23.11.2024
Հայաստանը ներառվել է ամանորին ռուսաստանցիների ընտրած ուղղությունների եռյակում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մինչև մարտի վերջը կվավերացնի Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:


Տարեվերջի նիստում Կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին և առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, այն որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով՝ ըստ ամենայնի Արմեն Աշոտյանի գլխավորած արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:


«Արդեն սահմանված ընթացակարգով մենք վավերացման գործընթացը կշարունակենք: Կարծում եմ, որ մինչև մարտի վերջ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այս համաձայնագիրը: Համաձայնագիրը պարունակում է նաև անցումային դրույթներ, որոնք թույլ են տալիս համաձայնագրի մի շարք կարևոր կետեր, հատկապես Եվրամիության ֆինանսական աջակցությանը վերաբերող կետերը կյանքի կոչել մինչև համաձայնագրի վերջնական վավերացումը Եվրոպական խորհրդարանի կողմից: Բայց դրա համար պահանջվում է, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացնի: Կարծում եմ, այս ժամանակացույցը շատ իրատեսական է», - «Ազատությանն» ասել էր Աշոտյանը:


Ինչ վերաբերում է եվրոպական կողմին, ապա պաշտոնական Երևանն ակնկալում է, որ գոնե մինչև 2019 թվականի կեսը Բրյուսելը կազդարարի համաձայնագրի վերջնական վավերացումը․


«Հայաստանի խորհրդարանի բոլոր պատվիրակությունները, բարեկամական խմբերը, որոնք աշխատում -են կամ աշխատելու են ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների հետ, Հայաստան - ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացման հարցը պետք է դարձնեն առաջնահերթ իրենց օրակարգում: Ընթացակարգը բավականին բարդ է Եվրոպական միությունում: Որպեսզի համաձայնագիրը վավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից, այն պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում, որից հետո նոր պետք է գա Բրյուսել՝ վերջնական վավերացման Եվրոպական խորհրդարանի կողմից: Սա նշանակում է, որ ամենալավատեսական ժամկետը դա 20119 թվականի մինչև հունիսի 1-ն է»: