23.11.2024
Փաշինյանի բանաձևն Արցախի հարցում.Հզոր բանակ, ուժեղ տնտեսություն և դեմոկրատիա
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս ենք պատրաստ կորոնավիրուսին, եթե Երևանում և Գյումրիում բժշկական դիմակների դեֆիցիտ է

Երևանյան դեղատներում բժշկական դիմակների դեֆիցիտ է: Մաշտոցի պողոտայում տեղակայված դեղատներից ոչ մեկում, որտեղ հետաքրքրվեց VERELQ-ի լրագրողը, վաճառքում դիմակ կա: Ընդ որում, աշխատակիցները տեղյակ չեն, թե ե՞րբ կստանան:


Լրատվամիջոցները ևս ահազանգում են այն մասին, որ բժշկական դիմակներ չկան անգամ խոշոր դեղատների ցանցերում ու պահեստներում: Մասնավորապես, այս մասին «Հրապարակին» հայտնել էին «Գեդեոն Ռիխտեր»  և «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից:


Լրագրող Արմենուհի Վարդանյանը Գյումրիից տեղեկացնում է, որ նույն վիճակը նաև Հայաստանի երկրորդ քաղաքում է. «Գյումրիի դեղատներում չկա բժշկական դիմակ: Ասում են պահեստներում չունենք այլեւս, սպառվել է»,- գրել է նա Facebook-ի իր էջում ՝ հարցադրում ուղղելով իշխանություններին, թե արդյոք, երբ հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է, զինված ու վերազինված, տեղյա՞կ են, որ անգամ սովորական դիմակ գտնելն անհնարին է դարձել:


Ենթադրելի է, որ նույն պատկերը Հայաստանի այլ բնակավայրերում էլ է:


Մինչդեռ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս հայտնեց, որ չենք էլ ունենա. «Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- հավաստիացրեց վարչապետը:


Ուշագրավ է, որ նախօրեին երեկոյան էլ «Դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը Facebook-ի իր էջում դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին հորդորել էր արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասպան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:


«Անընդունելի եմ համարում դեղի և բուժպրագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:


Դեղի և բուժպրագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը տնտեսական հեղափոխության հետ որևէ աղերս չունի»,- գրել էր նա: Մինչդեռ դիմակի դեֆիցիտը դժվար թույլ տա տնտեսավարողներին գերշահույթ ապահովել:


Ի դեպ, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը ուշագրավ տեղեկություն է հայտնում այն մասին, որ Հայաստանից բոլոր դիմակները արտահանվել են Չինաստան.


«Հայաստանի դեղատներում բժշկական դիմակի լուրջ սղություն է, ու գիտե՞ք, թե ինչու չկա, որովհետև իմ գյուտարար ու սրամիտ ազգի «առնեմ-ծախողները» 30 դրամանոց դիմակի մեջ փայ են մտել ու ողջ քանակությունը ճամփել են Չինաստան: Ասում են՝ լավ փողեր են օդում բռնել, բայց ո՞ւմ հաշվին էլի:


Պետական անվտանգության խնդիր է սա, որից էլի գլուխ չհանեցինք... բա սենց բա՞ն են անում, գոնե չթողեիք, որ այդ ֆուրերով դիմակը երկրից դուրս գար: Հիմա նստել դիմակ ենք մուրում, դիմակ չկա ոչ մի տեղ, եթե լինի էլ՝ 200-300 դրամից պակաս չեն վաճառում»,- գրել է նա FB իր էջում:


VERELQ-ի հետ զրույցում նա միայն մեկ բան ավելացրեց. 


«Ինքներս մեզ հարց տանք՝ ո՞ւր են դիմակները, եթե Հայաստանում որևէ մեկը դիմակ չի կրել ու չի կրում նաև այսօր, գոնե մասայական նման երևույթ չենք հանդիպում: Այդ դեպքում ո՞ւր են դիմակները, ինչու են ի սպառ վերացել հանրապետության բոլոր դեղատներից»,- հավելեց նա:


Հայաստանը այսօրվանից երկու շաբաթով դադարեցրեց ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որտեղ արդեն իսկ հայտարարվեց կորոնավիրուսից 12-րդ մահվան դեպքի մասին: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում 47 վարակման դեպք է արձանագրվել փետրվարի 24-ի դրությամբ:


Լիա Խոջոյան