Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որևէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը և համահունչ լինել դրա հետ: Այս մասին Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն միջազգային հանրության դիրքորոշման հետ»,- ասել է նա:
Լրագրողի հարցին՝ միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ այդ տարածքները ադրբեջանակա՞ն են, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Նրա խոսքով, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, և այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար.
«Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, և մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, Նալբանդյանն ասել է, որ դա նաև երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն նաև միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Մինչդեռ, ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը, Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը և նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը:
«Սա է տարբերությունը մեր և Ադրբեջանի դիրքորոշումների միջև: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանզիմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը: Իհարկե, եռանախագահ երկրնեը միջնորդներ են և միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց և հրապարակային ձևով։ Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխագելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որո՞նք են սպասելիքները Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանումների առումով, Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է, որ սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի, որը կարող է հանգեցնել որոշ բացասական հետևանքների:
«Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում կարևորն այն է, որ մենք որևէ հարց քննարկելու համար արգելք չունենք, նույնիսկ զգայուն հարցերը մենք անկաշկանդ քննարկում ենք և փորձում լուծումներ գտնել: Մենք բաց և շատ դրական քննարկումներ ենք անցկացնում»,- հավելել է նա: