Նման բարդ ժամանակներում ներքաղաքական խառնաշփոթը վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա
Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
"Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն է թելադրում:
Այս թեման վերջին ժամանակներս պարբերաբար քննարկումների առիթ էր դառնում, ապա սառեցվում:
Իրավիճակի խնդրահարույց հանգամանքն այն է, որ պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների և փոխվստահության բացակայության պայմաններում:
Նման նախաձեռնությունները պետք է ունենան քաղաքական ամուր կոնսեսուս և ամբողջապես ընկալելի լինեն հասարակության համար:
Վերոնշյալ գործոնների բացակայության պայմաններում գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու և անկանխատեսելի իրավիճակների համատեքստում:
Այսպիսի բարդ ժամանակներում հասարակությանը ներքաղաքական խառնաշփոթով հրամցնելն ավելի վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա, քան բուն շրջափակումն իր բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքներով",- գրել է պատգամավորը: