Այս իշխանությունն ամբողջ օրը հայտարարում է, թե ճանապարհներ են սարքել, դպրոցներ: Ութը տարում նրանք կառուցել են 59 դպրոց, որից 26-ը կառուցած է եղել: Սա ասում եմ հիմնավորած: Իսկ բացի այդ, այս տարի 230 դպրոց փակվելու է իրենց սխալ քաղաքականության պատճառով: Այս մասին 168-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նույն կոնտեքստում նա հիշատակեց նաև գյուղատնտեսության նախարարության փակվելը, թեև, մատնանշեց, 450 000 ավելի հեկտար հող ունենք, որ պետք է մշակվի, գյուղացին պետք է մշակի հողն ու աօրի.
"Ինչի՞ համար, որ ադրբեջանցին գա ապրի: Հիմա Վարդենիսում, բոլոր բարձունքներում մեր հողերի մեջ ադրբեջանցիները բետոնապատել են ու նստած են: Ես արդեն հայտարարել եմ. եթե վարչապետը ցույց կտա փաստաթուղթը, որում խաղաղության բարեկամության հիմքն է ամրագրված՝ ես ներողություն կխնդրեմ: Բայց ոչ մի թուղթ խաղաղության մասին չկա, հակառակը՝ կան պահանջներ զիջումների, անկլավների ու մնացածի մասով",- ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքով, այս իշխանությունը խաղաղություն-խաղաղություն այնքան ասաց, որ մեր ժողովրդի գլխին բերեց տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ, իսկ դրա հետևանքը լինելու է սննկացում, աղքատություն, քանի որ եթե մարդը չի կարող վաճառել իր արտադրանքը, ապա այլ հետևանք լինել չի կարող.
"Տարեկան 3 մլրդ դոլար գումար է գալիս ՌԴ-ից այդ ապրանքի դիմաց, իսկ այսօր դա չկա ու մարդիկ չգիտեն՝ ինչպե՞ս են աշխատավարձ տալու, վարկ փակելու: Սննկանալու է, ամեն ինչ ձեռքից վերցնելու են":
Տնտեսությունը, ըստ ԲՀԿ առաջնորդի, մեկ օրում չեն կարող կայացնել, ոտքի հանել, այս ամենը քսան և ավելի տարվա պատմություն ունի, հետևապես ՔՊ-ականների հայտարարություններո, թե այլընտրանք կգտնեն, մարդիկ չանհանգստանան ուղղակի մերկապարանոց խոսքեր են.
"Տասը տարի այլընտրանք չեն կարող ստեղծել, բացառված է: Կարող է մի ավտո տանեն, բայց ամբողջ ապրանքը, ամբողջ ծավալը, որին ռուսական շուկան սովոր էր, չեն կարող: Ու իր նման պահվածքից հետո մեր երկրում ոչ մեկը մի կոպեկ էլ չի ներդնելու... այս ութը տարվա մեջ էլ ոչ մի խոշոր ներդրում չի արվել Հայաստանում",- շեշտեց նա:
Այն, որ այս իշխանությունը ութ տարվա ընթացքում որևէ հարցում չհաջողեց, ըստ Ծառուկյանի, այն պատճառով է, որ կարևոր պաշտոններին նշանակվել են ոչ թե մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ, կյանքի հարուստ փորձ ունեցող մարդկանց, այլ իրենց հետ քայլածներին:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից իր հասցեին հնչեցվող մեղադրանքին, թե լրտես է, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա միայն ասելով չի, պետք է ապացուցեն, փաստեր բերեն: Նա օրինակ բերեց նաև Անդրանիկ Թևանյանին՝ նշելով, որ մինչ օրս, թեև նա կալանավորված է, որևէ փաստացի մեղադրական հիմք չկա: