VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական տեւական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլեւ տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաեւ ռուսական ԶԼՄ-ների կողմից: Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Մեր աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «Այո»-ի միտինգներին եւ բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից: Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս անգամ չեն կարող, ուստի պատրաստվում են իրենց շարքերից առաջին զոհը տալու` Արսեն Թորոսյանին: Սպասվում է նրա պաշտոնանկությունը, ինչի ուղղությամբ աշխատում են ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյլնալյանը, որը տեւական ժամանակ աչք ունի այդ աթոռի վրա, նրա քավոր Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այս «օպերացիայի» քավորն է: Ասում են, սակայն, որ Թորոսյանի պաշտոնանկության ամենամեծ ջատագովը, որն ահավոր «նեպրիյազն» ունի առողջապահության նախարարի նկատմամբ, Աննա Հակոբյանն է եւ շատ մոտ է արդեն նրան վերջապես խաղից հանելու իդեա-ֆիքսի իրականացմանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև համակիրների «դուխը չգցելու» համար ՀՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արման Սահակյանը հայտարարում է, թե կուսակցության գրասենյակը ֆիթնես-մերսման սրահ դարձնելը չի նշանակում Նժդեհի գաղափարներից շեղում, սակայն փաստերը այլ բան են ասում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս փակվել է նաև նրան պատկանող պահնորդական «Ալֆա-Դելտա» ընկերությունը: Առաջիկայում կներկայացնենք հետաքրքրաշարժ դրվագներ այս ընկերության, նրա շահած տենդերների, հարկային կարգապահության վերաբերյալ»։
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է հանրաքվեն անցկացնել պահուստային միջոցներով, որը գոյացել է քրեական գործերով բյուջե վերադարձած միջոցներից։ Հիշեցնենք՝ խոսքը 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամի մասին է։ 2 տարվա իշխանությունն անընդհատ հայտարարում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է տարվում եւ նախկին «թալանչի» իշխանությունների գողացածը կոպեկ առ կոպեկ, ավելի ճիշտ, «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձվելու է բյուջե։ Բայց այսքան ժամանակ այս «ամենաթափանցիկ» կառավարությունը հանրությանը հաշվետվություն ներկայացրե՞լ է, թե գողացված գումարներն ինչ նպատակներով են ծախսվում։ Հարց է նաեւ` այդ գումարները վերադարձվել են բյուջե քրեական գործերի շրջանակներու՞մ, թե՞ կոնկրետ անձինք պիտի գումար տային պահուստային ֆոնդին, տվել են։ Օրինակ, ով իմացավ, թե Ալեքսանդր Սարգսյանն ինչու էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար։ Ընդհանրապես այս գործընթացը բավական ուշագրավ նրբերանգներ ունի, եթե հիշենք նաեւ Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, թե ավելի լավ, որ պետբյուջեից գողացված միջոցները փոխանցվում են իր հիմնադրամներին։ «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետեւ մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձեւով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեւնույն է ծառայեցնելու ենք այն ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,- ասել էր նա: Իսկ հնարավո՞ր է, որ բյուջե վերադառնալու փոխարեն միանգամից «գողացված» միջոցներն ուղղվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ Ու արդյոք դա նշանակում է, որ նրանց նախկինում արված «մեղքերը» ջրվում են։ Ժողովրդի իշխանությունն ամեն դեպքում լավ կանի, որ հասարակությանը պարբերաբար ներկայացնի, թե որքան «գողացված» միջոցներ են վերադարձվել բյուջե եւ ամենակարեւորը՝ դրանք ինչպես ու ինչ նպատակների համար են ծախսվել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները եւ նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Շատ մարդիկ են գալու դատարանի դիմաց, որպեսզի կանգնենք մեր կուսակցության ղեկավարի կողքին»: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաեւ դատավոր Վահե Միսակյանի շուրջ:
Օրաթերթը տեղեկացավ, որ դատավոր Վահե Միսակյանը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: Դատավորն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշել էր. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ: Ես որեւէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ, ո՛չ էլ որեւէ հանգամանք կա»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վերջինս ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել, իսկ նրան բացատրել են՝ համակարգիչը ընտրել է իրեն ,եւ այլ տարբերակ չունի, պետք է քննի: Այս իրավիճակը նաեւ ուշագրավ է նրանով, որ Հանրապետական կուսակցության անդամներն իրենց նախկինում անպարտելի էին համարում, Սերժ Սարգսյանին՝ անփոխարինելի: «Իշխանությունը Մելիք-Ադամյանով» անցնելու մասին հայտարարություններով հպարտացող Սերժ Սարգսյանն այսօր պետք է ներկայանա դատարանին: Եվ եթե անգամ թավշյա հեղափոխությունը ոչինչ չտար, ապա այս տեսարանը բավական էր՝ ՀՀԿ-ի ամբարտավան կերպարը կոտրված տեսնելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի գործով կայանալու է առաջին դատական նիստը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ տարածքային կառույցները, Սերժ Սարգսյանին հավատարիմ մնացած օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավի Արկադը, և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարդկանց են հավաքագրել, ովքեր պետք է շրջափակեն դատարանի շենքը՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ: Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգեւատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ «Էդ մասին բան չեն ասել»: Որ չտանեք, ի՞նչ են անելու։ «Չգիտեմ ինչ պատիժ է սպասվում»: 30-րդ ընտրատարածքի պատասխանատու, իմքայլական Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ դրամահավաքին ո՞ւմ եք տանելու Ձեզ հետ։ «4-5 հոգու մասին խոսք չկա, ես հրավիրել եմ շատերին, չգիտեմ՝ որքան մարդ կգա»: «Մարդա» ինչքա՞ն փող են բերելու։ «Վաղը կերեւա»: Չե՞ք հորդորել։ «Ես ո՞վ եմ, որ հորդորեմ»: Խոշորացված համայնքում հանրաքվեի «ասողն» եք, հետո էլ՝ չէի՞ք հորդորել, որ Սոֆյան ամուսնանա, կկարողանա՞ք 1 միլիոնից ավելի դրամ մուտք անել։ «Չկա նման բան. ինձ որեւէ մեկը նման բան չի ասել»: Անձամբ ինչքա՞ն եք նվիրաբերելու։ «Ոչ մի կոպեկ»: Կհանեն կուսակցությունից։ «Ո՞վ պիտի հանի։ Ես ոչ մի կոպեկ չեմ տալու»: Ո՞նց կլինի էդպես։ «Ցանկությունը շատ է, բայց մենք դեռ հլը դիմացը պրոցեսներ ունենք, տրանսպորտի, տարբեր ծախսեր կան»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետեւից դեռ գնացող զանգված կա: Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։ Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»:
«Իրատես» թերթը գրում է. «2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել: Իհարկե նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է: Որպես ԱԺ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրող՝ վստահաբար կարող եմ փաստել՝ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով: Մեր հարցերին ի պատասխան, թե ու՞ր եք, ինչու՞ խորհրդարան չեք գալիս, պատգամավորները վստահեցնում են, թե դրսում գտնվելով՝ անչափ կարեւոր գործ են անում, հանդիպումներ ունենում ու աշխատում ի շահ պետության:
Ցավալին այն է սակայն, որ այդ հանդիպումների, կարեւոր գործերի ու պետականամետ խիստ կարեւոր գործունեությունը ո՛չ տեսնում ենք, ո՛չ էլ դրա մասին լսում: Եվ եթե ժողովրդին ծառայելու խոստում տված ու այդ մասին մինչ օրս հուզիչ տեքստեր ասող պատգամավորները հանրակրթական մի շարք դպրոցների կիսախարխուլ, վթարային ֆոնին առանց վատ զգալու օգտվում են պետական բարիքներից, ապա հույսը, թե երկրում երբեւէ իրավիճակ կարող է փոխվել, գնալով մարում է: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը վերջերս կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե նախագիծ է մշակելու, որ պատգամավորներին հավասար աշխատավարձ ստանամ, որովհետեւ ի տարբերություն իր շատ գործընկերների՝ ես միշտ եմ խորհրդարանում: Այո, բարոյական տեսանկյունից խիստ վիրավորական է, երբ ամեն օր ութ ժամ երկրի օրենսդիր մարմնի միջանցքներում պատգամավոր ես փնտրում, հետո հոգնածությունից գետնին ծավալվում, բայց կես ամիս աշխատելու կամ օրական ուղղակի մի քանի ժամ ներկայության համար պարգեւավճար ստանում են «ժողովրդի ընտրյալները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի եւ ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները եւ հորդորել զսպվածություն դրսեւորել: Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը: Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ շաբաթ օրը կայացած համատեղ նիստից հետո, ինչպեսեւ սպասվում էր, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Երեկ, ինչպես հաղորդել էինք օրեր առաջ, Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատար․ մինչ այդ նա զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը։ Ըստ արցախյան մեր աղբյուրների՝ շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Կամո Վարդանյանի անունը, չի բացառվում, որ այլ անուններ էլ քննարկվեն։ Մեկ ամիս առաջ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի-շտաբի պետի պաշտոնը: Մովսես Հակոբյանի՝ Մոսիի մտերիմն է, անցնում է Մարտի 1-ի գործով ու հետաքրքիր ցուցմունք է տվել, օրինակ՝ հաստատել է, որ Արցախից 2008 թվականի հայտնի իրադարձություններին զորք է բերվել Երեւան։ Ասել է, որ 2008 թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել է Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։ «Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց՝ մնալ Երեւանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երեւան։ Հասկանալի էր, որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարարը, կոնկրետ տեղյակ չեմ»,- ասել է Վարդանյանն իր ցուցմունքում։ Մեզ ասացին նաեւ, որ ԱԱԽ-ների համատեղ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են բանակում քրեական ենթամշակույթի դեմն առնելու, ինչպես նաեւ նոր սպառազինություն ձեռք բերելու ու Արցախը Հայաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման հարցեր՝ Հադրութ-Ջաբրայիլ-Խնձորեսկ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, ի՞նչ կանեք՝ հարցրինք ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։ «2-րդ փուլը մենք հավանական ենք համարում եւ այդ փուլում տեսնում ենք ՀՅԴ թեկնածուին, իսկ թե մյուս երկրորդն ով կլինի, կերեւա»: Ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ` Մասի՞սը, թե՞ Արայիկը։ «Երկուսն էլ հոգեհարազատ են»: Ունեք 1 ընտրություն։ «Կորոշենք»: Որոշումը միայն Արցախի ՀՅԴ ԿԿ-ի՞նն է, թե՞ ընդհանուր ՀՅԴ-ինը։ «Քաղաքական նման կարեւոր որոշումները կայացվում են միասնական` Բյուրոյի հետ համատեղ»: Դա չի՞ դիտվի որպես Արցախի ներքին խնդիրներին միջամտություն։ «Մենք մեկ կուսակցական կառույց ենք՝ Արցախի ԿԿ-ի պատկերացումները կլինեն ուղղորդիչ»: Տեսակետ կա, որ Արցախում եւս կսկսեն «քայլել»՝ «նոր արցախականները»։ «Եթե քայլելու ուղղությունը դեպի սահման է, դեպի ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների ուղղություն, մենք միշտ պատրաստակամ ենք միանալու նրանց, բայց եթե նրանք կքայլեն դեպի Ստեփանակերտ` նախագահական, կառավարական ապարտամենտներ` սեփական շահերը պարտադրելու, այդ պարագային Դաշնակցությունը բոլորովին այլ դիրքորոշում կդրսեւորի»:
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհին ու մարդկությանը սպառնացող կորոնավիրուսը բավական մոտ է Հայաստանին, կարելի է ասել՝ քթներիս տակ: Հասարակության մոտ, փա՜ռք Աստծո, տագանապ չկա, բոլորն ուրախ-զվարթ ասում-խոսում են վիրուսի մասին, կատակներ անում միմյանց հետ, անեկդոտներ հորինում: Խնդրին մինչեւ վերջերս խիստ հարեւանցի էին մոտենում նաեւ իշխանության ներկայացուցիչները, ու մինչեւ «թագակիր» վիրուսը դամոկլյան սրի նման կախված էր մեր գլխավերեւից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրում էր, թե ինչու չպետք է փակվի Իրանի հետ սահմանը, որտեղ վիրուսը կայծակնային արագությամբ է զարգանում: «Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում»,- հայտարարում էր նախարարը: Նրա ջրաղացին ջուր էին լցնում իմքայլական պատգամավորներն ու հորդորում լվից ուղտ չսարքել: Ավելին՝ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոյանն ակնարկում էր, թե վիրուսի մասին վատ-վատ հայտարարություններ նախկիններն են տարածում ու տագնապ առաջացնում:
Ի հեճուկս թիմակիցների իրոնիկ բնույթի գրառումների ու «ազգ-էպիդեմոլոգ» հայտարարության հեղինակ նախարար Թորոսյանի՝ Իրանի հետ սահմանը ժամանակավորապես փակելը կառավարությունում անհրաժեշտություն են համարել ու որոշել՝ երկու շաբաթով դադարեցնել հարեւան երկրի հետ օդային ու ցամաքային հաղորդակցությունը: Ցավալիորեն սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն հարցի շուրջ մութ սենյակում կատուներ են փնտրում, հետո անչափ հուզիչ իրավիճակում հայտնվում: Առաջին դեպքը չէ նաեւ, որ հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով թիրախավորվում են նախկինները, ու եթե առաջնորդվելու լինենք պատգամավորների առաջ քաշած թեզով, ապա իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը: Ժողովրդի ընտրյալներին հորդորում ենք յոթ անգամ չափելուց հետո միայն հայտարարություն անել, որ ո՛չ իրենք անհարմար դրության մեջ հայտնվեն, ո՛չ էլ հասարակությունը հերթական անգամ օտարների ու յուրայինների բաժանվի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարեւոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաեւ հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից: Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայաստանում, այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը: «Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ զրուցեց զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի հետ, որը մեզ հետ զրույցում թվային որոշակի տվյալներ ներկայացրեց. «2017 թվականի ընթացքում Հայաստան ժամանել է շուրջ 220 հազար Իրանի քաղաքացի: Այս ցուցանիշը, սակայն, 2018 թվականին նվազել է՝ կազմելով մոտ 160 հազար: 2019 թվականին նույնպես Հայաստան ժամանել է 160 հազար իրանցի զբոսաշրջիկ»: Սակայն Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել որոշակի կանխատեսումներ անելու համար։ «Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում», -փոխանցեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարին բացված սպանդանոցները դադարեցրել են իրենց գործունեությունը՝ անասունների մորթի բացակայության պատճառով: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սուպերմարկետներում և սննդի օբյեկտներում վաճառվող միսը պետք է լինի սպանդանոցային մորթի արդյունքում ստացված, այդ արգելքը, ըստ էության, չի գործում, ինչի արդյունքում սպանդանոցները մատնվել են անգործության»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Ի դեպ, այս ՀԷԿ-երի կառուցման ծրագրի շուրջ աղմուկ էին բարձրացրել որոշ բնապահպանական կազմակերպություններ: Ըստ նախարարության ծանուցման, ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը պետք է կայանար փետրվարի 10-ին: Ըստ մեր աղբյուրի փոխանցման, մասնավորաբար «Լոռիբերդ-1» ՓՀԷԿ-ի հարցով արդեն իսկ կայացվել է բացասական որոշում: Հավելենք, որ ըստ նախագծահաշվարկային փաստաթղթերի, այն ունենալու է շուրջ 30 մեգավատտ հզորություն։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում գործող փոքր հէկերի միջին հզորությունը կազմում է մոտ 2 մեգավատտ։ Մասնագետների կարծիքով, նման հնարավորություններով ՓՀԷԿ-ի շահագործման արգելանքը կարող է էական վնաս հասցնել էներգետիկ ոլորտին։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նշված հզորությամբ ՀԷԿ-ը կառուցելու համար պահանջվելու էր շուրջ 30 միլիոն դոլարի ներդրում Կուրթան, Լոռի բերդ և Ագարակ համայնքներում, ստեղծվելու էր շուրջ 1000 աշխատատեղ շինարարության ժամանակ և 60 մշտական աշխատատեղ ավարտից հետո։ Այս տեղեկությունը ճշտելու և որոշման հիմքերի մասին տեղեկանալու համար դիմեցինք շրջակա միջավայրի նախարարություն. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, ի պատասխան մեր հարցման, ասաց. ««Լոռի-Բերդ» ՍՊ ընկերության` ջրօգտագործում ստանալու հայտը դեռևս գտնվում է քննության փուլում»: