Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2022 թվականին ավելացել է 27,5 տոկոսով
Իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնվում էր Թեհրանում։ Այցի մասին վերջինս գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.
"Սա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր Մերձավոր Արևելքի ամենախոշոր երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն և ցամաքային կապ։ Թեհրանում հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին, տուրիզմին և տնտեսության այլ ճյուղերին։ Այցի ընթացքում պատիվ ունեցա մասնակցելու փետրվարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին», որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներն առանձին-առանձին ներկայացնում էին իրենց տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունները, ժամանցի օբյեկտները, մշակութային ժառանգությունը, սովորույթները, հուշանվերները և այլն։
Հատկանշական է, որ Թավրիզը ներկայացնող իրանական որոշ ընկերությունների ցուցանակներում և բուկլետներում առկա էին նաև հայերեն տեղեկություններ՝ հստակ մատնանշելով և կարևորելով այդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունն ու սփյուռքը։ Հարկ է նշել, որ Իրանում հայ մշակութային ժառանգությունը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, ինչն էլ ավելի մեծացնում և հետաքրքիր է դարձնում Իրանի տուրիստական ներուժը։
Այն կարող է դառնալ աշխարհի լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես է հնարավոր կողք կողքի ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։ Իրանական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններ են հանդիսանում Շիրազը, Քազվինը, Թավրիզը, Քերմանը, Սպահանը, Ղոմը, Սանանդաջը, Խորասանը և այլն։
«Տուրիզմի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդես»-ը կազմակերպվում է պարբերաբար. այն արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման և ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պետք է հրավիրվեն (ակտիվ մասնակցեն) նաև հայկական տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տուրիզմի նախարար Էզաթուլլահ Զարղամը հանդիպեց ԻԻՀ մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռագործ աշխատանքի նախարարության և «Իրան-հայկական բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ի հրավերով Հայաստանից ժամանած փորձագետների հետ։
Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116430 զբոսաշրջիկներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Թեև 2022 թվականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,6 անգամ, սակայն դեպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին սակավ և երբեմն ոչ ճիշտ տեղեկատվությամբ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների համար նոր և ակտիվ զբոսաշրջային ուղղություն է դարձել Քիշը (Հորմոզգանի նահանգում), որը Պարսից ծոցում գտնվող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր և հայտնի լողափային հանգստավայրերից մեկը։ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակության ապրանքներ։ Դեպի Իրան զբոսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան ավիատոմսերը։ Նշեմ, որ հայկական և իրանական ավիաընկերությունները շաբաթը մի քանի կանոնավոր թռիչքներ ունեն։
ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել և ընդլայնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր ուղղություններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանն և Իրանը չունեն զարգացման այլընտրանք։ Հարկ է ընդգծել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականություն, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից"։