25.11.2024
Ժողովրդավարությունը կարծիքների փոխանակում է, նաև բախում. Պնախարարը՝ դասադուլի մասին
prev Նախորդ նորություն

Նախագահի ելույթների հետքերով. ինչպես կլինենք 4 մլն, այնպես էլ այլևս վարկ չենք վերցնի

Կառավարության այսօրվա նիստում հերթական վարկը վերցնելու նախագիծ է ներկայացված: Խոսքը Վերականգնման վարկերի բանկից (KfW) 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի մասին է, որով 80 մլն եվրո վարկը Հայաստանին կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ:

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության համագումարում հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է տնտեսական առաջանցիկ աճը՝ ապավինելով իր ուժերին: Ելույթի կարևոր շեշտադրումն էր՝ «դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունն այլևս անցյալում է»: Բայց անցած մեկ տարին ցույց տվեց, որ Հայաստանը ինչպես վերցնում էր վարկ, այնպես էլ շարունակում է վերցնել՝ ավելացնելով պետական և արտաքին պարտքերը: Ասել է թե՝ ինչպես 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 4 միլիոն, այնպես էլ Հայաստանը կհրաժարվի վարկ վերցնելու քաղաքականությունից: 

Հիշենք վերջինները. հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից հերթական վարկն է վերցնում: Համաձայն համաձայնագրի՝ ռուսական կողմը Հայաստանին տրամադրում է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ` ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Իսկ արդեն հոկտեմբերի 25-ին տեղեկացանք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ հարկաբյուջետային, ինչպես նաև ֆինանսական շուկաների բարեփոխումների համար։ Եվ այսպես շարունակ:

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ մինչեւ 2017 թվականի վերջ ՀՀ պետական պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի, որն այս պահի դրությամբ կազմում է 6,3 մլրդ դոլար: Իսկ դեռ մարտ ամսին այն կազմում էր 5,9 մլրդ դոլար...


Ի դեպ, վերադառնալով անիրական 4 միլիոնանոց Հայաստան ունենալու նպատակին. նույն ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2040 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն պետք է հասնի 60 միլիարդ դոլարի: Այսօր այդ ցուցանիշը կազմում է 10.5 միլիարդ դոլար: Այս հայտարարությունը ևս հանգիստ կարելի է դասել «4 միլիոնանոց, առանց վարկ ապրող Հայաստան» օպերային: