23.11.2024
Մամուլ. Ի՞նչ է ակնկալել Գագիկ Ծառուկյանը Սասուն Միքայելյանի հետ հանդիպումից
prev Նախորդ նորություն

Հնարավոր է՝ արևմտյան ուժերն են ճնշում ատոմակայանը փակելու հարցում. փորձագետ

Կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն տվեց Մեծամորի ատոմակայանի վերազինման և շահագործման երկարաձգման համար հատկացվելիք ռուսական վարկից հրաժարվելու որոշման նախագծին: Փորձագետները նշում են՝ սա ոչ միայն խնդիր է Հայաստանի էներգետիկ համակարգի համար, այլև ի ցույց է դնում այն խնդիրները, որ առկա են հայ-ռուսական հարաբերություններում:

Ի՞նչ է այս որոշումը նշանակում, ի՞նչ զարգացումներ սպասել էներգետիկ ոլորտում և ո՞ւր կարող է այս իրավիճակը բերել. այս ու այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

-Պարոն Մանվելյան, Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված այն, որ Հայաստանը հրաժարվեց ռուսական վարկից և արդյոք այս իրավիճակը չի վնասի մեր էներգետիկ համակարգին:

-Պատճառն այն է, որ Հայաստանի կառավարությունն արդեն երկու տարի է չունի էներգետիկ ռազմավարություն՝ իրենք չգիտեն ինչ են ուզում, որն է էներգետիկ մեր շահը և ինչպես սպասարկեն այդ շահերը: Այդ տեսլականի բացակայությունը հենց բերում է այն քայլերին, որոնք անում է կառավարությունը և որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում՝ սկսած նրանից, որ էներգետիկայի նախարարությունը լուծարեցին, վերջացրած այն, որ գազի գնի հարցում չեն կարողանում Ռուսաստանի հետ համագործակցել ու համագործակցության բանաձև մշակել:


Մոտավորապես այդ նույն տրամաբանության բնագավառից է նաև վարկից հրաժարվելու որոշումը, որովհետև իրականության մեջ ռեակտորի վերակառուցման ծրագիրը հայ-ռուսական չի, այն եռակողմ է՝ Հայաստան-Ռուսաստան-ՄԱԳԱՏԷ և մենք որոշակի պարտավորություններ ունենք այդ կառույցի առջև, որոնք պարտավոր ենք իրականացնել: Թե ինչպե՞ս են դա անելու, ի՞նչ ձևերով, ունեն, արդյոք, տեսլական, կան մասնագետներ, որոնք հասկանում են միջուկային էներգետիկայից՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ: Եվ որքանով ես տեղյակ եմ, եթե նախկինում կային մասնագետներ, ապա նրանք վաղուց արդեն հեռացել են:

Հետևաբար, իրենց պատկերացումները էներգետիկ ոլորտի, դրա կարևորության, որպես ՀՀ ազգային անվտանգության մասին շատ հեղհեղուկ են, ինչն էլ հանգեցնում է նման քայլերի, որոնք մեկնաբանել ես չեմ կարող, քանզի դրանք նորմալ տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

- Փաստացի մենք մի իրավիճակում ենք, երբ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անգամ չխանգարեցին նման որոշում կայացնելուն: Ձեր կարծիքով, ունե՞նք ճգնաժամ և ուր կարող է այն բերել:

-Իրականում այդ ճգնաժամը նոր չէ: Գոնե էներգետիկայի ոլորտում մենք 2018 թվականից ունենք խնդիր, քանի որ հենց այդ ժամանակ գազի գինը բարձրացավ, թեև նախքան այդ քայլեր ձեռնարկվեցին: Եվ եկեք անկեղծ լինենք՝ այդ խնդիրները մենք ենք հարուցել մեզ համար, ռուսական կողմը ամեն անգամ արձագանքում է, որի արդյունքում տուժում է Հայաստանի բնակչությունն ու պետությունը: Բայց այդ խնդիրները, այո, ստեղծել ենք մենք, շատ դեպքերում շատ վատ պատկերացնելով բնագավառը, առանց մասնագետների հետ խորհրդակցելու քայլեր անելով և այլն: Եվ հիմա կարող ենք բնութագրել ստեղծված իրավիճակը որպես ճգնաժամ, ինչի մասին վկայում է նաև ռուսական վարկից հրաժարվելոը, որովհետև եթե մենք ասում ենք, թե ունենք ներքին ռեսուրսներ այն սպասարկելու, յուրաքանչյուր մասնագետի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը: Եվ այդ պատասխանը իրենք այդպես էլ չտվեցին:


Այսինքն, շատ հեղհեղուկ ու մասնագիտական շրջանակների համար անհասկանալի պատասխան է դա՝ ի՞նչ ներքին ռեսուրսների մասին է խոսքը, երբ իրենք տարբեր միջազգային կառույցներից վարկեր են վերցրել տարբեր ներքին խնդիրներ սպասարկելու համար:

-Հայ-ռուսական հարաբերություններում ևս մեկ խնդիր ունենք՝ կարծես թե անխուսափելի է գազի գնի բարձրացումը:

-Ներքին սպառման համար գազի գինը իհարկե բարձրանալու է, արդեն իսկ առաջարկ է եղել 4,5%-ով բարձրացնել: Բայց, որքան ես եմ հասկանում, այս գնի հետ համաձայն չէ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ցանկանում է նվազագույնը 11% բարձրացում, որպեսզի կարողանա իր խնդիրները սպասարկել: Ի վերջո, եթե ընկերությունը չունի եկամուտ, նա չի կարող սպասարկել ահռելի համակարգը: Եվ եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը թույլ չտան իր ուզածի չափով բարձրացնել գինը և որոշումը կայացվի 4,5 % օգտին, ապա նա կարող է դադարեցնել սպասարկման համակարգն ամբողջությամբ մատակարարել:

-Պարոն Մանվելյան, ատոմակայանի հետ կապված իրավիճակը նաև քաղաքական տեսանկյունից լարված էր, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներն ու ճնշումները, ինչպես նաև այն, որ Եվրամիությունը շարունակում է պնդել հայկական ատոմակայանի վաղաժամկետ փակման մասին: Սպասե՞նք ճնշումների ավելացմանը:

-ՀՀ-ԵՄ պայմանագրի պահանջներից մեկն, այո, հայկական ատոմակայանի փակումն է, բայց կոնկրետ ժամանակահատված չի նշվում: Բայց հաշվի առնելով այն, որ հիմա քաղաքական իրավիճակ է փոխվում, որ քաղաքական ուժերը տարբեր արևմտյան քաղաքական շրջանակների հետ կապ ունեն, ապա ես չեմ բացառում, որ այժմ ճնշում է արվում ատոմակայանի շահագործումը դադարեցնելու համար: Իսկ դա շատ վտանգավոր է, որովհետև ՀԱԷԿ-ը գերկարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Նախ, այն ապահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգության մի կարևորագույն մաս, հետևապես եթե այն փակվի, ապա մենք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:


Երկրորդը. ատոմակայանը նաև հզոր գիտական հիմնարկ է, որտեղ աշխատում են շատ բարձր որակավորում ունեցող ինժեներներ: Տարածաշրջանում այդ կարգի մասնագետներ ունենք միայն մենք՝ ոչ Արդբեջանը, ոչ Թուրքիան և ոչ էլ Իրանը չունեն: Եթե այդ համակարգը կանգնի, մեր ինժեներներին անհապաղ կտանեն, ավելին՝ արդեն շատերին կանադացիները տարել են, շատերին անձամբ ճանաչում եմ: Այլ կերպ ասած, այդ համակարգը լրիվ կփլուզվի, Հայաստանում կկործանվի գիտական միտքը, ինչը թույլ տալ չի կարելի:

Այս ամենը շատ վտանգավոր գործընթացներ են, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում:

Լիա Խոջոյան