Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է «Ելք» դաշինքի՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին և այդ գործընթացը մեկնարկելու համար ԱԺ-ում հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
Ներկայացնելով դաշինքի հիմնավորումները, համանուն խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ելք դաշինքի ներկայացուցիչները շարունակում են կարծել և համոզված լինել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում անելիք չունի և որ այդ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են.
«Ըստ էության մենք գործ ունենք և կարող ենք արձանագրել, որ բոլոր առումներով ԵԱՏՄ անդամակցության մասով կանխատեսվող սպառնալիքները, մի կողմից, և անհանգստությունները մյուս կողմից արդարացվել են»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անգամ ՌԴ հետ, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, առևտրաշրջանառության ծավալների զգալի անկում է արձանագրվել և ակնհայտ է տնտեսական միության բացակայության հանգամանքը.
«Մենք սերտ հարաբերություններ չունենք ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ՝ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ էլ, առավել ևս, Ղրղզստանի հետ: Մինչդեռ Թուրքիայի պարագայում, որի հետ Հայաստանն ընդհանրապես որևէ հարաբերություն չունի, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 164 մլն դոլար կազմում: Այսինքն՝ Ղազախստանի ցուցանիշին Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը գերազանցում է անհաշվելի անգամ: Եվ ուրեմն հարց՝ այս ի՞նչ տնտեսական միություն է, որտեղ միայն անկումներ են արձանագրվում»,- հետաքրքրվեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ ևս, նրա խոսքով, միության անդամ պետությունները ոչ գործընկերային վերաբերմունք են դրսևորում. առկա է, նրա համոզմամբ, արհամարհանքի դրսևորումներ ՀՀ պետականության և ինքնիշխանության նկատմամբ, կամ ցինիկ փորձեր միջամտել ՀՀ ներքին գործերին: Սա «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին թույլ է տալիս պնդել, որ լրջագույն հանրապետության առջև ծառացած սպառնալիքները անցած 2,5 տարվա ընթացքում ավելի են թանձրացել.
«Երբ քննարկվում էր ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը, անընդհատ շոշափվում էր անվտանգության խնդիրը: Անդամակցելու շրջանում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը անգամ գիրք րէ գրել՝ «ԵԱՏՄ-ին անդամակցության այլընտարնքը պատերազմն է»: Բայց, փաստացի, անվտանգային կոնտեքստը, որը կարևոր է բոլորիս համար, այդ թվում և ՀՀԿ-ի, չի իրականացել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն Ղարաբաղում ունեցել է տարածքային և մարդկային կորուստներ, իսկ ԵԱՏՄ որոշ գործընկերներ Հայաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական վերաբերմունք են դրսևորել՝ Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ Ռուսաստանի մասով դեռ պետք է հասկանան՝ ո՞ւմ ռազմավարական գործընկերն է կամ ում ռազմավարական գործընկերը չէ նա»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա կոչ արեց ՀՀԿ իր գործընկերներին ստեղծել այդ հանձնաժողովը և հրավիրեց նրանց հիմնավորել, թե ինչու էր Հայաստանին օգուտ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Նաև հասկալան, թե ո՞րն է ռազմավարական հեռանկարը, ունի՞ ՀՀ-ն հեռանկար ԵԱՏՄ-ում և առհասարակ՝ ունի՞, արդյոք, հենց ԵԱՏՄ-ն հեռանկար, թե ոչ.
«Մեր ցանկությունն է, որ հանձնաժողովը ստեղծվի և այդ հարցերը քննարկվեն»,- շեշտեց նա:
Նիստին ներկա Արտաշես Գեղամյանն արձագանքեց՝ այո, 2013 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցելու միակ այլընտրանքը պատերազմն էր: Իսկ 2014-ին եղան Ուկրաինայի դեպքերը, այնուհետ Մոլդովայում, այնպես որ հարց է առաջ գալիս՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ այդ երկու երկրների տնտեսությունները խայտառակ վատ իրավիճակում են գտնվում.
«Այս ամենը վկայում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր, հակառակ պարագայում մենք կունենայինք նույն իրավիճակը նաև Հայաստանում»,- պնդեց Գեղամյանը:
Քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է, բայց չի բացառվում, որ նախագիծն անգամ ԱԺ քառօրյա նստի օրակարգ չընդգրկվի, քանի որ իշխանությունները՝ ի դեմս Հանրապետական կուսակցության և կոալիցիոն գործընկեր Դաշնակցության կուսակցության, դեմ են դրան: Ըստ իշխանության՝ Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց լինել չի կարող, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր ու բերում են վիճակագրություն, որն ապացուցում է դա: