23.11.2024
Ինչպե՞ս ենք պատրաստ կորոնավիրուսին, եթե Երևանում և Գյումրիում բժշկական դիմակների դեֆիցիտ է
prev Նախորդ նորություն

Բաքուն ապակայունացնում է սահմանը՝ բանակցություններում զիջումներ կորզելու համար

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-նշել է նա:


Ադրբեջանական կողմից այդ կրակոցներն ու սահմանի ապակայունացումը կարելի է դիտարկել, որպես Փաշինյան-Ալիևը մյունխենյան դիվանագիտական մենամարտի ու բանավեճի շարունակություն: Բաքուն հավանաբար դժգոհ է Փաշինյանի դիրքորոշումից և ակնկալում էր միակողմանի ու արագ զիջումներ հայկական կողմից, ինչը տեղի չունեցավ:


Օրերս էլ Ստեփանակերտում կայացած ԱԱԽ նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:


Փաշինյանը նաև նշել է, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում:


Մյունխենյան և ստեփանակերտյան մեսիջներին Բաքուն պատասխանում է կրակոցներով, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հեռու է բանակցային գործընթացում որևէ զիջումների գնալու մտադրությունից և բանակցային գործընթացը միայն ֆոն է՝ժամանակ շահելու հնարավորություն լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու համար:


ՀՀ-ն ու Արցախը պետք է շարունակեն բանակի ամրապնդման աշխատանքները, քանի որ Բաքուն շարունակելու է բանակցություններն ու կրակոցները համատեղելու մարտավարությունը՝բանակցություններում չկարողանալով կորզել զիջումներ կամ իրեն ձեռնտու ձևակերպումներ Բաքուն կրակոցներով սահմանին փորձելու է հասկացնել Մինսկի խմբին, որ իրենք չեն բացառում ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է սեփական հասարակությանը ցույց տա, որ բանակցություններին մասնակցելով նա չի պատրաստվում գնալ ղարաբաղյան հարցում զիջումների, ինչպես նաև հանրության ուշադրությունը փորձում է խայտառակ խորհրդարանական ընտրություններից շեղել դեպի սահման ու Ղարաբաղ:


Չմոռանանք, որ Սիրիայում լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները և կողմերը շատ մոտ են ուղիղ ռազմական բախումից: Ղարաբաղում սահմանների ապակայունացումը Բաքվի կողմից համընկնում է ռուս-թուրքական լարվածության հետ Իդլիբում: Սա կարելի է դիտարկել նաև Էրդողանի մեսիջ ռուսներին Կովկասում:


Հայկական կողմերի համար տնտեսության զարգացումն ու բանակի արդիականացումը պետք է լինեն այն երկու հենասյունները, որոնք թույլ կտան Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությանը ասիմետրիկ պատասխաններ տալ՝սթափեցնել Բաքվի «բազեներին»:


Վարդան Վարդանյան