15.05.2026
Համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից
20.06.2017
Համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածությունից: Այդ մասին նշված է տարածաշրջանային այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում: Հայտարարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի տարածաշրջան այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումը և, ընդհանուր առմամբ, հակամարտության գոտում իրավիճակը քննարկելն էր: «Բաքվում ունեցած բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից: Նույն ուղերձն ենք հղում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Համանախագահները խրախուսել են կողմերին միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կոչ են արել կողմերին բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններին: Ընդգծում են, որ սա միակ ճանապարհն է, որով կարելի է տևական խաղաղություն բերել տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք ակնկալում են և որոնք արժանի են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի: Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարությունում: Բացի այս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին տեղեկություններ փոխանցելու համար: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: