23.11.2024
Հնարավոր է՝ արևմտյան ուժերն են ճնշում ատոմակայանը փակելու հարցում. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ընդդիմադիր եռյակը է ձևավորվել է. «լեզու են գտե՞լ»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն արդեն իսկ «լեզու է գտել» ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Նրանք համագործակցության եզրեր են գտել` չբացառելով նաեւ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը: Սակայն քաղաքական ուժերը դեռ չեն շտապում միասնական հայտարարություններով հանդես գալ: Ամեն ինչ պարզ կլինի արտակարգ դրության ավարտից հետո, որն օրվա իշխանությունն ամեն գնով փորձում է երկարաձգել` դրանով երկարաձգելով նաեւ իր իշխանությունը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրները իրականացնելու են երկու փուլով։ ա) Փաշինյանի հեռացում` հրաժարականի կամ խորհրդարանական վերադասավորությունների ճանապարհով. կոնսենսուսային համաձայնություն կա, որ անկախ բոլոր կարգի անհամաձայնություններից` այս փուլում բոլորով հանդես են գալիս «մեկ դեմքով», առանց առարկությունների շեշտադրման: բ) Երկրորդ փուլում, երբ Փաշինյանը հեռացված կլինի, կնստեն սեղանի շուրջ` յուրաքանչյուր ուժ իր ճանապարհային քարտեզով, առաջարկով։ Այդ փուլում եւս որոշակի հավակնությունների զսպում պետք է լինի, որովհետեւ ընտրվելու է միջանկյալ-անցումային վարչապետ, որն իրավիճակը շտկելու, երկիրը բոլորի օգնությամբ կորոնովիրուսային վակուումից հանելու, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու հարցը կլուծի։ Դրանից հետո արդեն ընտրություններիը կորոշեն` որ ուժը կամ ուժերը կղեկավարեն երկիրը: Միջանկյալ փուլում կարեւորվում են ոչ այնքան վարչապետի, որը կլինի քաղաքական դեմք, որքան փոխվարչապետների անունները, որպես իրական մենեջերների. տրվում են Հրանտ Բագրատյանի, Արմեն Գեւորգյանի եւ էլի մի քանիսի անունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսեւորեն վաղը եւ մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, եւ պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, եւ որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսեւորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ եւս չեզոք դիրք գրավեն, որեւէ կերպ, որեւէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին եւ այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա: Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաեւ խորհրդարանում եւ որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան եւ այլն»:


«Իրատես» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։ Նախ փաստենք, որ նա փորձել է այդ հայտարարությամբ երկու կողմից իրեն ուղղվող հարվածների համար արդարացում թողնել։ Իմա՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հաթաթաների, ասել, որ նրա անունը չի տվել, վարչապետի հրաժարական չի պահանջել, կառավարության կազմը պիտի փոխվի, մյուս բեւեռից էլ հնչող քննադատության սլաքներն է շեղել, հայտարարելով, թե 100 տոկոսի մեջ մտնում է նաեւ կառավարության ղեկավարը։ Սակայն, անկախ այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որ կողմին ինչպես է բացատրում իր այս հայտարարությունը, փաստ է, որ խորհրդարանական ընդդիմության նման հայտարարությունը պիտի կոնկրետ քայլեր ենթադրի, այլապես ինչո՞վ է խորհրդարանական լծակներ ունեցող ընդդիմությունը տարբերվելու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից։


ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, այդ հայտարարությունից հետո պետք է սկսի քաղաքական, այն է՝ անվստահության գործընթաց, այսինքն, ստորագրություններ հավաքի, դիմի նաեւ մյուս ընդդիմադիր ուժին՝ ԼՀԿ-ին, որպեսզի համատեղ արտահերթ նիստ հրավիրեն ու քննարկեն կառավարության կազմի փոփոխության հարցը։ Ակնհայտ է, որ անգամ երկու քաղաքական ուժերը միասին չեն կարող նոր վարչապետ ընտրել, որովհետեւ միասին այդքան ձայն չունեն, իսկ իմքայլականների աջակցությունն ստանալը շատ դժվար է այս պարագայում։ Այս գործընթացի մեկնարկից հետո, սակայն, ենթադրվում է մի հետաքրքիր շրջան. ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարող է դիմել ժողովրդին եւ ասել, որ իրենց ձայները բավարար չեն կառավարություն փոխելու համար, ուստի, սպառելով խորհրդարանական բոլոր գործիքները, նրանք դուրս են գալիս փողոց։ Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ 2 տարի առաջ արեց Նիկոլ Փաշինյանը, որն անգամ սեփական թիմակիցների աջակցությունը չուներ։ Իրականում որքան հեռու կգնա ու ինչ քայլեր կանի Գագիկ Ծառուկյանը, առայժմ պարզ չէ։ Հստակ է միայն այն, որ նա քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում, բայց, մինչեւ այդ ուժերի հետ համատեղ քայլեր անելը, պիտի սպառի խորհրդարանական գործիքները, դիտարկի բոլոր հնարավորությունները ԱԺ-ում, որովհետեւ դա է իր եւ արտախորհրդարնական ուժերի միակ տարբերությունը՝ մանդատ ունենալ եւ հասարակության որոշակի շերտի առջեւ պատասխանատու լինել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի նախկին թիկնապահ) հարցին` 37 թվի «տրոյկաներն» արդեն եկե՞լ են այցի ԲՀԿ, ավետե՞լ են` «միր դոմու սեմու»։ «Նկատի ունեք` գործե՞ր են հարուցել»: Այո, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը խոսել էր ԲՀԿ հավաքի ժամանակ, այդ թվում եւ ասել էր, որ Ձեր հետեւից էլ կգան, պարոն Բաբայան։ «Բայց ես ի՞նչ եմ արել, որ իմ հետեւից գան»: Ի դեպ, 2 օր է՝ տեղեկատվություն է պտտվում, որ գլխավոր թիրախը Ծառուկյանի որդին է` Նվերը, որը, ասում են, լքել է Հայաստանը։ «Սուտ է, չկա նման բան՝ Նվեր Ծառուկյանը Հայաստանում է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ստուգումներ են իրականացվել նաև Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ղեկավարած «Մուլտի Ագրո» ընկերությունում: Այս ընկերությունը արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց հետո չի գործում, և ընկերության աշխատակիցները աշխատանքի չեն ներկայանում: Ընկերության աշխատակիցները ստուգողներին հայտնել են, որ իրենք պարապուրդի ընթացքում չեն վարձատրվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ՝ որոշումն ընդունելու համար։ Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունը ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով է եկել նման որոշման։ Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։ Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բերել է «մարտական պատրաստվածության»։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո վարչապետը հրահանգել է գերատեսչությունների ղեկավարներին իրենց «թափ տալ», դրական որոշակի ցուցանիշներ ներկայացնել՝ հանրության աչքում նախկին վստահությունը վերականգնելու համար։ Ավելին, զգուշացվել է, որ ովքեր կփորձեն այլ «խաղեր» տալ, անմիջապես կազատվեն նախկին ռեժիմի այդ «մնացորդներից»։ Նույն աղբյուրի պնդմամբ, Փաշինյանը նաեւ քաղաքական մրցակիցների հանդեպ անհանդուրժողականության հերթական սերմերն է ցանել։ Կա հստակ ուղերձ՝ բոլորի նախկին ու ներկա մեղքերը «փռել» հանրության առաջ, թափ հաղորդել քրեական գործերին, չխնայել ոչ մեկին։ Եվ ամենակարեւորը՝ ամեն ինչ պետք է անձամբ իր հետ համաձայնեցնել, ոչինչ չանել առանց իր գիտության, իսկ իր հրահանգներից շեղվողներին հեռացնել աշխատանքից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թվականի դրությամբ ունի 2 անհատականբնակելի տուն և երկու հողամաս: «Ժողովուրդը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ 2017 թվականին դատախազը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ բաժնային սեփականությամբ: Սա հենց այն առանձնատունն է, որի հարցը խորհրդարանում բարձրաձայնել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը և հետաքրքրվել, թե որտեղից պետական պաշտոնյային այդպիսի շքեղ առանձնատուն: Իսկ թերթը դատախազից հետաքրքրել էր, թե արդյոք ապօրինի գույքի վերադարձման և ստուգման գործընթացը չպետք է սկսի հենց իրենից: Ինչևէ, բացի այս առանձնատնից Դավթյանն ունի համատեղ սեփականությամբ երկու հողամաս՝ ձեռք բերված դեռ 1191 թվականին՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում և անհատական բնակելի տուն՝ կրկին նույն վայրում և ձեռք բերված արդեն 2003 թվականին: Տրանսպորտային միջոցների մասին որևէ տեղեկություն առկա չէ. այսինքն հայտարարագրի համաձայն, Արթուր Դավթյանը չունի սեփական ավտոմեքենա և ոչ էլ ձեռք է բերել նախորդ տարի: Հայտարարագրի համաձայն, Արթուր Դավթյանը 2019 թվականի սկզբում ունեցել է 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ: Խոսքը բանկային հաշիվների մասին է, իսկ ահա կանխիկ գումարը տարվա սկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում 5 մլն 800 հազար դրամ: Իսկ ահա եկամտի պարագայում պատկերն այսպիսին է. 16 մլն դրամ նա վաստակել է որպես գլխավոր դատախազ աշխատելու ժամանակ, 43 հազար Երևանի Պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և 2 մլն դրամից ավել գումար էլ Պետական եկամուտների կոմիտեից: Նրա կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս կրկին Հոռոմում: Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 754 հազար դրամ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ: Թեեւ իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգեւորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգեւորված չեն իրենց որդու նոր պաշտոնով: Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նորընտիր ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընտանիքի անդամները` մասնավորապես հայրը, պարոն Ռոբերտ Ղազարյանն իր նեղ շրջապատում հայտնել է իր մտահոգություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը կարող է ծանր եւ անդառնալի վնասներ հասցնել իր որդուն: Այսինքն` կարծես թե նորանշանակ ոստիկանապետի հոր սրտով չէ որդու պաշտոնը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնի է, Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մանկության ընկերն էր, եւ հենց վերջինս էր նրան համակարգ վերադարձրել: Մինչ այդ Մհրյանը զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Եվ, ահա, Արման Սարգսյանի գնալուց հետո հեռանում է նաեւ նա: Մենք տեղեկացանք, որ նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունիսի 10-ի երեկոյան եւ սպասում էր մակագրման: Ընդ որում, բազմիցս էր գրվել այն մասին, որ նա համակարգ բերեց ոստիկանությունից ազատված եւ «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով այլեւս ոստիկանության համակարգում աշխատելու իրավունք չունեցող Մհրյանին: Եվ ավելին, արտակարգ դրության ընթացքում հենց նա էր ոստիկանությունից հանդիսանում իրավիճակի պատասխանատուն եւ ընդգրկված էր պարետատան կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո տարբեր համակարգերում աշխատանքի անցան նախկին ոստիկաններ. նրանց թիվը հատկապես մեծ էր քաղաքապետարանում, քանի որ Արման Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերներ են: Եվ, ահա, Արման Սարգսյանի հեռանալուց հետո ոստիկանապետ նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը, որը, մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ է անելու ոստիկանության համակարգում: Եվ Մհրյանը բնավ էլ առաջին մարդը չէ, որը հրաժեշտ տվեց իր պաշտոնին ոստիկանապետի նշանակվելուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ նա անձամբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ընկերոջ հեռանալուց հետո»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։ Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, եւ մինչեւ հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն: Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, եւ նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ: Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաեւ Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը եւս մինչ այդ թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել»:


«Իրավոըւնք» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում մասնակցելու է Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը հետաձգվեց, եւ մայիսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հաղթանակի օրվան նվիրված տոնական շքերթը կկայանա հունիսի 24-ին: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` իշխանության վերին օղակներում բավական լարված են սպասում այդ օրվան, քանի որ դեռ ոչ մեկի համար հայտնի չէ, թե ինչ է սպասվում Փաշինյանին ՌԴ-ում: Ամեն դեպքում, իմքայլականներին զգուշացվել է, որ այս շրջանում զուսպ մնան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։ Այսինքն՝ ե՛ւ նա, ե՛ւ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա: Ինչո՞վ է բացատրվում այդ լավատեսությունը։ «Հիմնականում՝ բնակլիմայական պայմաններով․ այդ ամիսներին կլինի բարձր ջերմային ֆոն, ինչին կորոնավիրուսի բացիլը չի դիմանում, արագ ախտահանվում է, սակայն սեպտեմբեր-նոյեմբերին վիրուսը կրկին կակտիվանա»: Որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք՝ երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ «Մահճակալների քանակն ենք մեծացնում, ունեինք 1300, հիմա արդեն՝ 2 հազար»: Դա բավարարո՞ւմ է այսօրվա «կարիքները»։ «Ոչ, մեր հաշվարկներով` հիմա մահճակալի սպասող 57 հիվանդ ունենք»: Ասում են` մարդիկ ծանոթ են մեջ գցում, որ պառկեն հիվանդանոցում։ «Կարծում եմ` չափազանցնում եք, բոլոր դեպքերում, հիմա փորձում ենք թթվածնային մահճակալներով ապահովել հիվանդասենյակները, սովորական հիվանդասենյակներում նախկինում թթվածնային ապարատներ չկային, միայն ռեանիմացիայում էր, հիմա սենյակներում էլ ենք թթվածնի «գիծ» տեղադրում»: Ասում են, Երեւանից հիվանդներին տեղափոխում եք մարզեր` Կապան, Սպիտակ։ «Այո, սակայն փորձում ենք Երեւանում նույնպես նոր կետեր բացել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում օրակարգային «ռասկլադի» որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Իշխանությունները, հասկանալով, որ երկրի ներսում քաղաքական գործընթացները «ձնագնդի էֆեկտ» են ստանում, իսկ իրադարձություններն անհավանական արագությամբ են զարգանում, փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով ամրացնել սեփական դիրքերը։ Թերթի տեղեկություններով, դիրքերի ամրապնդման հարցում իշխանության վերին էշելոններից հատուկ հանձնարարական է իջել մարզպետներին, որպեսզի նրանք, «Այբբենարանի» հանդեսի նման, շարքով-կարգով-հերթով ընդդիմադիրներին կամ ըննդիմախոսներին անդրադառնալուց, հակադրվելուց զատ, վերջնական ու ամբողջական ցուցակ ներկայացնեն, թե ովքեր են իշխանության հավատարիմ համայնքապետները, ավելին՝ հանձնարավել է հերթով հանդիպել բոլորի հետ անհատապես եւ առանձնազրույցներ ունենալ։ Բանն այն է, որ իշխանության թիմում անհանգիստ են, որ առաջիկայում հնարավոր է լուրջ քաղաքական զարգացումներ տեղի ունենան, եւ ընդդիմադիր սեգմենտի ուժերը կաշխատեն մարզային շրջանակների, մասնավորապես տարբեր համայնքապետների հետ, ուստի հնարավոր բոլոր միջոցներով փորձում են բոլորին «իրենցով» անել, որպեսզի «թռնողներ» չլինեն։Սա հատկապես պայմանավորված է նրանով, որ մի կողմից՝ չնայած Փաշինյանը երկու տարուց ավելի երկրի ղեկավարն է, սակայն տեղերում լուրջ խնդիրներ ունի, մյուս կողմից՝ նա չի վստահում գրեթե ոչ մեկին, առավել եւս՝ հիմա։ Սակայն տեղերից եկող տեղեկությունները ցույց են տալիս, որ համայնքապետների մեծ մասին հնարավոր չի լինի անցկացնել «թրի տակով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը կարծես վերագրվեց մաքսատներում հակահամաճարակային իրավիճակը չվերահսկելուն, հերթին ու կուտակումներին։ Մասնավորապես գրվեց Արարատյան մաքսատուն-վարչության պետի հետ կապված խնդիրը։ Սակայն, ընդունելով այդ վարկածը որպես իրականություն, բախվում ենք մի փաստի, որ օրինակ Մարտիրոսյան ազգանունով վարչության պետ ՊԵԿ-ի ոչ մի փաստաթղթում կամ կայքում, արևելյան կամ ցանկացած այլ մաքսայինում չկա։ Փոխարենը մաքսայինում բաժնի պետ է Անանյանի համար այդքան թանկ Մհեր Մարտիրոսյանի կինը՝ Լիլիթ Ավետիսյանը։ Առաջիկայում կանդրադառնանք այս պատմությանը, և գուցե պարզվի, որ հին ավանդույթի համաձայն՝ հերթեր գոյացնող ամուսինները ՊԵԿ-ից որպես աշխատավարձ-պարգևավճար միլիոնավոր դրամներ են «տուն տանում»»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 4-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ոմն Աշոտ Առուշանյան նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապիկյանի խոսնակը փոխանցեց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի այդ պաշտոնի համար, որից հետո միայն նշանակում կլինի, դեռ հայտնի չէ մրցույթի օրը։ Տնօրենի ԺՊ Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ: 2008-ից աշխատել է HSBC բանկում, 2010թ. հունիս ամսից՝ բանկի գլխամասում, որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։ Իմանալով, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը գալու է բանկ՝ 240 հազար դոլար վարկը փակելու, իր համադասարանցու՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ կազմակերպել է կողոպուտ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել են ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։ Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։ Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա.»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ արևմտյան գրանտներով սնվող հայտնի շրջանակները պլանավորում են ՀՀ իշխանություններին հերթական «արջի ծառայությունը» մատուցել։ Ըստ տեղեկությունների, նրանք այս փուլում ձեռնամուխ են եղել ՀՀ երրորդ հանրապետության գոյության շուրջ երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների հետ կապված քրեական գործերի վերաբացման գործընթաց իրականացնել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, սա արվում է ՀՀ գործող իշխանության հետ նախապես համաձայնեցված։ Այս նախաձեռնության կազմակերպիչների բնորոշմամբ, այս քայլը կարող է լավ աջակցություն լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի հնարավորություն ընձեռվի այս տուրբուլենտ փուլում ամրացնել սեփական դիրքերը։ Փոխարենը նրանք ակնկալում են իշխանության մեջ իրենց դիրքերի առավել խորացում, մասնավորաբար մի շարք կարևոր երկրներում դեսպանների պաշտոնների տեսքով»:


«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գևորգյանի եղբայրն է, փոշմանել է և ցանկանում է ռեկտոր դառնալ: Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գևորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է և հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, և կարելի է Գևորգյանին ռեկտոր ընտրել: Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գևորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ: Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձևավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գևորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա: Նրանք հիմնականում Միջին Արևելքի հայկական գաղթօջախներից ԱՄՆ տեղափոխվածներն են՝ լիբանանահայեր, սիրիահայեր, նաև իրանահայեր, որոնք այլևս չեն հավատում, որ ԱՄՆ-ում արագ կայունություն կհաստատվի և իրենց եվրոպացի ազգականների ու ծանոթների միջոցով փորձում են տեղափոխվել իրենց պատկերացմամբ ավելի կայուն երկրներ՝ Բելգիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ: Տեղափոխվել ցանկացողները միջինից բարձր եկամուտ ունեցողներն են, հատկապես ոսկերիչներ և ակնագործներ, որոնց խանութները թալանվել են վերջին շաբաթների անկարգությունների ընթացքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի վարչական շրջանների մի մասում ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն ե՛ւ մարտ, ե՛ւ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ: Բայց եթե այս գները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա թանկացումը զգալի է՝ 80 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում ապրիլին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 465 հազար դրամ, բայց մեկ տարի առաջ այն կազմել է 404 հազար 100 դրամ: Այսինքն՝ Արաբկիր վարչական շրջանի դեպքում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 60 հազար 900-ով: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում եւս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին, մարտի համեմատ, չեն բարձրացել, այլ մնացել են նույնը: Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 303 հազար 50 դրամ, Դավթաշենում` 350 հազար դրամ: Թերեւս անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով, երբ մարդկանց անգամ չի հետաքրքրել բնակարան գնելը կամ վաճառելը»: