Մինչև 2019թ. Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ
Մինչև 2018 թվականի ավարտը Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ:
Սա է բխում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունից, որը շուրջ մեկ ամիս առաջ ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերված համաձայնության արդյունք է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մի շարք սպառողների, համայնքների համար տրվել էր դիֆերենցված մոտեցում: Նա նշեց, որ 2018 թվականին ինչ-որ քայլեր պետք է արվեն, որպեսզի նույնը մնա:
Ըստ այդմ, վարչապետը ներկայացրեց նաև արտոնություններից օգտվողների ենթակա խմբերը` վերամշակող ձեռնարկություններ, որոնց թվում են ջերմոցները, սոցիալապես անապահովներ, սահմանամերձ համայնքներ: