VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունները հատկապես վերջին շրջանում հաճախ են գլուխ գովում, թե զենք են գնում, սահմաններն են կահավորում․ նախկին «կանսերվի բանկաներով» սահմանը պաշտպանելու փոխարեն բետոնե բունկերներ կամ, ինչպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է սիրում ասել, սահմանային ամրոցներ են կառուցում։ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ «ամրոցների» կառուցման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը, այսինքն՝ անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաեւ մեր թշնամիներին: Սա միակ տարօրինակ փաստը չէ այս գործընթացում։ Մեր աղբյուրն ասում է նաեւ, որ «ամրոցների» շինաշխատանքները հիմնականում այլազգիներն են իրականացնում՝ հնդիկներ, Եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ, եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ, դիցուք, դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձեւ եւ բովանդակություն են ստանում։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների՝ իշխանությունը համակարգված ձեւով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ եւ, անհրաժեշտության դեպքում, ներսից դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, եւ քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձեւաչափով բարձրացնել նաեւ կաթողիկոսի թեման։
Սակայն, որպեսզի գործընթացը արտաքինից երեւա «օրինական» եւ «տրամաբանական», առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգեւորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգեւորականներ արդեն հայտնվել են այս թիրախում, եւ, ինչպես վստահեցնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել՝ նրանց ծառայությունը կասեցնելու օրակարգով։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետեւել այս գործընթացներին՝ արձանագրելով, թե ինչպես է պետական իշխանության եւ եկեղեցու լարված հարաբերությունը քայլ առ քայլ տեղափոխվում գաղտնի բանակցություններից դեպի բաց ներեկեղեցական ճգնաժամի վտանգ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցում հայտնված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթով իրավապահները փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական վարույթով 2 անգամ հարցաքննվել է Նաթան արքեպիսկոպոսը եւ ասել, որ անօրինական ձեռք բերված խոսակցության վերաբերյալ ասելիք չունի։ Իրավապահները հարցաքննության են հրավիրել նաեւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին, որն էլ իրավապահներին հայտնել է, թե նման բան չի եղել։ Այսպիսով՝ իշխանական մամուլում տարածված աղմկահարույց ձայնագրության գործով անցնող անձինք ամբողջովին հերքել են խոսակցության առկայությունը, ինչը իրավապահներին փաստացի փակուղու մեջ է դրել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգեւորականներ ընդվզել են։
ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն. ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կալանավորվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը։ Այսպիսով՝ վերոնշյալ ձայնագրությունը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի համապատասխան վարույթի շրջանակում քննություն իրականացվեր։ Կոմիտեն էլ քննում է ու հայտնվում փակուղում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինֆորմացիա է տարածվում, որ «Հայաստան» դաշինքի նախկին, այժմ անկախ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը եւս ընդգրկվելու է «Քաղպայմանագրի» նախընտրական ցուցակում։ Նազարյանը պատերազմից հետո, հիշեցնենք, շատ կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նրան մեղադրում իր որդուն սպանելու մեջ, իսկ վերջին տարիներին խիստ մեղմացրել է իր հռետորաբանությունը եւ տեւական ժամանակ է՝ Փաշինյանին ու իշխանությունների տարբեր քայլեր արդարացնող հայտարարություններ է անում։ Գեղամ Նազարյանին հարցրինք՝ առաջադրվելո՞ւ է ՔՊ ցուցակով։
Պատգամավորն ասաց, որ չի ուզում կատեգորիկ խոսել այս հարցի շուրջ․ «Այդ լուրերը նոր չեն, ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ չեմ մեկնաբանում․․․ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում․․. չգիտեմ՝ ովքեր են նման լուրեր տարածում, դատարկություն է»: Այսինքն, անհավանակա՞ն է համարում իր առաջադրումը։ «Ո՛չ հավանական եմ համարում, ո՛չ` անհավանական, այդքան բան»: Կրկնեցինք հարցը։ «Ես այդ լուրերին չեմ պատասխանում, կպատասխանեմ դեկտեմբերի 3-ից հետո»:
Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուների առաջադրումներն ավարտվում են նոյեմբերի 30-ին, որից հետո ՔՊ վարչությունը պետք է թեկնածուներին գրանցի: Հարցրինք` կարո՞ղ ենք եզրակացնել, որ առաջադրվել եք, պարզապես հիմա ձեռնպահ եք մնում խոսելուց՝ մտավախություն ունենալով, որ չեն գրանցի։ «Հարցազրո՞ւյց եք վերցնում... չէ, չեմ պատասխանի, այս թեմայով հարցազրույց, մեկնաբանություն չեմ տալիս, եթե դեկտեմբերի 3-ին հարց ունենաք, կպատասխանեմ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռ շաբաթներ առաջ պետական բոլոր գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ նոյեմբերի 22-ին բոլոր գերատեսչությունների քաղծառայողները մեկ մարդու պես պետք է ներկա գտնվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ վարչապետի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է տեղի ունենալու։ Հատուկ զգուշացրել են` բացակաները չեն ներվելու, կարող են բացակայել միայն մահացածները։ Թե ինչ հույժ կարեւոր միջոցառում է, հստակ պարզաբանում չեն տվել, ասել են միայն, որ վարչապետի հետ հարցուպատասխանի, քննարկման հնարավորություն կլինի, ուստի բոլորը մեկ մարդու պես, 13.00-ին լինեն Համալիրում: Իսկ միջոցառումը մի քանի ժամ է տեւելու։ Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ ա տետ լվանալ քաղծառայողների գլուխները, ինչպես փորձում է անել, ասենք, ուսանողների կամ հանրության այլ շերտերի հետ՝ իր պարբերական հանդիպումներով եւ ելույթներով։ Ի դեպ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման հավաքներից Փաշինյան ամուսիններն արդեն իսկ հրաժարվել են եւ նոր ձեւեր են փնտրում, որոնց Աննա Հակոբյանն այլեւս մասնակցություն չի ցուցաբերում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգ է իջեցվել՝ հավաքագրել իրենց մարզերի բնակիչների բոլոր խնդիրները՝ սոցիալականից մինչեւ առողջապահական, եւ լուծել դրանք։ Այդ նպատակով մարզպետարաններին գումարներ են տրամադրվել, ասել են՝ հաջորդ տարի հատկացվելիք գումարն ավելի մեծ կլինի, քանի որ «ծրագրային վարկեր» են նախատեսված: Ըստ ամենայնի, այդ վարկերը կծախսեն ոչ թե նպատակային՝ ըստ ծրագրերի, այլ ԱԺ ընտրությունների նախաշեմին յուրօրինակ ընտրակաշառքի տեսքով։ Մարզպետներից մեկն անկեղծացավ, որ անգամ մարդկանց հավաբների, տանիքների խնդիրներ են լուծում։ Սակայն խոցելի խմբերից առավել իշխանությունը կարեւորում է համայնքում «ավտարիտետների» խնդիրները․ ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած ու դրանով ներքին թշնամանք հրահրող՝ պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ութերորդ տարում հասկացել է, որ ժողովուրդը զզվել է այդ դիսկուրսից՝ նախկին-ներկա պառակտումից։ Արցախը հանձնած, հինգ հազար զոհերի պատասխանատվությունն ուսերին կրող Փաշինյանն իր ամենամեծ մեղքը հենց դա է համարում: Երեկ, կառավարության նիստից հետո նա, պատասխանելով լրագրողների հարցերին, խոստովանել է իր մեղքը, ասել, որ մեղքերի թողություն է խնդրում․ «Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ նույնն արել… Այո՛, դրա համար հիմա ես կիրակի օրերը գնում եմ ու խորանի առաջ ծնկի եմ գալիս, մեղքերի համար թողություն եմ խնդրում»։ Բայց հընթացս բաց չի թողել նախկիններին խայթելու առիթը եւ ցույց է տվել, որ զղջման խոսքերն ընդամենը խոսքեր են, որոնցից ոչ մի գործողություն չի բխում։ Ասել է, որ նախորդած շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ն առաջնորդել են, տարել են դեպի թակարդ ու պահել թակարդում, 2026 թ. ԱԺ ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն ու այլեւս քաղաքական դաշտում տեղ չունենան․ «Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են նախկին-ներկա բանավեճերից, էլ չեմ ասում, որ այդ բանավեճերը շատ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից»։ Տեղեկացրել է նաեւ, թե այս թեմայով իրենց կուսակցության ֆորմատով էլ են քննարկում ունեցել ու եկել են այն եզրակացության, որ պետք է քաղաքական կյանքի նորմալ կանոններ հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չպետք է ունենա։ Եվս մի 8 տարի անց էլ երեւի կհասկանա, որ չի կարելի սահմանափակել ազատ խոսքը, վիրավորել ու քիթը խոթել հոգեւորականների կյանքի մեջ, որ մարդու հեռախոսի պարունակությունը կարդալ չի կարելի, եւ սրբազաններին ու գործարարներին իր հրահանգով կալանավորելն էլ վատ բան է:
«Երեւի թե առաջին անգամն է, որ պետք է համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ժողովուրդը ոչ միայն հոգնել է, այլեւ զզվում է այս թշնամանքից։ Այո, հավատացնում եմ՝ հասարակությունը հոգնել է, զզվել բոլոր այն գործիչներից, որոնց հանրային խոսույթում կան հայհոյանք, անեծք, թշնամանք, ատելության քարոզ, հավատացնում եմ ձեզ` այլեւս լսելի չեն, դա միանշանակ է»,- ասում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Միեւնույն ժամանակ նա արձանագրում է, որ հենց Փաշինյանն է հասարակությանը նստեցրել ատելության, անեծքի, թշնամանքի թմրասեղի վրա․ «Հենց իրենք՝ 2018 թվականի դագաղների իշխանազավթմամբ: Այս ռեժիմի կարգախոսն է՝ «ատիր քո մերձավորին», եւ այս ռեժիմն իր իշխանությունը պահում է՝ հասարակությանը նստեցրած ատելության նարկոտիկի ասեղի վրա, բայց, այո, ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք փորձելու են իրենց կարծիքով քվե շահել հայհոյանքով, անեծքով, «նախկինները, թալանը, թալանը» տավտոլոգիայով, ակնհայտորեն դատապարտված են լինելու»։
Զոհրաբյանը չի կարծում, թե Փաշինյանն անձամբ եւ անկեղծորեն դատապարտում է հայհոյանքն ու թշնամանքը․ «Պարզապես իրենք էլ են հասկացել, որ նախկին-ներկա բանավեճը, թե` նախկինները թալանել են, նախկինները հանձնել են․․․ այս այլանդակությունն այլեւս իր սպառողը չունի։ Նույնիսկ «ախուրյանցի անո» սեգմենտն այլեւս հրաժարվում է սպառել հայհոյախառն քաղաքական օրակարգը, հրաժարվում է ուտել նախկինների մասին կուտը։ Ես ավելի քան վստահ եմ՝ գուցե սոցիոլոգիական հարցումներ ունեն եւ հասկանում են, որ իրենց մարտավարությունը մերժելի է, հիմա որոշել են արձանագրել հայտնի ճշմարտություններ։ Իսկ, այո, ճշմարտությունն այն է, որ ես՝ ինքս, շատ պարզ մոնիթորինգ եմ անում, նայում եմ այն լուրերի դիտումները, որտեղ կան հայհոյանք, նեգատիվ, այդտեղ նկատելիորեն պակաս են այդ կարգի լուրերի, այդ լեքսիկոնն օգտագործող գործիչների դիտումները, քան այն գործիչների, որոնց խոսույթում անեծք, հայհոյանք չկա։ Սա շատ տեսանելի է, որովհետեւ հասարակությունը հոգնել է տոքսիկ միջավայրից, տոքսիկ գործիչներից, տոքսիկ քաղաքական ուժերից։ Ես հասկանում եմ՝ շատ դժվար է զսպել գայթակղությունը եւ չպատասխանել, երբ որ մի փնթի կենդանի քեզ ու երեխայիդ ամենապաթոլոգիկ հայհոյանքներն է տալիս, բայց ես վերջին շրջանում հաճախ եմ ասում, որ ամեն օր ինքս ինձ վրա աշխատում եմ, որ ինձ, իմ երեխային, ընտանիքին սեռապաթոլոգիկ հայհոյանք տվող վիժվածքին չպատասխանեմ, որովհետեւ այդ դեպքում ես ինչո՞վ եմ տարբերվելու իրենից»։ Իշխանության կարգախոսը՝ «Ատիր քո մերձավորին», այլեւս չի սպառվում, Փաշինյանը, ըստ Զոհրաբյանի, հասկացել է, որ այլեւս չի կարող մայոնեզով եւ կետչուպով այդ ամենն ուտեցնել «ախուրյանցի անո» սեգմենտին, ուստիեւ ասում է շատ հայտնի ճշմարտություններ։
Ի դեպ, վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո իշխանությունը մոտ երկու ամիս հրաժարվել էր նախկին-ներկա կարգախոսից, փոխարենը ծածանում էր կեղծ խաղաղության դրոշակը, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումով խաղաղություն են բերել, վերջ կոնֆլիկտին, բայց կարճ ժամանակ անց պայթեց քարոզչական փուչիկը, իշխանության ներքին հարցումներն էլ ցույց են տվել, որ հասարակության կեսից ավելին չի հավատում խաղաղության խոստումներին, վերջին շաբաթներին կրկին վերադարձել էին նախկին-ներկա դիսկուրսին, բայց, ըստ ամենայնի, իրոք ինչ-որ հարցումներով պարզել են, որ դա այլեւս չի անցնում, ու Փաշինյանը նոր կարգախոսի փնտրտուքի մեջ է ընկել` 26-ի ընտրությունները ստիպում են մարտավարություն փոխել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Վեդու համայնքապետարան տանող դռները փակ էին բնակիչների առաջ: Ոստիկանների շղթայով՝ բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին չէին թողնում մտնել այն դահլիճ, որտեղ պետք է քվեարկություն ընթանար Կարմիր սարը հանքի վերածելու առաջին քայլի կապակցությամբ։ Պաշտոնական արդարացումը՝ «չէին գրանցվել»։ Մի քանի ժամ վեճերից հետո մարդիկ վերջապես կարողացան ներս մտնել, բայց արդյունքը չփոխվեց. Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի նախագծին՝ ընկերությանը ճանապարհ բացելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն սկսելու համար։
Խոսքը Կարմիր սարի կրաքարային հանքի եւ հետագայում՝ ցեմենտի գործարանի մասին է. Ord Group-ը նպատակ ունի արդյունահանում իրականացնել Արտաշատի եւ Վեդու խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող լեռան վրա՝ անմիջապես Այգեզարդի, Գինեվետի եւ մյուս բնակավայրերի գյուղատնտեսական հողերի վերեւում։ Աշխատատեղերի «մի քանի հարյուրի» խոստումներ, «շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն», «ժամանակակից ֆիլտրեր». ծանոթ ձեւակերպումներ, որոնք լսվում են գրեթե յուրաքանչյուր հանքի պատմության սկզբում։ Կարմիր սարը առաջին անգամ չէ, որ պայքարի կենտրոնում է։ Հոկտեմբերի 13-ին Գինեվետում կայացած նախնական լսումները նույնպես անցել էին ոստիկանների «զտիչով»։
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հոկտեմբերին՝ Ord Group-ի նախագիծը ներկայացվում էր ընդամենը 25-35 մլն դրամ ներդրման «պատկերացմամբ», որը հակադրվում էր Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության պահանջին. փոքր գումար՝ մեծ բնապահպանական ու սոցիալական գնի դիմաց։
Նույն լեռը տարիներ շարունակ փորձել է «վերցնել» նաեւ Ord Group-ի քույր «ՕՐԴ» ՍՊԸ-ն, սակայն ստացել է 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն ՇՄԱԳ-ից։ Այլ ընկերություններ՝ «ML Մայնինգն» ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու «Բեդեկը», ժամանակի ընթացքում հետ կանգնեցին Կարմիր սարը հանքի վերածելու մտադրությունից. Լեւոն Օրդուխանյանի ախորժակը, սակայն, չի փակվում:
Քաղաքում բազմահարկերի բումից հայտնի Օրդուխանյանը Կոմիտասի, Աբովյան-Թումանյան փողոցների հատվածները շինարարական փոշով պատելուց հետո հասել է Վեդի:
Իհարկե, Վեդու ավագանու նախօրեի որոշումը դեռ վերջնական թույլտվություն չէ. վերջին խոսքը շրջակա միջավայրի նախարարությանն է։ Բայց ոստիկաններով պաշտպանված «հանրային» լսումները արդեն ցույց տվեցին, թե իշխանությունը ո՛ր կողմում է կանգնել այս պայքարում»։