24.11.2024
Աղմկահարույց հրաժարականները հաստատում են Գագիկ Ծառուկյանի պնդումները. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ և սպառնացել նրան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։ Տեղեկացանք, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ սպառնացել, որ քայլ անելու դեպքում ոչնչացնելու է բոլորին։ Բայց ԲՀԿ-ականները չեն ընկրկում, շարունակում են իշխանություններին հակահարվածներ հասցնել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախօրեին «մերկացրեց» մի «կոռուպցիոն գործարք»՝ հայտարարելով, որ Փաշինյանն իր թիկնապահի քրոջ անունով 3 միլիոն դոլարանոց տուն է գնել Կանադայում։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փաստերի վրա է հիմնված պնդումը։ Ասաց, որ փաստեր չունի, իր գրառումը Նիկոլ Փաշինյանի սիրած՝ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ է։ Իսկ մտահոգված չէ՞, որ դատի կտան կամ գործ կհարուցեն իր դեմ։ Ասաց՝ ոչ, եւ հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ, «օդում կախված լուրերի» համաձայն հայտարարություններ էին անում։ Օրվա վերջում իմքայլական Արփի Դավոյանը Ծառուկյանի գրառումն ուղարկեց գլխավոր դատախազին՝ «խնդրելով պարզել նրա վկայակոչած փաստերի համապատասխանությունն իրականությանը եւ տալ իրավական գնահատական»:


«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը տեղափոխվեց արմատական դաշտ։ Այս երկու տարվա ընթացքում խիստ չեզոք կարգավիճակով գործող ԲՀԿ-ն օրերս կտրուկ շրջադարձ կատարեց։ Ու եթե ժամանակին Փաշինյանի ձեռամբ օլիգարխից սեփականատեր դարձած Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական ուժը «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով էին աշխատում, երբեմն տնտեսական որոշ սուր որակումների համար էլ «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեկ բռնում, մեկ բաց էին թողնում, այսօր իրավիճակը փոխվել է։ Ծառուկյանը մտնում է առճակատման դաշտ, Փաշինյանն էլ կրկին նրան սպառնում է քրեական գործով։ Ու ծիծաղելի կլիներ հավատալ, որ դա ԲՀԿ առաջնորդը չէր կանխատեսել։ Հեռանալով մի պահ Ծառուկյանի անձից՝ փաստենք, որ այս ակտիվացումը նաեւ մեկ այլ բանի ազդանշան է։ Եթե խոշոր գործարարն արդեն դուրս է գալիս օրվա իշխանության դեմ, սա նշանակում է, որ իրավիճակը Փաշինյանի շուրջ շատ ավելի լուրջ է, որովհետեւ, առանց առաջիկա իշխանափոխության հոտն առնելու գործարարը դուրս չի գա այն իշխանության դեմ, որի ձեռքին են հարկային, իրավական լծակները, որոնցով նրան շատ արագ կարող են ասպարեզից հեռացնել։ Ուրեմն ստացվում է, որ այս իշխանության գնացքն իսկապես արդեն գնացել է, ու ոչ միայն գործարարներն են նրա դեմ դուրս գալիս, այլեւ այդ գործարարների գումարները հաշվող ու գանձող, երկրի փողի վրա «նստած» թիվ մեկ պաշտոնյան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Չպետք է բացառել նաեւ, որ վերջինիս հրաժարականի գործոններից է այն, որ, տնտեսական այսօրվա իրավիճակով պայմանավորված, ՊԵԿ-ն այլեւս չի կարողանալու հարկահավաքություն իրականացնել, իսկ դրա կուժն ու կուլան, բնականաբար, կոտրվելու է հենց ղեկավարի գլխին։ Իսկ Դավիթ Անանյանը մեկ հրաժարականով երկու հարց լուծեց՝ գլուխն ազատեց իշխանության մեղքերի ոչ սեփական բաժնից, իշխանության մութ գործերից իրեն դուրս դրեց։ Վերադառնալով խորհրդարանական ընդդիմությանը, հավելենք, որ քաղաքական ուժերի համախմբման գործընթացը մեկնարկում է եւ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ակտիվ զարգացումների պիտի սպասել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարն ամբողջովին ձախողած իշխանությունները ակնհայտ խառն են: Նախորդ օրերին քաղաքական գրեթե բոլոր ուժերն արձանագրեցին, որ այս իշխանությունները տապալել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, հրաժարականների կոչեր հնչեցին, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ այդ ամենին փորձեցին հակադարձել ոչ թե տրամաբանված խոսքով, այլ այնպիսի էժանագին բառամթերքով ու ոճով, որի պարագայում նույնիսկ «շրիշակից ցածր» եզրույթն է հարաբերական, քանզի այս պարագայում շրիշակից նայելիս այդ մակարդակը անդնդախոր ձորում հազիվ երեւա: Ավելորդ է նշել վարչապետի մամուլի քարտուղարի՝ Գագիկ Ծառուկյանի քննադատություններին ի պատասխան արձագանքի մասին: Ստացվում է, որ իշխանությունները «յոթ երգ գիտեն, յոթն էլ» քրեական գործերի մասին: Այսինքն, այս իշխանություններն ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հետ առնչվելու մի գործիք ունեն միայն՝ քրեական գործերը: Ինչեւէ, փաստն այն է, որ բացարձակապես քննադատություն չընդունող ու անսխալական երեւակայող, ընդդիմախոսների հետ բացառապես վիրավորանքի, պիտակավորման ու քրեական գործերի «լեզվով» առնչվող իշխանությունների, մասնավորաբար Փաշինյանի հեռացման հանրային պահանջը գնալով ավելի ու ավելի մեծ ընդգրկում է ստանում:


Եվ ահա, այս ֆոնին երեկ հանկարծ պարզվեց, որ Փաշինյանն ու իր ընտանիքը ապաքինվել են կորոնավիրուսից: Մեկ շաբաթում: Սա ավելի խորացրեց կասկածները հասարակության շրջանում: Ճիշտ է, վարչապետը նշում է, թե «մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք», սակայն այդ դեպքում ստացվում է, որ տեւական ժամանակ կարող էին վարակած լինել այլոց՝ չիմանալով այդ մասին: Իսկ «լիարժեք աշխատանքի» վերադառնալու առաջին որոշումները ամենեւին կորոնավիրուսի հետ չէին կապված. դա իշխանության համար այս պահին առաջնային չէ: Փաշինյանը պաշտոնանկ արեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին (ԳՇ պետի պաշտոնանկությունը այս շարքից դուրս է): ԱԱԾ տնօրեն դարձավ ՊՎԾ-ից մեկ օրում քննչական կոմիտեի պետի, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված 29-ամյա Արգիշտի Քյարամյանը (դեռ այն ժամանակ շատերը նշում էին, որ նա է շուտով դառնալու տնօրեն), ոստիկանապետ՝ վարչապետի ընկեր Վահե Ղազարյանը: Երեկ արդեն շատերն այս ամենը պայմանավորում էին ներքին անհանգստություններով, ոմանք էլ կարծիք էին հայտնում, որ իշխանական համակարգը լուրջ ճաքեր է տվել, եւ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր դիրքերը: Զուգահեռ քաղաքական շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել ընդդիմադիր դաշտում, ինչը չի կարող չմտահոգել Փաշինյանին:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր եւ մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երեւում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, եւ նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը եւ նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։ Բայց այս պատմությունն այլ նրբերանգներ էլ ունի։ Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։ Անանյանը խնդրել է չշտապել՝ հորդորելով հարցն առավոտյան քննարկել։ Փաշինյանն ավելի է զայրացել՝ ԱԱԾ տնօրենին է դիմել, թե լուծեք այդ հարցը։ Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սեւանից, կառավարության անդամները՝ կառավարության շենքից։ Երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբեւէ չէր եղել, եւ ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։ Թույլ չեն տվել վերեւ բարձրանալ նաեւ Անանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է եւ միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերեւ՝ դիմում գրել եւ հեռացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Մեր տեղեկություններով՝ այս գործով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդիրների առջեւ: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս: Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի եւ այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով եւ ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, գործարքին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանը հայտնել է, թե չի կարող 7.5 մլրդ դրամ վերադարձնել, այլ միայն 3.5 մլրդ դրամ, սակայն իրավապահ համակարգում չեն համաձայնել եւ ասել են՝ պետք է ամբողջը վերադարձնի: Սակայն Խաչատրյանն էլ հրաժարվել է՝ ասելով, թե այդ դեպքում ոչինչ էլ չի վերադարձնի, եւ հայտարարել է՝ թող ապացուցեն իր մեղավորությունը, հիմնավորեն, որ 7.5 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Հետաքրքիր է՝ ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ուժային կառույցների ղեկավարիների փոփոխությունը վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկարակեցության համար գործի է դնում վերջին միջոցը՝ ուժային մեթոդը։ Այլեւս չի հաջողվում կասեցնել համակարգի անկումը, դրա համար նրան այս կառույցներում պետք են խիստ վստահելի անձինք, դրա համար ԱԱԾ-ն վստահեց համակարգից կիլոմետրերով հեռու, բայց սատանաներին անգամ հայտնաբերող, իր ցանկացած հրահանգ կյանքի կոչող Արգիշտի Քյարամյանին, իսկ ոստիկանության ղեկը տվեց սեփական ընկերոջը՝ Վահե Ղազարյանին։ Այս նախապատրաստական աշխատանքները հենց այնպես չեն։ Փաշինյանը աշխատանքից հեռացնում է երկու առանցքային պաշտոնյաների, որոնք այս իրավիճակի անմիջական պատասխանատուները չեն։ Համավարակի դեմ պայքարը տապալելու համար հաստատ առաջինը նրանք չէ, որ աշխատանքից պիտի ազատվեին։ Ուրեմն ո՞րն է այս պաշտոնյաների հեռացման եւ վստահելիներին համակարգի գլխին դնելու նպատակը։


Մեկ շաբաթում արագ առողջացած Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրության ավարտից հետո իր իշխանությանը սպառնացող վտանգներին դիմակայելու, այս պահին նրան հետաքրքիր չէ, թե ինչ կլինի վիրուսի տարածման հետ, պետք լինի՝ մի օր կհայտնվենք դժոխքում, մի օր էլ՝ դրախտում։ Թվերն էլ իրենց ձեռքում են՝ կուզեն բոլորին մեկ օրում վարակակիր կդարձնեն, կուզեն՝ մեկ շաբաթից բոլորին կառողջացնեն։ Փաշինյանը շատ լավ գիտի, որ արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ուժերն իր դեմ են դուրս գալու, եւ քաղաքական պայքարին պատրաստվելու համար պետք են մարդիկ, որոնք ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնի։ Ուժայիններին սեփական գրպանում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը կկարողանա ըմբոստության ալիքը զսպել, ընդդիմադիրների ակտիվությունը կասեցնել։ Թերեւս ամենից լավ Փաշինյանը գիտի, թե այդ ուժայիներն ինչ վիճակում կհայտնվեն, երբ հիասթափված ամբոխը նրանից պարզաբանումներ պահանջի չկատարած խոստումների եւ տապալած կառավարման համար։ Բայց այս փոփոխությունները նաեւ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ նախապատրաստվում է քաղաքական ընդդիմախոսների հետ կռվին, ու նա իշխանությունը հեշտ չի զիջելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժայինների կադրային ջարդն ընդդիմադիր դաշտի համախմբման դեմ ուղղված քայլ է, սակայն ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը թերացել են նաեւ վարչապետի «սեւ ցուցակի» հարցում․ նրանք չեն կարողացել կոմպրոմատներ հավաքել անհնազանդ պատգամավորների վրա։ Իսկ վարչապետը 2 շաբաթ ժամանակ էր տվել, որպեսզի որոշ իմքայլականների ձեռքից մանդատը կարողանան վերցնել, իսկ մյուսներին ստիպել, որ հնազանդվեն։ Օրերս նրանք հիասթափեցրել են, թե՝ փաստերը թույլ են, ինչից Փաշինյանը զայրացել է եւ ասել՝ դուք չեք կարողանում, ուրիշները կգան, կանեն։ Նորանշանակներից երկուսը համերկրացի են եւ անտրտունջ կենթարկվեն նրա հրահանգներին»:


«Իրատես» թերթը գրում է. «Երեկվա օրը լի էր պաշտոնանկություններով՝ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ոստիկանապետ Արման Սարգսյանի: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն: Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանության պետ: Ահա թե ինչ եղավ, երբ կորոնավիրուսով հիվանդ վարչապետը վերադարձավ լիարժեք աշխատանքի՝ դառնալով կորոնապատմության մեջ ամենաարագ ապաքինված ընտանիքի հայր: Բայց դա առանձին պատմություն է: Ի՞նչ են նշանակում այս հրաժարականներն ու նշանակումները: Եթե Արտակ Դավթյանի պարագայում հրապարակային պատճառը կիրակի օրը որդու հարսանիքն էր, որը չէր կարող նախապես համաձայնեցված չլինել վարչապետի հետ, բայց հաջորդեց պատիժը, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնանկություններն ու նոր նշանակումները Հայաստանում ստեղծված իրավիճակում կարող են դառնալ տեխնիկական եւ մի քանի ամսվա պաշտոնավարման իրողություններ, որ նույնպես առանձին պատմություն է: Կորոնաճգնաժամի պայմաններում հասարակության ակնկալած հրաժարականները ոչ ԱԱԾ տնօրենի, ոչ ոստիկանապետի, ոչ էլ անգամ գլխավոր շտաբի պետինն են: Նրանք չեն կորոնավիրուսի տարածման մեղավորները: Կա հստակ պահանջ՝ պաշտոնանկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ համակարգը կաթվածահար անելու, ճգնաժամային կամայական կառավարման, անհրաժեշտ միջոցներով ժամանակին համակարգը չապահովելու պատճառով:


 Նույն պահանջը գործում է փոխվարչապետ ու պարետ Տիգրան Ավինյանի դեպքում՝ չկազմակերպելու համար առողջապահության նախարարության ու պետական կառավարման մյուս օղակների համադրված աշխատանքը, ձախողելու պարետատան ընդունած որոշումների կատարման վերահսկողությունը: Աբսուրդ է, երբ պաշտոնանկվում է ոստիկանապետը, իսկ պարետը՝ ոչ: Աբսուրդ է, երբ չեն ներկայացվում պաշտոնանկության պատճառները: Հ. Գ. Այս պայմաններում նույնքան աբսուրդ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ մենք այն վիճակում չենք, որ խորհրդարան լուծարենք ու գնանք արտահերթ ընտրությունների՝ առաջին, ՔՊ-ում չկա որեւէ մեկը, որ ավելին է Նիկոլ Փաշինյանից իր փորձով, քաղաքական, կազմակերպական, մարդկային նկարագրով՝ երկրորդ, եւ երրորդ՝ Հայաստանը ոչ միայն համավարակային ճգնաժամի մեջ է, այլեւ՝ կառավարման, որից ելքը, որքան էլ անհավանական է թվում Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում, կառավարության կառուցվածքային ու կադրային փոփոխություններն են՝ անհրաժեշտ համալրումով ոչ ՔՊ-ականներով, փորձառու ու «նախահեղափոխական» անցյալ ունեցող մարդկանցով: Եթե, իհարկե, նրանք համաձայնեն ստանձնել կամիկաձեի դեր՝ այս պայմաններում ու Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու առումով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու ճակատագրական հարսանիքից։ Նախ, մեզ ասացին, որ շտապելու պատճառը եղել է այն, որ փեսացու տատիկներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կարող է չապրեր մինչեւ արտակարգ դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը եւ մասնակցի այդ արարողությանը։ Բայց կարծել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից եւ ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը ծածուկ կմնա եւ լուրջ հետեւանքներ չի ունենա։ Փաստորեն, չստացվեց։ Հարսանիքի քավոր կանգնել է Արտակ Դավթյանի տեղակալը՝ Ստեփան Գալստյանը։ Հարսանեկան սեղանին վայրի խոզի միս են մատուցել, որն ուղարկվել էր Արցախից՝ Քարվաճառի կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ցավոք, ոչ Արտակ Դավթյանը, ոչ նրա տեղակալները, ոչ էլ Ա․ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեցին, որ նրանց խոսքը ներկայացնեինք։ Կորպուսի հրամանատարն, ասացին, դիրքեր է բարձրացել, մյուսները՝ հեռախոսազանգերին չեն պատասխանում։


«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է նաև Արշակունյաց պողոտայի վրա գտնվող Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի շենքը, ճիշտ է՝ ոչ իր անունով: Բայց փաստն այն է, որ այն ԵԿՄ սեփականությունը չէ, և այս կառույցում ուղիներ են փնտրում այն կազմակերպությանը վերադարձնելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը չի գործում արդեն մի քանի ամիս՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ու այնտեղի աշխատողները այդ ժամանակահատվածում զրկվել են աշխատավարձից: Ըստ մեր տեղեկությունների, վերջերս խաղատան տնօրինությունը այնտեղի աշխատակիցներին բոլորին բաժանել է 100 դոլար ու հայտարարել, որ այն ոչ թե աշխատավարձ է, այլ խաղատան գործելուց անմիջապես հետո այն պետք է վերադարձնել: Ըստ մեր տեղեկությունների, աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ դեռեւս մարտից չաշխատող խաղատան աշխատակիցներն այդքան վնաս են կրել, աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո պարտավոր են այդ գումարը վերադարձնել: Լրատվականն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, որը հայտարարեց,. «Ես որևէ տեղեկատվություն բնականաբար չունեմ, «Շանգրի Լան» հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում վարչապետն անձամբ է հանդիպում, հարցազրույց անցկացնում այն անձանց հետ, ում պետք է պաշտոնի նշանակի՝ հասկանալու համար, թե ով ինչ անցած ուղի ունի: Անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երկտասարդության հարցերի փոխնախարարներին այդ պաշտոններում նշանակելը կատարվում է անձամբ վարչապետի հսկողությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ է այն, որ վարչապետը չի ստորագրում դեռեւս մայիսի 22-ին ներկայացված իր հրաժարականի դիմումը: Այն, որ վարչապետի հետ հանդիպել է, Գոգյանը հաստատեց, իսկ արդյոք վարչապետին հաջողվել է համոզել Գոգյանին չհեռանալ իր պաշտոնից, նշեց. «Զրույցի բովանդակությունը ես իրավասու չեմ ներկայացնելու, ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ-ում ՀՀԿ իշխանության բարքերը շարունակվում են նաև հեղափոխությունից հետո, բազմիցս ենք գրել։ Օրերս էլ հանդիպեցինք նման մի օրինակի ևս։ Պարզվում է՝ ՊԵԿ-ը իր կարիքների համար մեկ անձից գնման ընթացակարգով վարձակալել է Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամով։ Թե ինչ նպատակով է ՊԵԿ-ը վարձակալել այդ բնակարանը, մեզ չհաջողվեց պարզել։ Փոխարենը պարզեցինք, որ այդ հասցեում գրանցված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի աղջիկը՝ Լիլիթ Վաչեի Տերտերյանը»։


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո` Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնացել է առանց գործադիր տնօրենի եւ լրատվական ծառայության տնօրենի: Նախկին գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը հեռացավ աշխատանքից, իսկ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն առ այսօր շարունակում է աշխատել, բայց միայն որպես հաղորդավար: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերության կուլիսներում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով համալրված Հանրային հեռուստաընկերության լրատվականի թիմը կավելանա եւս մի «Ազատության» կադրով, որն էլ կղեկավարի եւ կկոորդինացնի իր նախկին գործընկերներին: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի մասին է, որը, ամենայն հավանականությամբ` առաջիկայում կստանձնի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը` փոխարինելով Պետրոս Ղազարյանին»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, եւ փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով: Առաջիկայում սպասում է եւս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում: Նախկին Հ3-ի հենքի վրա ստեղծված «Նոր Հայաստան» հ/ը-ի մի խումբ լրագրողներ` նախկին ՕԵԿ-ի անդամ, այժմ Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան Էդգար Առաքելյանի գլխավորությամբ, կստեղծվեն նոր լրատվամիջոց` «Արարատ նյուզի» հանգույն, ղեկավար կազմում ներառված կլինեն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի 2020-2025թթ. թվայնացման ռազմավարությունը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության, տնտեսության թվային փոխակերպումը՝ թվայնացումը: Ըստ ներկայացված ծրագրի՝ առցանց հանրային ծառայությունների զարգացման ցուցանիշով 193 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը՝ զիջելով ՌԴ-ին, Ղազախստանին և Բելառուսին։ 2019թ. դրությամբ Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքներից օգտվում է բնակչության 15%-ը»:


«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն: Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել Առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առեւտուր եւ այլն): Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է. «Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային եւ տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ: Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում եւ մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի եւ «օջախների» ձեւավորումը կանխելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է զբաղվի, ինչպես հայտնի է դառնում պաշտոնական աղբյուրներից, 1991-ից մինչեւ 2018-ի մայիս տեղի ունեցած անօրինականությունների, մարդու իրավունքների խախտման, ունեզրկման եւ այլ դեպքերի ուսումնասիրությամբ: Արդեն հայտնի է, որ հանձնաժողովը ձեւավորելու է խորհրդարանը, իսկ անդամներին ներկայացնելու են խմբակցությունները, կառավարությունը, ԲԴԽ-ն եւ մարդու իրավունքի պաշտպանը. ընդհանուր առմամբ հանձնաժողովն ունենալու է 9 անդամ։ Մասնագետների ու փորձագիտական սեկտորի կարծիքներն ուսումնասիրելուց ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի ուսումնասիրած տվյալներն էլ հենց հիմք են դառնալու առաջիկայում պլանավորած անցումային արդարադատություն անցկացնելու գործընթացի համար, որի գաղափարից իշխանությունը չի հրաժարվել։ Թերթի տեղեկություններով, իրականում հանձնաժողովը ստեղծվում է այն բանի համար, որ իր վրա վերցնի «անցյալի հարցը», իսկ պետական կառավարման եւ հանրային ռեսուրսներն ազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից: Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ իշխանության ներսում այս հարցով հատուկ խումբ է ստեղծվել, որ «աշխատի» հանձնաժողովի հետ, թե առավել շատ ինչ հարցերի վրա ուշադրություն դարձնեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս հանձնաժողովին տրվելու են աննախադեպ իրավասություններ՝ նվազագույն պատասխանատվությամբ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խոշոր առեւտրի կենտրոններում, ավելի կոնկրետ` մոլերում, համատարած փակվում են առեւտրային տաղավարները: Խնդիրն այն է, որ փոքրիկ մի տարածքի համար առեւտրով զբաղվողները տալիս են բավականին կլորիկ վարձ, իսկ առեւտուր չկա: Էապես նվազել է հագուստ գնողների թիվը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է «Կրթության մասին» օրենքում ավելացնել այսպիսի պարբերություն՝ «Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու արգելքը չի գործում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, և կարող է հաստատվել նոր ցանկ»: Գործող օրենքը սահմանում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է»: Այս փոփոխությունը հնարավորություն կտա փոփոխություն կատարել ընդունելության քննությունների ցանկում և ընդունելությունը կազմակերպել ընդունելության ընդամենը մեկ քննության արդյունքների հիման վրա»: