23.11.2024
Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2022 թվականին ավելացել է 27,5 տոկոսով
prev Նախորդ նորություն

Ինչու է Սամվել Բաբայանը մեկնել Արցախ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։ Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում արցախյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Արցախում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։ Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում։


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահի եւ պետնախարարի մոսկովյան այցերից հետո գործընթացները հուշում են, որ ներքաղաքական-ներիշխանական հարթակում ստատուս-քվոն պահպանվելու է․ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։ Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։ Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։ Տեղեկություններ կային, որ փոշմանել է ու չի ուզում Սահմանադրությունը փոխել։ Երեկ փաթեթը հետողորմյա է արվել, որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների պարտադրանքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել։ Երեկ Արցախում անգամ ապագա նախագահացուի անուն էր պտտվում, ըստ այդ խոսակցությունների՝ Փաշինյանն ուզում է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նախագահ Հարությունյանն այս փոփոխությունների գլխին էլ քար գցի։


«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում շարունակում են լարված մնալ ներիշխանական հարաբերությունները, ավելին՝ վերջին օրերին հակասությունները էլ ավելի են սրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև: Մեր տեղեկություններով, հիմնական տարակարծությունները վերաբերում են Արցախի կարգավիճակի և ապագայի հետ կապված տեսլականներին. եթե ՀՀ իշխանությունները և ԱՀ նախագահը ավելի հակված են Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված դիսկուրսին, ապա Վարդանյանը կարծում է, որ դա աստիճանաբար կբերի խնդրի «թաղման», Արցախի սուբյեկտայնության բացարձակ վերացման ու հայաթափման: Ըստ այդմ, փաստացի, Արցախում ներկայում երկբևեռ իշխանություն է, որի մի կողմում Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի «ինտեգրացիոն» սկզբունքների հետ համակարծիք պաշտոնյաներ են, մյուս կողմում՝ Ռուբեն Վարդանյանի «սուբյեկտայնական» սկզբունքների կողմնակիցները: Սակայն, հաշվի առնելով այս պահին ստեղծված վիճակը, Արցախի շրջափակված լինելը, «կողմերը» զերծ են մնում մթնոլորտն էլ ավելի շիկացնելուց: Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 90 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում: Հիշեցնենք, որ վերջերս էլ «Գելլափն» էր հարցում անցկացրել հայաստանցիների շրջանում, և մասնավորաբար «Ձեզ համար ընդունելի՞ է արդյոք Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 95 տոկոսը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Խովաևը Հայաստանի իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»: Սա Ռուսաստանում գնահատվել է որպես Փաշինյանի կողմից «բոլոր կարմիր գծերի հատում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին անհանգստացրել է Հայաստանի գործող իշխանություններին, և այդ հանդիպումից հետո մասնավորաբար ՀՀ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը «արագի մեջ» զանգահարել են իրենց ռուսաստանցի գործընկերներին: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում զայրացած են նաև Փաշինյանի այն հայտարարությունից, թե ԵՄ դիտորդները Հայաստան են գալիս՝ վստահ լինելու՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում «համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ»: Սա Ռուսաստանում ընկալվում է որպես Հայաստանում իրենց ներկայության վրա արևմտյան «կոնտրոլ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին 2023 թվականի տարեսկզբին երկու անգամ հրավիրել է նախաքննական մարմին, որտեղ էլ եղել են Զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ առերեսումներ: Ասել է թե՝ քրեական գործով նախաքննությունն առերեսման փուլում է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել: Նկատենք, որ այսքանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ վաղեմության ժամկետով կարճման ենթարկված գործերով պետությունը ռեսուրսներ է ծախսում (քննություն է անում), որի մասին խոսեց նաեւ դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։


«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես մի օդիոզ անձնավորություն կասեր՝ մի «Համմեր» իր կարգազանց վարորդով մի ամբողջ շաբաթ-կիրակի «խաթարեց լրահոսի անդունդը», դարձավ սոցցանցային հանրույթի պատի ծամոնը: Այդ բուռն արձագանքների ծովում շատերի ուշադրությանն արժանացավ առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանի գրառումը, թե ոստիկանական պարեկները «պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»: Արձագանքողների մեծ մասը զարմանք, մնացյալն էլ՝ վրդովմունք էին արտահայտում քպականի նման գրառման կապակցությամբ: Բայց մի՞թե այդքան զարմանալի է, որ քպականը հենց նմա՛ն՝ ուրիշի կյանքի վրա թքածունեցողակա՛ն վերաբերմունք ունի: Հասկանում ենք՝ երևի ներթիմային «խորքային պատճառ» ունի՝ առիթն օգտագործելով պարեկ-ոստիկաններին «կպնելու» համար: Հասկանում ենք՝ որոշակի հետաքրքրությունների շրջանակներում վերջին օրերի ակտիվացման ծիրում է: Բայց դա թողնենք իրենց ներքպական վայրիվերումների շրջածիրում: Փաստը մնում է փաստ, որ սույն քպականը ռեկորդակիր նախարար է եղել մահերի քանակով: Ու ընդհանրապես, ինչ 2018-ից այս «թիմը» վերցրել է իշխանությունը, մահը առօրեական մի բան է դարձել, մարդը, մարդու կյանքը նրանց համար ամենևին արժեք չէ: Համավարակի, պատերազմի արդյունքում, հետպատերազմական շրջանում հազարավոր զոհեր տվածների, զոհերը «պլ յուս-մինուս 50»-ով հաշվողների համար մի մահն ի՞նչ է: Այնպես որ, իզուր էլ զարմանում եք, որ մի քպական էլ հորդորում է, որ պարեկներն աջուձախ կրակեն ավտոխուլիգանություն անողների վրա, հիմա՝ կսպանեն, թե հաշմանդամ կսարքեն, ի՜նչ կարևոր է... իրենց համար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանի վերածված տներից մեկում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն, ինչ հրապարակային հայտարարել են ծնողները, նույնը պնդել են նախաքննական մարմնում: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 15 զինծառայողների մահվան գործով նշանակել է թմրաբանական փորձաքննություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին. «Այո՛, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե ինչու մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները դուրս չեն եկել այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562: Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան: Ավելին՝ ավելացել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ եւ Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է նաեւ Ուկրաինայի 385 քաղաքացի։ Այս թիվը եւս, 2021 թվականի հետ համեմատ, ավելացել է: Տեղեկացնենք, որ երբ մարդը տեւական ժամանակ բնակվում է Հայաստանում եւ ցանկանում է բիզնես գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ: Բացի այդ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց կացության կարգավիճակի, որի համար պետք է ունենալ Հայաստանում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր, որով ՌԴ քաղաքացին կարող է հաշվառվել ժամանակավոր բնակության հասցեով ու ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` հարկային պարտավորությունները կատարելու ու աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։ «ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում հաշվառվել է Ռուսաստանի 3326, Ուկրաինայի՝ 146 քաղաքացի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա Երեւանի քաղաքապետարանին: Պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը չունի աշխատակազմի քարտուղար. Սեյրան Արզումանյանը Ժ/Պ է: Քաղաքապետարանում յուրաքանչյուր պաշտոնյայի անուն-ազգանվան վրա սեղմելիս կարող եք նաեւ տեղեկանալ նրա կենսագրական տվյալների մասին. քաղաքապետի խորհրդականների թվում նշված է Կորյուն Մկրտչյան անուն-ազգանունը, սակայն կենսագրական բոլոր տվյալները բացակայում են: Առողջապահության վարչությունը եւս ժամանակավոր պաշտոնակատար ունի՝ Յակով Ասատրյան. նրա կենսագրական տվյալները եւս բացակայում են: Ժամանակավոր պաշտոնակատարներ ունեն նաեւ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, Բնապահպանության վարչությունը, Գնումների վարչությունը, Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունը, Շինարարության եւ բարեկարգման վարչությունը, Վերահսկողության վարչությունը, Լրատվության վարչությունը, Տրանսպորտի վարչությունը, Քարտուղարությունը, Քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչությունը: Այսինքն 26 վարչություններից12-ը ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ: Բաժիններից ժամանակավոր պաշտոնակատար ունի Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժինը:


«Հրապարակ» թերթը գրում է. Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։ Խոսքը 25-ամյա երիտասարդի՝ «Համեր» մակնիշի ամենագնացով հրապարակում ասպատակության մասին է, որի վնասազերծումը պարեկների համար ավելի քան երեսուն րոպե պահանջեց։  Բնականաբար, բուռն քննադատություն հնչեց ոստիկանության «բարեփոխումների», հատկապես՝ պարեկների ոչ պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ծառայողական քննություն է սկսվել, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ եղե՞լ են թերացումներ, թե՞ ոչ, ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ հնարավոր չեղավ ավելի սեղմ ժամկետներում վնասազերծել «Շումախերին»։


«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանությունն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է «ջրային պարեկների» ընդունելության կարգին, այսինքն՝ ստորաբաժանումը կստեղծվի շուտով։ «Ջրային պարեկները» գործելու են Սեւանա լճում։ Ոստիկանությունը շուտով նաեւ ջրային փոխադրամիջոցներ ձեռք կբերի նորաստեղծ ստորաբաժանման համար։