VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ Ջրվեժում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Ծառուկյանը ակնկալել է Միքայելյանի աջակցությունը, ինչին ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասել է, որ չի պատրաստվում դավաճանել իր թիմին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, թե պահանջում են կառավարության անդամների փոփոխություն, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երեկ էլ ԲՀԿ-ականները հավաքվել են, քննարկել իրենց հետագա անելիքները և «իշխանափոխության» հասնելու հնարավորությունները: Այդ նպատակով ԲՀԿ-ն անգամ հանդիպումների շարք է սկսում և հնարավոր է նրանց միանան նաև արտախորհրդարանական ուժեր: Իհարկե Սահմանադրությունը հնարավորություն է տալիս անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին, սակայն այս իրավիճակում ԲՀԿ-ի նախաձեռնած գործընթացը հենց սկզբից կարող է փակուղում հայտնվել: Նախ Սահմանադրության 115-րդ հոդվածն ասում է. 1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: 2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
Միևնույն ժամանակ նկատենք, որ նույն հոդվածը ունի մի դրույթ, որն արդեն իսկ անհնար է դարձնում այս գործընթացն անգամ սկսելը: 115-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»: Ինչպես հայտնի է, մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այսինքն, գոնե մինչև հուլիսի 14-ը, այդպիսի նախագիծ ներկայացնել չեն կարող: Իսկ հիմա անդրադառնանք նախագծի ընդունման հնարավորություններին խորհրդարանում: Օրենքում ասվում էր, որ անվստահության նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների 1/3-ը, այսինքն՝ 44 հոգի: Ուշագրավ է, որ խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 42 պատգամավոր, այսինքն՝ նրանք երկուսով չեն կարող այդպիսի նախագիծ ներկայացնել: Իսկ որոշումն էլ ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ պատգամավորների կեսից ավելին պետք է քվեարկի. սա թերևս նույնպես հենց սկզբից մատնված է ձախողման:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ՀՀ ուժային բլոկում լուրջ վերադասավորումներ տեղի ունենում. իրար հետեւից աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Դրան նախորդել էր նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը: «Փաստ» թերթի տեղեկություններով, տեղի ունեցածը դեռեւս սկզբնախաղն է, քանի որ առաջիկայում փոփոխությունների նոր ալիք է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. նախ՝ հնարավորինս ազատվել բոլոր հին կադրերից, որոնք ներառված են պետական համակարգում, երկրորդ՝ փոխել նաեւ իր հետ «քայլած» այն պաշտոնյաներին, որոնք արդեն իր վստահությունը չեն վայելում։ Իսկ այդպիսիք քիչ չեն: Ընդ որում, իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան թե՛ բարձրաստիճան ու բավականին առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչներ, թե՛, այսպես կոչված, երկրորդ էշելոնում գտնվողներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։ Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի․ ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից եւ իր կողքին կունենա վստահելի մարդ։ Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ։ Իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։ Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում քաղաքական գործընթացների կտրուկ շրջադարձերի, ինչպես նաեւ տարբեր տիպի անդրկուլիսային ինտրիգային գործընթացների, որոնք ուղղակիորեն իրենց հետեւանքն ու ազդեցությունն են թողնում իշխանության վարքագծի վրա։ Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԳՇ պետ: Ճիշտ է, վերջնական որոշումը հաճախ անսպասելի է լինում, սակայն բնական է, որ մինչ նշանակումը իշխանությունն ակտիվորեն քննարկել է ԳՇ պետի տեղակալի բարձր պաշտոնի հնարավոր հավակնորդների հարցը: «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները քիչ չեն եղել, սակայն հիմնական քննարկումն ընթացել է, կամ, ինչպես իշխանության կուլիսներում են խոսում, «տատանումը» եղել է երկու թեկնածուի շուրջ: Նախ՝ խոսքը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի մասին է, որն իրեն հատկապես փայլուն է դրսեւորել վերջին շրջանում Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասեցնելու առումով եւ անցյալ տարի գեներալի կոչում է ստացել: Եվ երկրորդը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ով հին կադրային սպաներից է եւ բավականին լավ ճանապարհ ունի անցած»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցող իրադարձություններից: Բանն այն է, որ իրավիճակը չի սահմանափակվելու միայն շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանի՝ աշխատանքից ազատմամբ: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում նոր պետ Օնիկ Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացնելու համակարգում: Բանն այն է, որ Արտակ Դավթյանը համակարգ է բերել եւ պաշտոնների նշանակել իր մտերիմ մարդկանց, եւ չի բացառվում, որ նրա գնալուց հետո այդ մարդիկ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Եվ, մասնավորապես, խոսքը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի մասին է, որը Դավթյանի մտերիմն է, եւ ավելին, համակարգում տարածված լուրերի համաձայն, ամենեւին էլ աչքի չի ընկնում պրոֆեսիոնալիզմով, եւ նրան չեն համարում այն մարդը, որը պետք է այդպիսի լուրջ պաշտոն զբաղեցնի: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որի համար Արայիկ Հարությունյանին կարող են հեռացնել համակարգից:
Ինչպես հայտնի է, Արտակ Դավթյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել էր մայիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր հետո, այն դեպքում, երբ երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ իշխանության վերին օղակներն էլ այդպիսի միջոցառումներ չանելու կոչեր էին հնչեցնում: Եվ, ահա, պարզվում է, որ այդ հարսանեկան արարողության հյուրերի թվում եղել է հենց երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը: Ավելին, հարսանիքի ժամանակ վայրի խոզի միս է եղել, որն էլ մատակարարվել է հենց Հարությունյանի կողմից: Ինչեւէ, Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Օնիկ Գասպարյանը Զինված ուժերի կարեւորագույն նշանակություն ունեցող օղակներում եւս կարող է իր մարդկանց նշանակել՝ սակայն ոչ թե շեշտը դնելով մտերմության, այլ պրոֆեսիոնալիզմի վրա: Ամեն դեպքում, փոփոխությունները գլխավոր շտաբում սկսված են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության համակարգում արշալույսները դեռ խաղաղ են։ ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է, համակարգի ղեկավար նշանակվելուն պես մինի-հավաք է կազմակերպել համակարգի ղեկավար պաշտոնյաների հետ եւ հայտարարել, որ չի շտապելու կադրային ջարդ իրականացնել, կառաջնորդվի նրանց կատարած աշխատանքով, նոր կորոշի՝ ով պետք է մնա, ով՝ գնա, կամ որ դեպքերում պետք է ձեռնարկվեն կադրային փոխատեղումներ։ Հրահանգել է նաեւ՝ շարքային քաղաքացիներին միայնակ չթողնել փողոցում եւ մոռանալ կոշտ միջոցները։ «Ղազարյանը համակարգի հնաբնակներից է եւ հայտնի է որպես տղամարդ տղա, ով չի հանդուրժում հատկապես մուտիտը»,- ասաց մեր աղբյուրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է պետական համակարգը Սերժի մնացորդներից մաքրելու անհրաժեշտության մասին, Երևանի Էրեբունու վարչական շրջանի բաժնի պետ Ստելլա Ավագյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև համաձայն պաշտոնական կենսագրության՝ ՀՀԿ անդամ է։ Իհարկե, այս տիկնոջ ինքնավստահությունը իր պատճառներն ունի։ Նա Յուվեցի Կարոյի խնամի՝ նախկին թաղապետ, ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանի բարեկամուհին է։ Ի դեպ, Դավիթ Գրիգորյանի՝ «էրեբունեցի Դավոյի» իշխանությունը չի սահմանափակվում Էրեբունիով։ Նա առ այսօր գրեթե վերահսկում է Երևանի Մետրոպոլիտենի ամբողջ «շարժը»»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորումից հետո առաջին անգամ երեկ հարցաքննվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ Առուստամյանը մանրամասն ցուցմունք է տվել, քննիչի բոլոր հարցերին՝ պատասխանել: Թե ինչի շուրջ է եղել բուն հարցաքննությունը, պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ հղում անելով նախաքննության գաղտնիության սկզբունքին: Ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին (խոսքը Գագիկ Խաչատրյանի մասին է,- խմբ.) ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին. «Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով հաղորդագրության այս վերջին հատվածին՝ մեր զրույցում Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ այս պահին էլ Խաչատրյան եղբայրները պատրաստ են գումարը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձնել. «Բայց քանի որ նրանց բոլոր գույքերը եւ դրամական միջոցները գտնվում են արգելանքի տակ, խոչընդոտ կա, եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ նրանք չեն կարողանում որեւէ գործարք կատարել այդ ուղղությամբ, այս պահին էլ մենք քննիչին ներկայացրել ենք պատրաստակամության վերաբերյալ փաստաթուղթ, բայց քանի որ գույքերը կալանքի տակ են, հնարավորություն չունեն որեւէ գումար տալու»: Դատախազության այսօրվա հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը 2011թվականին 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է իր մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով: Մեր զրույցում պաշտպանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է 1941 թվականին. «Այդ ժամանակ, երբ սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան, Առուստամյանի պապը, որպես սովետական բանակի սպա, մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ դրանց ավարտից հետո՝ 1942 թվականին արդեն, մեկնել է Հայրենական պատերազմ, թե որտեղից բերված ոսկիներ են, արդեն ուրիշ խնդիր է, ինքը ցուցմունքում մանրամասնել է, հիմա իրենք հրապարակել են, թող իրենք էլ մանրամասնեն, բայց փաստ է, որ դրանք պապի ոսկիներն են եղել, նա մեծ քանակությամբ ոսկիներ է բերել Պարսկաստանից, որոնք էլ հետագայում արդեն Առուստամյանը գումարի է վերածել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քաղաքական ամառը թեժանում է նաեւ խորհրդարանում: Հունիսի 13-ին Ազգային ժողովում հրավիրվելու է հատուկ նիստ, որի ժամանակ քննարկվելու է կառավարության որոշումը՝ Հայաստանում մարտի 16-ին հաստատված եւ երկու անգամ արդեն երկարաձգված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին արդեն զգուշացված է, որ պատրաստ լինեն թե՛ այդ նիստին, թե՛ այն հանգամանքին, որ ամբողջ հունիսը թեժ է լինելու, եւ պատգամավորները, այսպես ասած, ամբողջ օրն անցկացնելու են խորհրդարանում: Նախ՝ այս օրերին դեռ շարունակվում են 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, իսկ արդեն հունիսի 16-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է լինելու, եւ բյուջեի կատարողականը քննարկվելու է նաեւ այդ ժամանակ: Եվ չնայած սա վերջին հերթական նստաշրջանն է լինելու, սակայն արտահերթերի պակաս չի լինի՝ պայմանավորված արտակարգ դրությամբ եւ, կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, նոր նախագծերի ընդունման անհրաժեշտությամբ, կիսատ մնացած հարցերի քննարկմամբ: Դեռ ավելին, կախված Վենետիկի հանձնաժողովի պատասխանից՝ չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունների կողմից եւս լուծվի մինչեւ խորհրդարանի՝ արձակուրդ գնալը, հակառակ դեպքում այդ հարցին կանդրադառնան արդեն սեպտեմբերին: Այնպես որ, առաջիկայում թեժ օրեր են սպասվում»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով իշխանությունները պատրաստվում են իրենց համար էլ ավելի կոմֆորտ իրավիճակ ստեղծել։ Չնայած նախագծի մեջ ոչ մի հստակ ու կոնկրետ իրավակարգավորում չի ներկայացվում, թե ինչ նպատակով է կատարվում փոփոխությունը, սակայն խորհրդարանում տեղի ունեցած քննարկումն ուրվագծեց, թե իրականում ինչի մասին է խոսքը, եւ որն է պատճառը, որ նման փոփոխություն է կատարվում օրենքում, այն էլ՝ «ափալ-թափալ» ռեժիմով։ Թերթի հետ զրույցում մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ այս փոփոխությանն իշխանությունը ձեռնամուխ է եղել առաջիկայում ՍԴ դատավորների առաջադրման փուլում ավելորդ խնդիրների մեջ չհայտնվելու նպատակով։ Ինչպես հայտնի է, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակում «հստակություն» մտցնելու գործընթացը իշխանությունների համար, կարծես թե, որոշակիանում է՝ առաջին փուլում դեռեւս երեքին թոշակի ուղարկելու գործիքակազմը կիրառելու տեսակետից։ Իշխանությունները հույս ունեն, որ այդ գործընթացը տեղի կունենա ամառվա ընթացքում, ինչից հետո ՍԴ անդամ նշանակելու անհրաժեշտություն է առաջանալու։ Իսկ ԱԺ կանոնակարգում նման հրատապ ռեժիմով փոփոխություններ կատարելու նպատակն այն է, որ օրենքի ուժով հրավիրվի ԱԺ նիստ, թեկուզ խորհրդարանը գտնվի արձակուրդում։ Ճիշտ է, իշխանության ներկայացուցիչները ջանասիրությամբ ԱԺ քննարկման ժամանակ փորձում էին այս հանգամանքը «հերքել», սակայն քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում առկա է համոզմունք, որ հենց այդ (ավելի ստույգ՝ նաեւ այդ) նպատակով է արվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո բոլոր գերատեսչությունները գնացին ծառայողական ավտոմեքենաները կրճատելու ճանապարհով, սակայն Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նախատեսվում են փոխել մեծ թվով մեքենաներ, եւ պատճառաբանվելու են, թե դրանք հին են, ու վերանորոգելու փոխարեն ճիշտ կլինի թարմացնել դրանք: Այլ կերպ ասած, քաղաքապետարանը շեղվել է հեղափոխական բարքերից: Արդեն հայտնի է, որ 9.9 մլն դրամ նախատեսվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի՝ Միքայել Թումասյանի համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով: Երեկ խորհրդարանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը այս անհրաժեշտությունը պարզաբանեց հետեւյալ կերպ. թաղապետն իր անձնական ավտոմեքենան էր օգտագործում մինչ այժմ, որը վթարվել է, եւ հարմար ավտոմեքենա չեն գտել մինչեւ այժմ, որ տան պաշտոնյային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետի կողմից համապատասխան որոշումը կայացվել է վերջերս` հունիսի 5-ին, եւ այդ գումարը հատկացվել է քաղաքի բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով: Եւ, որպես վերաբաշխման հիմնավորում, քաղաքապետը ներկայացրել է, թե հաշվի են առել Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների գրությունները: Իսկ ի՞նչ գրությունների մասին է խոսքը. ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեղեկացանք, որ վերաբաշխում է կատարվել բազմաթիվ ոլորտներում՝ հանգստի, սպորտի ծառայություններ, զբոսաշրջություն, կոմունալ ծառայություններ եւ այլն: Ստացվում է` մյուս թաղապետերի ծախսերի վերաբաշխումից օգտվել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական ավտոմեքենան 2019թ. հոկտեմբերի 1-ից հանվել է աճուրդի, մեկնարկային գինը 7 մլն դրամ է, սակայն մինչեւ այժմ գնորդ չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի ցանկացած մահվան դեպքում պետք է հետաքննություն իրականացվի՝ դա է պահանջում եվրոպական կոնվենցիան։ Նաեւ պետք է այդ մահվան դիմաց փոխհատուցում տրվի։ Այս մասին երեկ իր հրապարակման մեջ ասել էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։ Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, եւ քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»: Իսկ գուցե գրեթե չկա՞ն մահեր, որոնք «մաքուր» կորոնավիրուսի հետեւանք են։ «Կորոնավիրուսից է տեղի ունեցել մահը, թե այլ հիվանդությունից, դրանք բժշկական հանգամանքներ են, բայց դրանք պետք է ունենան իրենց իրավական հիմնավորումները, անգամ ամենասովորական մահվան դեպքում»: Այդ ամենը չի արվել, ո՞վ է անելու` ապագա իշխանությո՞ւնը՝ ե՞րբ։ «Չի կարող նման բան լինել. անհնար է՝ կլինի դա 6 ամիս, 1 տարի հետո, անպայման մահվան բոլոր փաստերին պետք է տրվեն իրավական գնահատականներ, որովհետեւ դրան հաջորդում է նաեւ նյութական փոխհատուցման խնդիրը․․․ այստեղ խնդիրը պետությունն է. պետությունը պետք է կատարի իր պարտականությունը, մանավանդ՝ եթե այն վերաբերում է ամենաէական խնդրին` մարդկային կյանքի իրավունքին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանի կողմնակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ու Քոչարյանի մի քանի այլ կողմնակիցներ այս օրերին տխուր հոբելյան են նշում։ Պարզվում է՝ տարիներ առաջ հունիսի 8-ին սպանվել է «լեգենդար» Ճակոն։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այլ կողմնակիցների հետ միասին այսօր էլ սգում է «օրենքով գողի» մահը։ «Արդեն 26 տարի է, ինչ միասին չենք, Ճակո ջան: Ծանոթացանք հեռավոր 1980-ին ու այդ օրվանից դարձանք անբաժան ընկերներ: 26 տարի առաջ այս օրը դու մենակ թողեցիր ինձ, բայց չեղավ մի օր, որ քեզ չհիշեմ: Կհանդիպենք, բայց այս անգամ քեզ մոտ»,- գրել է նախկին ՀՀԿ-ական թաղապետը։ Շահինյանի և նման հանցագործների այսօրինակ օրգանական կապը, ըստ էության, փաստում է Ռոբերտ Քոչարյանի քրեաօլիգարխիայի պարագլուխ լինելու հանգամանքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն` կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երեւի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երեւի»: Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։ «Դե, մարդ կա` աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա` մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա՝ կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»: Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է` հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում` համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը` այլ»: Այսինքն` բավականին պղտոր դաշտ է ֆինանսական շարժերի համար։ «Այո»: Ի դեպ, այս պահին, երբ գումարներ չկան, որոշ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Գր. Լուսավորիչ»-ում, թափով շինարարություն է ընթանում։ «Սանավիացիա է կառուցվում, վերանորոգումներ են ընթանում՝ հզորացնում են հիվանդանոցը»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու ավագանին այսօր կայացած նիստում միաձայն որոշեց և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին: Նիստի օրակարգային հարցն ընթերցելիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց. «Զարմանալի է, որ Մհերը մինչ օրս չուներ այդ կոչումը, ուղղակի շատ զարմանալի է»: Հարցը զեկուցող Ռոբերտ Ասատրյանն էլ ավելացրեց՝ խնդրում եմ երախտագիտությամբ քվեարկել: Հարցի միաձայն ընդունումն ուղեկցվեց ծափահարություններով: Քաղաքապետը տեղեկացրեց, որ որոշումն ու կոչումը փաստող վկայականը կպահպանվի Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: