Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով համապատասխան նախագիծը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախագծի նպատակն է կազմակերպել Սիրիայում տուժած բնակչությանը Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը: Ըստ նախագծի՝ Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, փետրվարին Հայաստանը շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր ուղարկեց Սիրիա ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: