23.11.2024
ԱԺ-ն մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել գնաճի և դրա հետևանքների մեղմման վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:


Ընդգծելով, որ խորհրդակցությանը ներկա որոշ գերատեսչությունների ղեկավարներ նաև պատասխանատվություն են կրում տնտեսավարողների ազատ և արդար մրցակցության ապահովման համար` Հանրապետության նախագահը նշել է, թե պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով այդ մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման ամենախիստ մշտադիտարկում, որի համար պետությունն ունի անհրաժեշտ բոլոր գործիքները: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:


«Հուսով եմ, որ ամանորյա տոնակատարություններին զուգահեռ շարունակել եք կատարել ձեր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ շարունակել եք մշտադիտարկել սպառողական շուկան և այդ շուկայում տեղի ունեցող գործընթացները: Վերջին շաբաթների ընթացքում հանրային լայն քննարկումների և անհանգստությունների առարկա են դարձել սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների գնային տատանումները: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 12-ին իմ հարցազրույցում ես անդրադարձա այդ խնդրին, և ձեզնից ստացած արձագանքները խոսում էին այն մասին, որ այդ տատանումներն առաջին հերթին և հիմնականում պայմանավորված են միջազգային շուկաներում տվյալ ապրանքատեսակների գնային տատանումներով: Բայց դեկտեմբերի 12-ից մինչև այսօր գրեթե մեկ ամիս է անցել, և դուք հնարավորություն եք ունեցել մանրամասն ուսումնասիրելու այդ գործընթացը: Հիմա ես ուշադիր կլսեմ ձեզնից յուրաքանչյուրի վերլուծությունը: Պատճառները կճշտենք, բայց մինչ այդ ուզում եմ ուշադրություն հրավիրել երեք հանգամանքի վրա:


Առաջին հանգամանքը հետևյալն է. ակնհայտ է, որ Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ:


Հաջորդ հանգամանքը հետևյալն է, որ մենք պարտավոր ենք, ուղղակի պարտավոր ենք առանց հոգնելու, առանց հաշվի առնելու բազմաթիվ հանգամանքներ, մշտապես հանրությանը տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին` մշտապես: Եվ չբավարարվենք միայն նրանով, որ մի փոխնախարար մի օր ասել է, թե որն է այս կամ այն ապրանքի թանկացման պատճառը: Բոլորս՝ այստեղ նստած բոլորս, պարտավոր ենք մշտապես հանրությանը տեղեկացնել այդ պրոցեսների մասին: Վստահ եմ, որ մարդիկ կտեսնեն՝ մեր ասածները օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն: Ընդ որում՝ այս բացատրությունները ներկայացնելուն զուգահեռ մշտապես պետք է կանխատեսումներ անել, և մեզնից յուրաքանչյուրն իր կանխատեսումների համար էլ պատասխանատու է: Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու:


Հաջորդը՝ եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները: Ես հիմա չեմ ուզում դեղատոմս առաջարկել, բայց օրինակ եմ ուզում բերել. մենք տարիներ ի վեր սուբսիդավորել ենք դիզվառելիքի ձեռքբերման գները գյուղացիական տնտեսությունների կողմից: Խնդրեմ, սա կարծում եմ, շատ նորմալ գործիք է, և պետք է շարունակել օգտագործել, բայց սա պարտադրանք չէ: Այսինքն՝ ես սա ասում եմ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը մտածի, թե ինչպես ենք փորձելու մեղմել հետևանքները: Եվ մյուսը, որ այս կետի մեջ է մտնում՝ պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,- խորհրդակցության սկզբում ասել է Սերժ Սարգսյանը:


Քննարկման մասնակիցներին ԿԲ նախագահը տեղեկատվություն է ներկայացրել սպառողական ապրանքների շուկայում 2017 թվականի վերջին և 2018 թվականի առաջին տասնօրյակներում գրանցված գնաճի վերաբերյալ:


Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է սպառողական շուկաներում էական գնաճ ունեցող ապրանքների գնաճի պատճառների վերլուծությունը և դրա հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ առաջարկություններ:


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է հիմնական սպառողական կամ մեծ սոցիալական նշանակության ապրանքների գների մոնիտորինգի արդյունքները՝ հատկապես բարձր կենտրոնացվածություն և մեծ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում:


Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Մասնավորապես, կառավարությանը հանձնարարել է կազմել սոցիալապես կարևոր ապրանքների ցանկ: Շարունակաբար ուսումնասիրել այդ ապրանքների գների դինամիկան, ներկայացնել գնային փոփոխությունները պայմանավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, գնահատել դրանց թանկացման ռիսկերը և առաջարկել միջոցառումներ թանկացման ազդեցությունը մեղմելու նպատակով: Արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը:


Հանձնարարվել է նաև առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների արդյունքում թանկացել են: Առաջին հերթին սոցիալապես կարևոր գյուղատնտեսական ապրանքների համար կմշակվի և կներկայացվի տեղական արտադրության զարգացման և ներմուծվող ապրանքների փոխարինման համալիր միջոցառումների ծրագիր, ինչը հնարավորություն կտա ապահովել գների հնարավորինս մատչելի մակարդակ՝ միևնույն ժամանակ խրախուսելով տեղական արտադրությունը:


Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելիս, որոնց արդյունքում հնարավոր են սոցիալապես կարևոր ապրանքների գների էական փոփոխություններ, կառավարությունը պետք է զուգահեռ մշակի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ գնաճի հետևանքների մեղմմանը: Կառավարությանը հանձնարարվել է նաև մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով:


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել է՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացման դեպքերում ձեռնարկել կտրուկ միջոցներ, ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: