Արցախի հանրապետության Ազգային Ժողովն այսօր հատուկ նիստ է հրավիրել, որի ընթացքում ընտրելու է հանրապետության նախագահ, ով կաշտոնավարի մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Անցումային շրջանում Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որի թեկնածությանը սատարում են խորհրդարանական խմբակցությունների մեծամասնությունը և ով այդ պաշտոնին է արդեն 10 տարի և «Շարժում – 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
Նախօրեին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել են մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Քննարկվել է հատուկ նիստի ընթացակարգը, Ղուլյանը մանրամասնել է դրա ընթացքին վերաբերող հարցերը:
Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․։ Մինչև 2020թ․, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, նախագահին կընտրի խորհրդարանը։ Անցումային շրջանը, համաձայն նոր Սահմանադրության, 2017-2020 թթ-ն է: Ընդդիմադիրների պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Բակո Սահակյանը տեսականորեն հնարավորություն ստացավ Արցախը ղեկավարելու մինչև 2030թ․՝ ընդհանուր առմամբ՝ 23 տարի։
Նոր Սահմանադրության համաձայն, Արցախում այլևս չի գործի վարչապետի ինստիտուտը՝ գործող վարչապետ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունները վայր կդնի երկու ամսից՝ սեպտեմբերին:
Վերլուծաբաններն ու քաղաքագետները որևէ կասկած չունեն, որ Բակո Սահակյանը կստանա Ազգային Ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությունը: Ըստ սոցիոլոգների՝ տասը տարվա նախագահության ընթացքում Սահակյանին հաջողվել է էական դրական տեղաշարժ ապահովել երկրի տարբեր ոլորտներում՝ սոցիալական և տնտեսական: Մասնավորապես, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, եթե նախորդ տարիներին Արցախի ազգաբնակչությունը կրճատվում էր, ապա Բակո Սահակյանի օրոք այն ավելացել է 11 հազարով ՝ միայն Ստեփանակերտի բնակչությունն ավելացել է 5 հազարով:
Սակայն Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ թե՛ սահմանադրական բարեփոխումների անցկացումը, թե՛ որպես դրա հետևանք նախագահի նոր ընտրությունը արհեստական օրակարգ է: Ըստ նրա, Արցախում բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում՝ մենաշնորհներ, միայն մեկ բջջային օպերատոր, Արցախում գործում է միայն մեկ հեռուստաընկերությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը և այլն, իսկ Սահմանադրությունը կամ կառավարման մոդելի փոփոխությունը այդ ամենի լուծման բանալի չեն հանդիսանում: