Նախօրեին Երևանում կայացել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը: Արդյունքում կողմերն ընդունեցին վեց փաստաթուղթ մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և թե՛ այլ ոլորտների մասին է: Այս ամենի արդյունքում Երևանում և Աստանայում ակնկալում են նաև առևտրաշրջանառության կտրուկ աճ:
Ուշագրավ է, որ մինչ ընթանում էր միջկառավարական հանձնաժողովի նիստը, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդդիմադիր «Ելք» դաշինքը ներկայացնում էր իր առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը, քանզի ըստ առաջարկի հեղինակների՝ Հայաստանը որևէ օգուտ այդ անդամակցությունից չի ստացել, դեռ մի բան էլ հակառակը:
Նախագիծը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հայտարարեց, որ Հայաստանը, ի թիվս այլ կորուստների, ընդգծված թշնամական միջավայրում է հայտնվել այդ անդամակցությունից հետո՝ մատնանշելով Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումը: Հաջորդ փաստարկը, թե ինչու մենք պետք է լքենք Եվրասիական տնտեսական միությունը, այն էր, որ Հայաստանը, անդամակցությանը համարժեք, առևտրա-տնտեսական հարաբերություններ իր գործընկերի հետ չունի, իսկ ահա Թուրքիան, որի հետ երկիրը, մեղմ ասած, որևէ հարաբերություն չունի, տարեց տարի ավելացնում է առևտրաշրջանառության ցուցանիշները: Փաշինյանը, մասնավորապես, հիշատակեց նույն Ղազախստանը՝ նշելով, որ ՀՀ-ն 2015 և 16թթ. 4 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն է ունեցել ԵԱՏՄ անդամ Ղազախստանի հետ, իսկ Բելառուսի հետ՝ 37 միլիոն դոլարի:
Այդ նիստին զուգահեռ ընթացող հայ-ղազախական միջկառավարական նիստում հնչեցվեց, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլն 544 հազար դոլար և որ այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի խոսքով՝ Հայաստանից Ղազախստան արտահանումը կազմել է 2 մլն դոլար, իսկ Ղազախստանից Հայաստան` ավելի քան 500 հազար դոլար:
Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովի խոսքով՝ 38 տոկոսի աճը լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, թե որքան հետաքրքրված են կողմերը տնտեսական և առևտրային հարաբերությունները խորացնելու առումով:
«Ղազախստանը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ»,- հավաստիացրեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին և հարցը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: