Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանցի զինծառայողի սպանության տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Մասնավորապես, ադրբեջանական Kanal24.az կայքը գրել է, թե հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից սպանվել է» Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել իր զինծառայողի կորստի մասին: VERELQ-ի հետ զրույցում Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքեց այդ լուրը.«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարգում են հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց նա: Ըստ razm.info կայքի, 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 35 մահացած զինծառայողի անուն։