23.11.2024
Մամուլ. Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը
prev Նախորդ նորություն

Աղմկահարույց հրաժարականները հաստատում են Գագիկ Ծառուկյանի պնդումները. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկնարկել է քաղաքական խորհրդատվությունների շարքը, արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


«Արդեն իսկ հանդիպումների շարքը մեկնարկել է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից անմիջապես հետո տեղի են ունեցել մի քանի ուժերի, շարժումների, հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ հանդիպումներ: Առանցքում կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից մեր երկիրը դուրս բերելու հետ կապված մտահոգությունն է, իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաև այն հաղթահարելուն միտված ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքները: Սակայն այս պահին ես կոմպետենտ չեմ հնչեցնել առանձին անուններ: Ըստ նպատակահարմարության, առաջիկայում թե՛ տեղի ունեցած հանդիպումների, թե՛ դրանց բովանդակային մասի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն անձամբ կխոսի»,- ասաց պատգամավորը:


VERELQ-ի տեղեկություններով՝ Ծառուկյանն առաջիններից հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ, սակայն Իվետա Տոնոյանը կրկնեց՝ որևէ անուն չի հնչեցնելու: Դա կանեն կողմերը, երբ նպատակահարմար գտնեն:


Ինչ վերաբերում է այսօրվա աղմկահարույց հրաժարականներին, պատգամավորը մատնանշեց՝ այս ամենը գալիս է փաստելու Գագիկ Ծառուկյանի մի քանի օր առաջ արված հայտարարությունը, որ ՀՀ կառավարությունում կա լուրջ կադրային խնդիր, կա կադրերի լուրջ դեֆիցիտ և այն, որ բազմաթիվ մարդիկ այսօր ղեկավարում են այնպիսի ոլորտներ, որոնց հետ նրանց առնչությունը գրեթե զրոյական է.


«Այս գործընթացները գալիս են հաստատելու ԲՀԿ առաջնորդի այն պնդումը, որ բազմաթիվ ոլորտներում կառավարությունն ունի լուրջ ձախողումներ և որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում»,- հավելեց Իվետա Տոնոյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել Արտակ Դավթյանը, Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հնչեցրել է, թե ովքեր կփոխարինեն այս կառույցների ղեկավարներին: Ըստ այդմ՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվոել է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ: