Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ հայ-իսրայելական օրակարգի մաս
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եղել և մնում է հայ-իսրայելական երկխոսության օրակարգի մաս: Այս մասին Իսրայելի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երկու ժողովուրդները վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանություններ: Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում: Երեկ ես հանդիպում ունեցա Կնեսետի խոսնակի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության առնչությամբ»,- ասել է նա:
Էդվարդ Նալբանդյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին և Մերձավոր Արևելքում և տարածաշրջանում Իրանի դերին։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ունի լավ հարաբերություններ հարևան Իրանի հետ, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, մինչդեռ մյուս երկու հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր երկիրն ունի փակ սահմաններ.
«Իրանը, Վրաստանը այն երկու հարևաններն են, որոնց հետ մենք ունենք ոչ միայն բնականոն հարաբերություններ, այլ նաև լավ համագործակցություն։ Եվ մենք ջանքեր ենք գործադրում մեր երկկողմ փոխգործակցությունն ու գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։ Եվ ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ է Իսրայելի հետ մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես որ խոչընդոտ չեն Իսրայելի հարաբերությունները Հայաստանի հարևան որևէ երկրի հետ»,- շեշտել է նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու չկա Հայաստանի դեսպան Իսրայելում և Իսրայելի դեսպան՝ Երևանում, ՀՀ արտգործնախարարը նշել է, որ այդ հարցում ՀՀ կարծիքը շատ հստակ է. Իսրայելի կողմից Հայաստանում դեսպանություն բացելուն պես փոխադարձության սկզբունքով դեսպանություն կբացվի նաև Իսրայելում: