25.11.2024
ՄԻԵԴ. Վահան Շիրխանյանի ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվում
prev Նախորդ նորություն

Դեռ հեռու ենք ղարաբաղյան հակամարտության լուծումների փուլից. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ դեռ հեռու ենք ղարաբաղյան հակամարտության լուծումների փուլից: Առավել ևս ճիշտ չէ խոսել փոխզիջումների մասին:


Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ցավոտ լուծումներ են սպասվում, Ղուլյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել այդ հայտարարությունը 


«Մենք ժամանակից առաջ ենք ընկնում, երբ խոսում ենք փոխզիջումների, լուծումների մասին: Իմ խորին համոզմամբ՝ մենք հեռու ենք այդ փուլից, քանզի այն, ինչ մենք տեսնում ենք բանակցային գործընթացում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկություն չունի լուծումների գնալ»,- ասաց Ղուլյանը:


Նա վստահ է, որ  բանակցային գործընթացը պետք է շարունակել և փորձել Ադրբեջանին որոշ բաներ բացատրել: Աշոտ Ղուլյանի խոսքով, 2016 թվականի ապրիլից հետո հայկական կողմը շատ ավելի լավ է պատկերացնում անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները.


«Մենք չենք կարող չխոստացված բաների դիմաց պատրաստ լինենք ինչ-որ բաներ տալ: Չպետք է ժամանակից շուտ նման խոսակցություններ վարենք: Եվ զիջել-չզիջելու հարցերի պատասխանը ունի մեկ սուբյեկտ՝ Արցախի ժողովուրդը»,- շեշտեց նա:   


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպմանը, ԱՀ ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ դրանից ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո դիրքորոշումը չի թուլացվել: Եվ Ժնևում կայացած հանդիպումը հարկ է դիտարկել որպես առիթ վերսկսելու բանակցային գործընթացը:


«Մեր դիրքորոշումները ապրիլից հետո կոշտացել են և առայժմ որևէ հիմք չկա, որպեսզի այդ դիրքորոշումը մեղմանա»,- ասաց նա:


Վերջում Աշոտ Ղուլյանը նշեց, որ Արցախի մասնակցությունը բանակցություններում պետք է լինի բոլոր փուլերում: