քիրքուքի հետ, քանի որ վերջինս նավթային շրջան է, համարվում է վիճելի տարածք և, բացի այդ, հենց Քուրդիստանի զինվորներն են ազատել Քիրքուքը ԴԱԻՇ-ից: Դրա համար միակ մտահոգությունը, միակ սպառնալիքը, որ գոյություն ունի այսօր, դա Իրաքի բանակի կողմից այդ վիճելի տարածքը հետ վերցնելու փորձը կլինի.

«Բայց այս պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է, մարդիկ հանգիստ են: Ինձ մոտ այնպիսի մտավախություն կար, որ արտաքին աշխարհի ջղաձգումները՝ նույն Թուրքիայի, Իրաքի և մյուսների, կարող են մարդկանց վրա ազդել և նրանք որոշ չափով պասիվ լինեն, բայց նման բան չկա: Եվ երեկոյան սպասվում է մեծ տոնակատարություն, վաղը հատկապես տոնելու են իրենց հաջողությունը»:

Քուրդիստանի իշխող Դեմոկրատական կուսակցության հետ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանը հետաքրքրվել է՝ եթե վաղը հանրաքվեի արդյունքներով անկախության հռչակագիրն ունենաք, հաջորդ օրն իսկ հանելո՞ւ եք Իրաքի դրոշները: Մեր զրուցակցի խոսքով, իրեն շատ զարմացրեց պատասխանը՝ ոչ: Անկախացած Քուրդիստանը նախատեսում է շարունակել բանակցությունները և չի ուզում գնալ կոնֆրոնտացիայի: Բայց, շեշտել են նաև նրանք, չեն էլ պատրաստվում հրաժարվել անկախության հանրաքվեի արդյունքներից.

«Բավականին զուսպ ու կշռադատված առաջ են գնում ու փորձում են անել ամեն ինչ, որպեսզի իրենց գործողությունները համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»,- ավելացրեց դեմկուսի առաջնորդը:

Էրբիլին չի անհանգստացնում նաև այն, որ տարածաշրջանային երկրները նման ջղաձգումներով են արձագանքում անկախացման գործընթացին, քանի որ ի սկզբանե եղել են պատրաստ դրան, որ ազատագրական պայքարը անխոչընդոտ չի անցնելու: Բայց, ընդգծեց Արամ Սարգսյանը, եթե որևէ մեկը փորձի իրենց վրա հարձակվել, ապա անպայման համարժեք պատասխան կստանա, քանի որ Էրբիլում պատրաստ են պաշտպանվել և դրա համար ունեն բավականին լուրջ բանակ.

«Սա նույն իրավիճակն է, ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում. մենք չգիտեի՞նք, որ Ադրբեջանը մեր դեմ հանդես է գալու պատերազմական գործողություններով, բայց մենք հետ չկանգնեցինք մեր նպատակից: Նույնն էլ այստեղ է՝ մարդիկ համարում են, որ իրենք արդար են և հարյուր տարի է փորձում են իրենց անկախ պետությունը ստեղծել և որևէ հիմք չկա իրենց մերժելու այդ հարցում, դրա համար էլ շարունակում են իրենց քայլերը»,- հավելեց նա:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ շուրջ 50-60 երկրից դիտորդներ են ժամանել, քանզի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: 


Նշենք, որ հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն այսօր կեսգիշերին: