Ներքին գործերի նախարարը հոլովակով ներկայացնում է մեկ տարվա գործունեության արդյունքը: Բնականաբար, ներկայացվում է այն գեղեցիկ փաթեթը, որի տարբեր դրվագներ իբրեւ ոստիկանության ռեֆորմ ներկայացրել են տարվա ընթացքում:
Գործնականում սակայն, Հայաստանում քրեածին իրավիճակը հուշում է այն մասին, որ ոստիկանության ռեֆորմը իրականում ոստիկանության համակարգի դեֆորմ է, դեֆորմացիա:
Ոստիկանության համակարգը, որպես այդպիսին, չի գործում եւ չի իրականացնում իր առանցքային ֆունկցիաներից մեկը՝ կանխարգելիչ ֆունկցիան: Երբ խոսվում է կանխարգելիչ ֆունկցիայի մասին, շատերը արձագանքում են, թե ոստիկանությունը չի կարող պահակ նշանակել հնարավոր ցանկացած միջադեպի վայրում եւ հսկել, որ տեղի չունենա հանցագործություն:
Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը այն աստիճանի փոքր չէ, որ դրվի հանցավորությունը իսպառ բացառելու խնդիր, բայց այն, ինչ առկա է երկրում ներկայումս, ակնհատորեն վկայում է ոստիկանության համակարգի, ընդհանրապես ներքին գործերի համակարգի կանխարգելիչ ֆունկցիայի անաշխատունակության մասին: Վերջին հաշվով, Հայաստանում տարատեսակ ռազբորկաները՝ զենքի կամ սառը զենքի գործադրմամբ, դարձել են արդեն գրեթե սովորական երեւույթ: Ավելորդ է խոսել մեծ քանակի ապօրինի զենքի առկայության մասին: Քրեական ենթամշակույթը «ազատորեն ծաղկում» է նույնիսկ կրթական հաստատությունների մերձակայքում:
Այդ ամենը հետեւանք է այն հանրային «զգացողության», որ չկա աներեր իրավակարգ, եւ ամեն ինչ դառնում է թույլատրելի: Հանրությունը՝ իհարկե հասկանալի է, որ այս դեպքում խոսքը հանրության քրեական տարրի մասին է, ըստ էության կորցրել է «զգոնությունն» ու «զգաստությունը» եւ կարծես ինքն իրեն պահում է ինչպես «ազատ» հրամանի ստացած լինելու պարագայում:
Դրան զուգահեռ, աշխատանքային արդյունավետությունը որեւէ կերպ էական փոփոխության չեն ենթարկել այն «ռեբրենդինգները», որ արել են ռեֆորմի անվան տակ՝ պարեկային ծառայություն կամ ոստիկանության գրավդիա: Վերջինս իհարկե նոր է, բայց չկա կասկած, որ պարեկային ծառայության «ռեֆորմի» պատասխանատուները չեն կարող էապես տարբեր արդյունքի հասնել մեկ այլ «ապրանքանիշի» ներքո:
Ցավոք, այո, այս ժամանակահատվածում ռեֆորմ հնչեղ ձեւակերպման ներքո տեղի է ունենում ընդամենը ապրանքանիշային փոփոխություններ:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան