«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով», - կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ` նշելով, որ այս ամենի արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային:
Ըստ այդմ, նա մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտում իրավիճակը շտկալեու համար: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում բենզինի դիզելային վառելիքի և այլ վառելանյութեր վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
Հաջորդ հանձնարարականն էր՝ համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ և մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելման հստակ մեթոդաբանություն:
Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ ապրիլյան պատերազմի օրերին բանակում դիզվառելիքին կերոսին խառնելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ: Մամուլում բազմաթիվ էին հրապարակումներն առ այն, որ ապրիլյան պատերազմի օրերին ԼՂ ՊԲ զինտեխնիկան լիցքավորված է եղել անորակ վառելանյութով, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել ռազմական գործողություններում զրահամեքենաների արդյունավետության վրա: Հատկանշական է, որ Պաշտպանության նախարարությունից վերջերս դա պաշտոնապես հերքել էին, հայտարարելով, որ դիզվառելիքին կերոսին խառնված չէ, որ իրենք պետական գնումներով բարձրորակ վառելիք են ձեռք բերում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չթաքցրեր, որ վարչապետի հանձնարարականը հանդիսանում է նախկինում արված աղմկահարույց հայտարարության շարունակությունը: «Բնականաբար այս հանձնարարականը կապված է այդ հայտարարության հետ: Մեզ տրվել է հանձնարարական ուսումնասիրել շուկան եւ ներկայացնել առաջարկություններ, ինչը մենք սահմանված ժամկետում կիրականացնենք», - ասաց նախարարը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե Հայաստան ԵԱՏՄ-ից կամ երրորդ երկրներից նավթամթերքի ներմուծումների, այլ մանրածախ շուկայում մատակարարումների եւ վաճառքի մասին է: «Համաձայն չեմ այն պնդումների հետ, որ տարիներով Հայաստան է ներմուծվել վատորակ նավթամթերք: Եթե նավթամթերքը ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից ու կա որակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ապա մենք դա հիմք ենք ընդունում: Եթե այլ երկրներից է ներմուծվում, ապա մենք ենք դրա որակը վերահսկում», - ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ վարչապետի հանձնարարակի շարջանակներում ուսումնասիրվելու է միայն մանրածախ շուկան: