Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն: Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նեշով, որ այս ընթացքում ընդհանրապես աջակցության թեման ամենահրատապ թեմաներից մեկն է, «բայց մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական»։
Նա նշեց, որ նույնը վերաբերում է կոմունալ վճարներին, որովհետեւ այսօր կա կոմունալները չվճարելու, հետաձգելու կոնտեքստ։ «Օրինակ՝ պետական աշխատողների կոմունալ վճարները ինչո՞ւ հետաձգել, նրանք աշխատավարձ են ստանում, կամ, օրինակ, ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն։ Եվ նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին է նպաստ ստացել, այնպես էլ՝ հիմա»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ պարետն այս ընթացքում մշտական հաղորդակցության մեջ է եղել, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում՝ «Գազպրոմ» ընկերության հետ։ «Բայց մենք սրա մասին շուտ չէինք խոսում, որովհետեւ մենք չէինք ուզում, որ դա օգտագործվի։ Հենց առաջին օրվանից պարետը դրանով զբաղվել է, բայց իմ կոչը եւ խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, չուշացնեն վճարումները, որովհետեւ ավելի վատթար վիճակում են դնում դրա կարիքն իրոք ունեցող մարդկանց»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ ընկերություններն էլ են մերը, իրենց գործունեության մասին էլ է պետք մտածել։
Նրա պնդմամբ՝ եթե մարդը 2 մլն դրամի գազ է սպառել եւ չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են։ «Եթե նա այդքան գազ է սպառել, ենթադրվում է, որ հոգեպահուստ փող ունի, թող տանի վճարի։ Իսկ նրանք, ովքեր անապահով խավից, են եւ անջատել են իրենց գազը, կմիացնեն։ Մենք շատ դեպքերում հրապարակային այդ դեպքերով չենք խոսում, որ չխրախուսենք սպեկուլյացիաները»,- եզրափակեց վարչապետը։