24.11.2024
Արցախում հակառակորդի արկակոծության արդյունքում զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը: Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել եւ մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, եւ ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Համենայն դեպս, երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը դեռ Սերժ Սարգսյանն է, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմություն է խաղում, իսկ գործող նախարարը` Վիգեն Սարգսյանը, անձնական PR-ով զբաղվում»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5.3 տոկոսով։ Սրան զուգահեռ Հայաստանում գնալով նվազում է ցեմենտի արտադրությունը, որ այս ընթացքում գրեթե կանգ է առել։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի ամիս է՝ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում։ «Երկրում շինարարություն չի կատարվում։ Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում։ Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը»,–գրում է թերթը։

Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունում ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բավական խիստ ելույթ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձավ հանդիպումից. նա հատկապես գործարար ՀՀԿ-ականներին կարգադրել է վերջ տալ աշխատակիցների գրանցման վայրը ժամանակավորապես փոխելու գործընթացին: Ս. Սարգսյանն ասել է, թե ամոթ է, երբ 5-6 հարյուր ձայնի համար նման կռիվ են անում՝ միաժամանակ ստվերելով ընտրությունների գործընթացը: «Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք: Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն իսկ ուժային կառույցներին հրահանգվել է՝ բացի հանձնաժողովի անդամներից ու վստահված անձանցից, որեւէ մեկի հասցեն չփոխել եւ հնարավորություն չտալ գրանցման հասցեից դուրս քվեարկության մասնակցել:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեւան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել: Նա տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար: Այդպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տան: Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց, որ փող է բաժանում: «Չկա ըտենց բան»,‐ ասաց նա: Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով: Նախկինում էլ նա Սեւանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով: 2014թ., երբ ՕԵԿ‐ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից: Հիշեցնենք, որ Բոթոյանը շինանյութերի ներկրման բիզնեսով զբաղվող «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութերի Սերգեյի փեսան է»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 14–ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Թովմասյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ բնակարան և երկու հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ փետրվարի 14–ի դրությամբ, Գալուստ Սահակյանի խորհրդականն ունեցել է 32 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ: Այս տարվա հունվարի 1–ից մինչև փետրվարի 14–ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մեկուկես ամսվա ընթացքում, Թովմասյանի եկամուտները կազմել են 387 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից: Իսկ նախկին աշխատավայրն էլ կրկին եղել է Ազգային Ժողովը: Արթուր Թովմասյանը մինչ ԱԺ նախագահի խորհրդական նշանակվելը մի քանի տարի եղել է վերջինիս օգնականը: Թովմասյանը ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում էր նշանակվել 2014 թ.:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։ Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։ «ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,-հայտնեց «Հրապարակ»-ի աղբյուրը։ Թերթը փորձել է կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում։ ՄԱՊ գործարանից ևս չպատասխանեցին։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտրությունների օրը ապրիլի 2‐ին նշանակելու՝ Սերժ Սարգսյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու փաստաթղթի տակ այդպես էլ բավարար ստորագրություններ չեն հավաքվել: ՀԱԿ‐ն այդ ստորագրահավաքը նախաձեռնել էր փետրվարի 6‐ին, բայց դիմումի տակ մինչեւ հիմա ստորագրել են ընդամենը 19 պատգամավոր, մինչդեռ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն: Ստորագրել էին ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները, «Ժառանգության» որոշ պատգամավորներ եւ մի քանիսն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: ՕԵԿ‐ն ընդհանրապես չի միացել ստորագրահավաքին, իսկ ՀՀԿ‐ն ու ՀՅԴ‐ն չէին էլ միանա: Հիշեցնենք, որ դեռեւս հունվարին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դեմ չէ, որ ընտրությունները մի քանի օրով հետաձգվեն: «Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»,‐ ասել էր նա:

Ընտրությունների բոլոր մասնակիցները հայտնի են, ԿԸՀ‐ում գրանցումն արդեն ավարտվել է, արդյո՞ք իշխանությունները մտադիր չեն անդրադառնալ այդ հարցին: «Ոչ, քանի որ մենք չունենք այն վիճակը, ինչի մասին խոսել է նախագահը՝ բոլոր ուժերը չեն եկել կոնսենսուսի, չեն հայտարարել, որ ապրիլի 2‐ը հետաձգեն»,‐ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսինքն նախ մյուս ուժե՞րը պետք է իրար հետ համաձայնեցնեն, հետո Սարգսյանը որոշի: «Եթե մյուս ուժերը գան համաձայնության, որ ապրիլի 2‐ը պետք է փոխվի, մենք պատրաստ ենք դա քննարկել»,‐ եզրափակեց Շարմազանովը: