21.11.2025
Բաքուն բացահայտում է Հայաստանի դեմ իր իրական նպատակները
prev Նախորդ նորություն

Տեխնիկական խնդի՞ր, թե՞ հաշվեհարդար. ի՞նչ է կանգնած ՀԷՑ-ի շուրջ գործընթացի հետևում

Լուսանկարը` 168.am
Լուսանկարը` 168.am

Հայաստանում ավարտվում է խոշոր բիզնեսի և իշխանության միջև ամենաաղմկահարույց դիմակայության հերթական դրվագը։ Այն բանից հետո, երբ հայաստանյան իշխանությունները գործարար Սամվել Կարապետյանի և իշխանության միջև սրված քաղաքական տարաձայնությունների ֆոնին սկսեցին խոսել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հնարավոր ազգայնացման մասին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դիմեց վճռական քայլերի։ Եռօրյա նիստի արդյունքներով որոշում կայացվեց նախ ընկերությունը փոխանցել պետական կառավարման ներքո, իսկ այնուհետև՝ ընդհանրապես կասեցնել ՀԷՑ-ի լիցենզիայի գործողությունը։


Դրանից մի քանի ամիս առաջ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ հրապարակայնորեն աջակցել էր եկեղեցուն՝ վերջինիս և իշխանության հարաբերությունների ճգնաժամի ընթացքում։ Այժմ ընդդիմությունը և կալանավորված գործարարի պաշտպանական կողմը կատարվածը որակում են որպես քաղաքականապես մոտիվացված «ռեյդերային զավթում», մինչդեռ իշխանություններն իրենց գործողությունները պայմանավորում են բացառապես տեխնիկական պատճառներով՝ երկրի էներգամատակարարման խափանումներով, նոր բաժանորդների միացման զանգվածային ուշացումներով և այլն։ Հատկանշական է, որ նախկինում կարգավորող մարմինը, որը կոչված է լինել անկախ, Կարապետյանի ընկերությանը որևէ լուրջ պահանջ չէր ներկայացնում, ավելին՝ հաստատում էր նրանց տարեկան հաշվետվությունները։


Այն մասին, թե ինչ է նշանակում ազգաբնակչության և բուն Հայաստանի համար «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիայից զրկումը, և արդյոք սա մասշտաբի առումով աննախադեպ դեպք է, VERELQ-ը զրուցել է հայ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։


VERELQ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելն ի՞նչ հետևանքներով է հղի Հայաստանի և ընդհանուր առմամբ ազգաբնակչության համար։ Ինչպե՞ս դա կանդրադառնա էներգամատակարարման կայունության և սակագների վրա։


Հրանտ Միքայելյան. Կարծում եմ՝ անմիջականորեն ազգաբնակչության համար սա սկզբունքային նշանակություն չունի։ Բանն այն է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը Սամվել Կարապետյանի կառավարմանն են անցել մոտ տասը տարի առաջ, երբ ստեղծվել էր բավականին ճգնաժամային իրավիճակ՝ պայմանավորված ենթակառուցվածքների մաշվածությամբ։ Սամվել Կարապետյանը վերցրեց այդ ընկերությունը և, ըստ ընկերության հայտարարության, կատարեց բավականին զգալի ներդրումներ։ Նշվում են մինչև 600 միլիոն դոլարի կամ դրան մոտ գումարներ։


Հետևաբար, այժմ ենթակառուցվածքներն ընդհանուր առմամբ ավելի թարմ են։ Այժմ հարց է առաջանում՝ արդյոք պետությունը կշարունակի՞ ներդրումներ կատարել և կկարողանա՞ արդյոք կարգավորել ընկերության կառավարումը։ Չասենք, թե Սամվել Կարապետյանի օրոք կառավարումն իդեալական էր, բայց ընդհանուր առմամբ այն նորմալ էր։ Բնականաբար, բոլոր կոմունալ ծառայությունների հետ կապված որոշակի խնդիրներ կան, հատկապես մարզերում։ Դա վերաբերում է և՛ ջրին, և՛ էլեկտրականությանը, և՛ կապին։


Ընդհանուր առմամբ, էլեկտրականության հետ կապված խնդիրներն ամենաքիչն էին, թեև իշխանություններն անընդհատ պնդում էին, որ այդ ընկերությունը լծակ է ընդդիմության ձեռքին. իբր, եթե ցանկանան՝ կանջատեն լույսը և կօգտագործեն դա իրենց նպատակների համար։ Բայց կարծում եմ, որ տվյալ իրավիճակն ընտրողների, ազգաբնակչության համար, ըստ էության, սկզբունքային նշանակություն չունի։


VERELQ. Առկա է Կարապետյանի հայցն ընդդեմ Հայաստանի կառավարության՝ Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)՝ կապված ընկերության ազգայնացման ծրագրերի հետ։ Նախնական գնահատմամբ՝ վնասի չափը կազմում է 500 միլիոն դոլար։


Հրանտ Միքայելյան. Այո, եթե հանկարծ Սամվել Կարապետյանը դիմի դատարան, շահի գործը որևէ միջազգային ատյանում և հետ ստանա ընկերությունը կամ փոխհատուցում ստանա, ապա Հայաստանը, հնարավոր է, ստիպված լինի տուգանքներ վճարել։ Եվ դա կարող է, այսպես ասած, բեռ դառնալ բյուջեի համար։ Ահա այս առումով ես տեսնում եմ բնակչության համար միակ՝ քիչ թե շատ լուրջ հետևանքը։ Սակայն թե կոնկրետ ինչ գումարների մասին կարող է խոսք գնալ, ես նույնպես չգիտեմ։ Ուստի այս պահին չեմ կարծում, որ քաղաքացիների համար որևէ էական տարբերություն կա։


VERELQ. Արդյո՞ք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» օտարումը Սամվել Կարապետյանից աննախադեպ երևույթ է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի պատմության մեջ։


Հրանտ Միքայելյան. Այո, Հայաստանում նման փորձ չկա։ Քաղաքական դրդապատճառով՝ ակտիվներից զրկելու միջոցով պատժելու միակ քիչ թե շատ հայտնի դեպքը տեղի է ունեցել 2009 թվականին։ Այն ժամանակ հայաստանցի խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանից, ով հարում էր ընդդիմադիր հայացքների (իսկ այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է), եթե չեմ սխալվում, խլեցին «Բջնի» հանքային ջրերի արտադրության գործարանը։


(Տեղեկանք. 2008–2009 թվականներին Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և «ՍԻԼ» կոնցեռնին պատկանող հանքային ջրերի գործարանը ենթարկվեց հարկային ստուգումների այն բանից հետո, երբ գործարարն աջակցեց ընդդիմությանը։ Արդյունքում ակտիվը բռնագրավվեց և վաճառվեց աճուրդով։ Այժմ Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի պատգամավոր է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից — հեղ. ծանոթ.)։


Այնտեղ էական ակտիվ կար, գումարը, հավանաբար, կազմում էր մոտ 30 միլիոն դոլար՝ համենայն դեպս այդպես էր ասվում։ Սակայն այստեղ գումարները մոտ 15 անգամ ավելի մեծ են, խոսքը մոտ 500 միլիոն դոլարի մասշտաբի մասին է։ Ուստի այստեղ առկա են ոչ միայն քանակական, այլև որակական տարբերություններ։


Հատկապես հաշվի առնելով, որ այս կազմակերպության կառավարման տեսանկյունից իշխանությունները, իմ կարծիքով, ապօրինի կառավարման վերաբերյալ պահանջներ չեն ներկայացրել։ Իշխանությունների այն պնդումները, որոնք մենք լսում ենք, ես անգամ դժվարանում եմ որակել իրավական տեսանկյունից։ Ստացվում է՝ նրանց պարզապես դուր չի գալիս, որ այդ ընկերությունը գտնվում է «Տաշիր» խմբի կառավարման ներքո։ Այսինքն՝ մեղադրանքներ, թե այն ապօրինի է գտնվում այնտեղ, չեն եղել։ Ուստի ծագում են լուրջ հարցեր։ Այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը. հենց Սամվել Կարապետյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, նրան անմիջապես նստեցրին և զրկեցին այդ ակտիվից։


 


 

Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Vorlomov.ru
20.11.2025
18 մլն դրամ՝ հատուկ չվերթի համար. հայ փորձագետները մեկնում են Բաքու