Քննարկվել են ՀՀ-ԵԱՏՄ որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման հարցեր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովին և տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանին:
Վերջիններս Հայաստանում էին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին մասնակցելու նպատակով:
Տարասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից այս բնագավառներում իրականացվող աշխատանքները և համագործակցությունը` ԵՄ երկրների, Իրանի հետ, անդրադարձել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում համագործակցության շարունակման գործընթացներին:
Քննարկվել են հարցեր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ին Հայաստանի կողմից ներկայացված առաջարկներին՝ տեղական արտադրանքի որակի չափանիշների մասին:
Կորեշկովը նշել է, որ հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են և հավանության արժանացել ու պատրաստակամություն հայտնել տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն տարբեր գործընթացների իրականացման ընթացքում առաջացող ամենատարբեր բնույթի հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են որակի ենթակառուցվածքի համակարգի, տեխնիկական կանոնակարգման, հավատարմագրման, չափագիտության և ստանդարտների բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, կարծիքներ փոխանակել արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ: Քննարկվել են հարցեր սերտիֆիկացման ռեեստրների ինտեգրման, կիբերանվտանգության նորմերի պահպանության, հավատարմագրման միջազգային նորմերի կիրառման և այլնի վերաբերյալ: