Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հաջողություն մաղթելով նորանշանակ մարզպետին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մարզպետների ինստիտուտից ակնկալում է համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի, հաշվետվությունների ոճի մեջ և այլն: «Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ մարզպետների համար` արդյունավետ կառավարման վերաբերյալ: Մարզպետներն ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն»,- ասել է վարչապետը: Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անցավ խորհրդարանական գործունեության: