25.11.2024
Իշխանությունը «խմբագրում» է վարչապետի՝ տնտեսության «ծանր վիճակի» մասին հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ. Բաքվի ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ հանգեցրեց տեղահանության հերթական ալիքի

Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջև ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում: Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և տեղահանության հերթական ալիքի: Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, այդ համատեքսում կարևոր է ընդգծել հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծումներ գտնելու կարևորությունը: Բացի այդ՝ հավասար, արագ և անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարևորությունը փախստականներին և տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից:

«Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությունում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատևման պայքար են մղում՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար: Բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այսպիսով, Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ տեղահանվածներին»,- ասել է նախարարը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Սիրիայից փախստականների ընդունումը, կեցության ապահովումը և ինտեգրումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, որը փախստականների ընդունման տարաբնույթ հնարավորություններ է ապահովում՝ տրամադրելով ապաստանի հայցման, կեցության թույլտվության և քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգեր: Պետությունը նաև աջակցում է նրանց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցում, դյուրացնում է նրանց կեցության հարցերը, տրամադրում է անվճար բժշկական օգնություն և կրթաթոշակներ:

«Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնուամենայնիվ, որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար: Այս առումով, ողջունում ենք Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահ ենք, որ մեր հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար»,- հավելել է Նալբանդյանը: