Քուրդիստանը հանրաքվեից հետո Բաղդադի հետ ռազմական գործողություների մեկնարկ չի սպասում
Իրաքյան Քուրդիստանը Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումից հետո իրաքյան բանակի հետ ռազմական գորոծողությունների մեկնարկ չի սպասում, այս մասին հայտարարել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բացարձակապես չենք մտածում ռազմական կոնֆլիկտի մասին, մենք պատրաստ ենք ագրեսիան հետ մղելուն, բայց ոչ իրաքյան բանակի: Մենք նրա հետ համակարգում ենք իրականացնում, փեշմերգայի եւ բանակի միջեւ, ուստի ես իմ կողմից հաստատում եմ, որ մենք այդ մասին չենք մտածում (Իրաքի բանակի հետ բախման)»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քուրդ առաջնորդը:
Նրա խոսքով՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումից հետո Էրբիլը պատրաստ է Բաղդադի հետ երկարատեւ բանակցությունների.
«Ես ցանկանում եմ շեշտել, որ այս հանրաքվեն չի անցկացվում սահմանների վերագծման համար: Քվեարկության անցկացումից հետո մենք պատրաստ ենք Բաղդադի հետ երկխոսության երկարատեւ գործընթաց սկսել, նրան անհրաժեշտ ժամանակ տրամադրել՝ 1.2 տարի, որպեսզի գտնենք բարիդրացիության բանաձեւը»,- ասել է քուրդ առաջնորդը: Բարզանին մեկնաբանել է նաեւ Թուրքիայի զորավարժությունները, որն այս երկիրը հանրաքվեի անցկացման նախօրեին սկսել է ինքնավարության սահմանին:
«Եթե նրանք զորավարժություններ են անցկացնում իրենց տարածքում, դա իրենց իրավունքն է»,- Էրբիլում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բարզանին: Նա մեկ անգամ եւս կրկնել է, որ քրդերի անցկացրած հանրաքվեն «ոչ մեկին չի սպառնում»: