26.11.2024
Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Կիեւում ընդունվեց հակահայկական բանաձեւը. ո՞վ է մեղավորը եւ ի՞նչ անել. փորձագետ

Կիեւում անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովն (ՍԾՏՀ ԽՎ) ընդունել է առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակած եւ հայկական կողմից շահերից չբխող բանաձեւը, որում տարածաշրջանայի հակամարտությունների կարգավորման գործում հղում է կատարվում միայն տարածքային ամբողջականության սկզբունքին:


Թեպետ ՀՀ-ում կարծում են, որ բանաձեւը չունի իրավական ուժ եւ այն չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա, սակայն միեւնույն ժամանակ նշում են, որ տեղի ունեցածը հայկական պատվիրակության թերացման հետեւանքն է: Ասել է թե խոհրդարանական դիվանագիտության հարթակները ոչ արդյունավետ են օգտագործում:


Նոյեմբերի 29-ին, Հայաստանի ազգային ժողովի պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ անդամ պետությունների մասնակցությամբ քննարկվել է մի հարց, իսկ հայկական կողմը քննարկման հրավեր չի ստացել: Ավելի ուշ պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում ամփոփիչ հռչակագրի մեջ տարածաշրջաններում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, նշելով, որ ՍԾՏՀ ԽՎ-ի 12 երկրից 9-ը «թքած ունեն Հայաստանի դիրքորոշման վրա», հարց է բարձրացնում՝ «Ով է մեղավո՞ր»: «Այդ երկրնե՞րը, թե Հայաստանը, որ չի աշխատում նրանց հետ...», - հարցադրում է կատարում նա ու հիշում 2007 թ-ը, երբ ինը «Ժառանգությունից», իսկ Արա Նռանյանը ՀՅԴ-ից պատգամավոր էին: «Նույն վիճակին ես ու ՀՅԴ-ից Արա Նռանյանը 2007-ին բախվեցինք, երբ դարձանք ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ: Մեր երկիրը չկար... ով ինչպես ուզում վարվում էր», - նշում է Սաֆրայանը իր Facebook-ի էջում:


Նրա խոսքով, ակտիվ աշխատանքի շնորհիվ 6 ամիս անց այնպիսի «վիճակ ստեղծեցինք», որ արդեն «մեր աչք-ունքին էին նայում ու տարբեր հարցերով»: «Ես արևմտյան/անգլիախոս բլոկից, ինքը (Արա Նռանյանը) ռուսախոս բլոկից միասին վերցրած 8-9 երկրի աջակցություն էինք ունենում: Անգամ Թուրքիան էր սաստում Ադրբեջանի հիստերիաներն ու որևէ խնդրահարույց ձևակերպում համաձայնեցնում մեզ հետ... Ու սա խորհրդարանի կարողությունների հայելին է», - ընդգծում է նա:


Նրա խոսքով, այդ տարիներին ոչ մի հակահայկական, հակաարցախյան ձևակերպում չեղավ որևէ զեկույցում կամ բանաձևում, որովհետև «պարտադրել էինք հարգել մեր երկրի շահերը»: «Իսկ այժմ կարծես թե բան է փոխվել, շատ լուրջ բան: Բացումն արդեն արված է», - ընդգծում է նա՝ հավելելով, որ Ուկրաինա-Հայաստան, Ուկրաինա-Վրաստան, Ուկրաինա-Մոլդովա ու այլ խորհրդարանական բարեկամական խմբեր անգործության են մատնված: Նրա համար անպատկերացնելի է այն, որ հույները, ռումինները, ալբանացիները, բուլղարները կարող էին «ավելի շատ Ադրբեջանի հետ լինել, քան մեզ հետ»: «Նախկինում դա չլինող բան էր թե անձնական համակարանքի, թե նաև քաղաքական ճիշտ աշխատանքի արդյունքում», - ընգծում է նա: