VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը պատրաստ է այս անգամ մինչեւ վերջ գնալ։ Նա երեկ «կանյաչնիում» կուսակիցների հետ հանդիպմանը նրանց «դուխ» է տվել, որ ոչ մի բանից չվախենան- չնահանջեն։ Հավաքն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրել, պատգամավորները Ծառուկյանին զեկուցել են բոլոր այն ուժերի եւ անհատների մասին, որոնք ԲՀԿ առաջնորդի համախմբման կոչին արձագանքելով՝ կհամախմբվեն իրենց շուրջ։ Շա՞տ է նրանց թիվը․ «բավականին»՝ ասաց մեր աղբյուրը։ Առաջիկայում կքննարկեն, թե ինչ ֆորմատով են սկսում հանդիպումներն ու քննարկումները, հետո կորոշեն միասնական օրակարգը։ ԲՀԿ-ի պահանջն իշխանափոխությունն է, քննարկվում են ԱԺ-ում վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնելու ուղիները։ Ծառուկյանի առաջին ելույթից հետո իշխանությունը համատարած հակահարձակման անցավ, հիշեցին նրա անցյալը, մականունը։ Ծառուկյանը, անդրադառնալով այդ պահվածքին, ասել է, որ դա իրենց օգնում է, պատռվում է իշխանությունների դիմակը։ Նկատել է, որ այդ մեթոդի սխալ լինելն իշխանությունն էլ է հասկացել․ առաջին օրերին շանտաժ ու սպառնալիք էին հնչեցնում, հիմա գզրոցի նյութերն են հանում։ Ասել է նաեւ, որ չի վախենում հարկային տեռորից ու ձերբակալությունից։ Բայց, մեր տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է ոչ թե Ծառուկյանի, այլ նրա որդու՝ Նվերի ուղղությամբ աշխատել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած երեկ հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարվել է, թե կուսակցությունը պահանջում է, որ լինեն հրաժարականներ, սակայն ԲՀԿ մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ գործողություններ այդ պահանջին հասնելու համար չեն իրականացվելու: Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու հարց, մեր աղբյուրը նշեց, որ նման հարց իրենց օրակարգում չկա: «Մենք ընդամենը արձանագրում ենք, որ դժգոհ ենք կառավարության գործունեությունից, և անկալում ենք, որ իշխանությունները իրենք որոշակի հետևություններ կանեն»»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել:
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երեւանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի եւ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային եւ էքստրեմալ իրավիճակն են եղել: Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձեւավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։ Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը եւ Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։ Այսպիսով, ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է: Երկրի անվտանգությունը եւ սահմանները պաշտպանելու համար ամենեւին էլ կարիք չկա երկու տարին մեկ այդ մասին բարձրաձայնել: Փաստացի պատերազմական իրավիճակը ենթադրում է ամենից առաջ խիստ գաղտնապահություն: Կարճ ասած, պաշտպանության եւ բանակաշինության ասպարեզներում ավելի շատ պետք է գործել, քան խոսել: Հիմա երեւի Ադրբեջանի ռազմական փորձագետները բառ առ բառ քննում են Տոնոյանի տեսլականը: Պաշտպանության նախարարը հազիվ թե չգիտի, որ իր ցանկացած միտք ոլորտի մասնագետներին որոշակի տեղեկատվություն է փոխանցում: Եվ եթե գնացել է սեփական պատկերացումները կիսելու ճանապարհով, ուրեմն բավականին ծանրակշիռ պատճառ է ունեցել: Վերջին իրադարձությունների կոնտեքստում եւ դատելով հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, դա մեկն է՝ վարչապետ Փաշինյանին հավաստիացնել, որ պաշտպանության նախարարությունը չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, եւ ինքը երաշխավորում է բանակի չեզոքությունը: Այլ կերպ ասած, դա տեսլական է քաղաքական դասավորությունների տեսլականի մասին, որտեղ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է իրեն եւ հավատացնում է, որ ինքը հուսախաբ չի անի: Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը դրանում համոզվի: Դատելով նաեւ լուրերից, որ հաջորդ պաշտոնանկությունը կատարվելու է ՊՆ-ում, եւ նախարարն է լինելու հրաժեշտ տվողը, առավել ինտրիգային է դառնում այս 15 էջանոց փաստաթղթի հրապարակումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել եւ ներկայացրել աշխատակազմերին․ ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, եւ ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն այսօր տիրում է ուժային կառույցներում՝ նոր ղեկավարների նշանակումների առիթով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում: Հիշեցնենք, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները եւ հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։ Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «էս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»: Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլեւ ներկայիս ոստիկանապետի բարեկամներից եւ ՊՆ-ի մատակարարներից: Ոմանք կարծում են, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի հետ կապված է պաշտոնանկ արվել, սակայն դա քիչ հավանական է։ «Փաշինյանն առանձնապես հակված չէր Արման Սարգսյանին ոստիկանապետ նշանակել, սակայն կորոնավիրուսի հետ կապված՝ գնաց այդ քայլին, բայց քաղաքական այս կարեւոր պահին իրեն հավատարիմ մարդ էր պետք, որն անտրտունջ կծառայեր։ Իսկ նորին` Փաշինյանի համադասարանցուն, դեռ այն ժամանակ էին ցանկանում նշանակել այդ պաշտոնին, բայց թայմ աութ վերցրին՝ աղմուկից խուսափեցին»,- ասաց ոստիկանությանը մոտ աղբյուրը: Ի դեպ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի «պսեւդոնիմը» Լամպոչկա է՝ Փաշինյանի հրամանագրի լուրի տակ, օգտատերերից մեկը՝ հայտնի անձ, գրել էր․ «Հանգչի՛ր»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետևանքներ ունենալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Նախ նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ: Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք էր հանդիսացել հանցակազմի բացակայությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գործի կարճման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվել է շատ ավելի շուտ, քան դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ: Այսինքն, իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել: Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը: Եվ հիմա բոլորը շունչը պահած սպասում են հետագա զարգացումներին»:
«Փաստ» թերթը գրում է. «Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» եւ այլն: Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների, մի քանի գործեր էլ վարույթ չեն ընդունվել: Ի դեպ, եւս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին: Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» ժամանակին անդրադարձել էր, որ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ հարաբերությունների հաստատման հիմքում փոխշահավետ առաջարկ կար` Փաշինյանին կարող էր հետաքրքիր լինել նախկին իշխանություններից մերժված գործարարի փողերը, իսկ վերջինիս` Հայաստանում իր բիզնեսն ընդլայնելու արտոնությունները: Կայացա՞վ այդ գործարքը, թե` ոչ, դժվար է ասել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Բաղդասարովը նեղ շրջանակում ասել է, որ շուտով դիզվառելիք է ներկրելու Հայաստան բավական մատչելի գնով: Ըստ նույն լուրերի` Իրանից: Այս տեղեկությունը հատկանշական է նաեւ այն առումով, որ տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բենզալցակայանները: Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել` Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վատթարացմամբ, թե Բաղդասարով-Փաշինյան նոր ձեւավորված կապերով պայմանավորված, ժամանակը ցույց կտա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա եւս պետք է առաջիկայում հրաժեշտ տա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի: Գաղտնիք չէ, որ դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ անդամները, այսպես ասած, վեթթինգի են ենթարկվելու, կամ ինչպես իշխանության անդամներն են սիրում ասել, ստուգվելու է նրանց ունեցվածքը, բարեվարքությունը: Սակայն, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում այդքան երկար սպասել, մինչ գործընթացը կսկսվի, եւ փորձում են համակարգը «մաքրել» նախ այլ մեթոդներով եւ ճնշել նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է: Վերջինիս «ամենաբացասական» կողմն էլ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը իր համախոհ ընկերների հետ նախաձեռնություն է ստեղծում, քանի որ համարում է, որ երկիրը գնում է դեպի կործանում, կանգնած է անդունդի եզրին։ Գասպարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն միանալու այն ուժերին, որոնք պայքարելու են նախկինների վերադարձի համար, բայց նաև համակարծիք ենք Ծառուկյանի ու Վանեցյանի հետ։ Նոր նախաձեռնության մասին թերևս կհայտարարվի մոտ օրերս։ Գասպարյանը նաև ասել է, որ իրենց քայլերը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ չեն քննարկել»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նոր իշխանությունները որոշել են կադրային ջարդ իրականացնել եւ պետական համակարգը «մաքրել» նախկիններից։ Խորհրդարանում արդեն սկսվել է զտումը՝ նույնիսկ փորձագետներին են զգուշացրել, որ պիտի տեղները զիջեն նոր թիմի, որը հետաքրքիր «կազմ» կունենա՝ կազմված նորընտիրների ընկեր-բարեկամներից, օրինակ, ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանն անգամ հարսին է ԱԺ-ում աշխատանքի տեղավորում, փոխնախագահը՝ դստերը։ Առհասարակ, Արցախում տարվող կադրային քաղաքականությունը շատերի զարմանքն է հարուցել՝ ի՞նչ սկզբունքով, ինչո՞ւ են այս մեկին նշանակում, մյուսին՝ ոչ, ո՞վ է կայացնում այդ որոշումները։ Մեր աղբյուրները պատմում են, որ Սամվել Բաբայանին ԱԱԽ քարտուղար նշանակելու բառացիորեն նախորդ օրը Արցախի նախագահը հավատացրել է, որ դա անհնարին է, մեկ օր անց հրապարակվել է պաշտոնական հրամանը։ Ի դեպ, Բաբայանի նշանակվելուց հետո Հարությունյանի որոշ երբեմնի մտերիմներ, որոնք Բաբայանի հետ հին հաշիվներ ունեին, նախագահին բոյկոտ են հայտարարել։ Օրինակ, խիստ վրդովված է Արկադի Ղուկասյանը, ում նկատմամբ Բաբայանը տարիներ առաջ մահափորձ էր իրականացրել, եւ այլք»:
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել: Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց. «Երեւի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»: Պարոն Փաշինյա՞նն է Ձեզ համոզել: Ես խնդիր եմ բարձրացրել, եւ այդ խնդիրը քննարկվում է: Ես հիմա ԲՈԿ-ում աշխատանքի եմ: Փաստորեն, Ձեր բարձրացրած խնդիրը լուծվե՞լ կամ լուծման ընթացքի մե՞ջ է, որ փոշմանել եք հեռանալ: Հուսով եմ, ես դրա համար եմ խնդիրը բարձրացրել, որ լուծում լինի, այսքանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաեւ մարզային հիվանդանոցները, եւ վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաեւ դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն: Ինչպես հայտնի է, եւ ինչպես նշել էր Փաշինյանը, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված անձ սպասում է իր հոսպիտալացման հերթին, եւ ուրեմն ստացվում է՝ նոր մահճակալների եւ հիվանդանոցների կարիքը պետք է օր առաջ լրացնել: Սակայն, ինչպես արդեն հայտնեց մամուլի խոսնակը, դեռ հստակ ժամկետներ չկան:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, եւ հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, եւ անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչեւէ, փորձեցինք ոլորտի մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից պարզել՝ ինչ է պետք հիվանդանոցները վերապրոֆիլացնելու համար, եւ արդյոք ուշացած չէր այն հիմա իրականացնելը: «Այո, կարելի է նախապատրաստել, այնքան էլ բարդ գործընթաց չէ: Հիվանդանոցներում հիմնականում պետք է հոսքերի տարանջատման խնդիր լինի, քանի որ այլ հիվանդներ են ընդունվում: Պետք է համապատասխան ախտորոշման եւ ախտահանման համար ստորաբաժանումներ ստեղծվեն, արտահագուստներ տրամադրվեն, շնչառական սարքավորումների տրամադրում, նաեւ մոնիտորներ», – նշեց նա: Մկրտչյանն ամեն դեպքում նկատեց, որ սա պետք է վաղուց արվեր, եւ ընդգծեց, որ վերապրոֆիլացումը կախված է նաեւ հիվանդանոցների մեկնարկային վիճակից: Հավելենք, որ այս հարցում պետք է հիվանդանոցներին օգնի Առողջապահության նախարարությունը, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլեւ այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵԱՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է՝ կազմելով 10.1 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին պակասել է 7.3 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չի կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում սպանդանոցային մորթի մասին օրենքը: Սակայն մսավաճառները և ֆերմերները հույս ունեն, որ Հայաստանի կառավարությունը ևս որոշ ժամանակով կհետաձգի օրենքի կիրառումը: Ֆերմերները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ իրենցից շատերը չեն կարողացել կառուցել կամ ավարտին հասցնել սպանդանոցների շինարարությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը փորձում է թույլ չտալ երկիր անորակ պողպատյա ամրանների և ամրալարի ներմուծումը, որոնք օգտագործվում են շինարարության մեջ: Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող տեխնիկական նոր պահանջները՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 2006թ. ընդունվածը: Ներկայումս Հայաստան է ներկրվում իրանական արտադրության պողպատյա ամրան և ամրալար, որն օգտագործվում է ոչ բարձրահարկ շենքերի շինարարության մեջ: Այս նոր կանոնակարգը ընդունվելու դեպքում իրանական արտադրանքի ներմուծումը կարող է ընդհանրապես արգելվել»: